Դեկտեմբերի 7-10-ը Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, թե հայկական կողմը միջազգային պարտավորություններ է խախտել՝ չարտաhանձնելով իրենց երկու քաղաքացիներին: Խոսքը Արցախում դատապարտված երկու հայտնի դիվերսանտների մասին է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Եվրանեսթում» հայկական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը:
«Հակադարձեցի, որ ՀՀ-ն որեւէ խախտում չի կատարել, եւ որ Ասկերովն ու Գուլիեւը ռազմագերիներ չեն, այլ դատապարտվածներ՝ ահաբեկչական ակտերի եւ մարդասպանության համար: Ադրբեջանն առիթը բաց չի թողնում՝ բարձր հարթակներում հակահայկական հայտարարությունների անելու համար, բայց արժանի պատասխանը ստանում է»,-նշեց Տարոն Սիմոնյանը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ «օրերս Բրատիսլավայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայկական կողմին մեղադրեց առաջընթացից հրաժարվելու համար՝ ակնարկելով, որ վերջինս հրաժարվել է Ադրբեջանի՝ «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով դիվերսանտներին վերադարձնելու առաջարկից: Ձեր գնահատմամբ, ի՞նչ վտանգներ է պարունակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»:
Տարոն Սիմոնյանը նախ շեշտեց, որ Ադրբեջանի հիշատակած սկզբունքը ոչ միշտ է օգտագործվում. «Այս տարի ՀՀ-ն Ադրբեջանի քաղաքացու հանձնեց առանց նախապայմանի: Նման քայլ ակնկալում ենք նաեւ Ադրբեջանից: Սակայն դիվերսանտները չեն կարող վերադարձվել, նրանք դատապարտված են Արցախի քրեական օրենսգրքով: Նրանք որեւէ կապ չունեն միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների հետ: Մամեդյարովի հայտարարությունը չի կարող վերաբերել դիվերսանտների հանդեպ որեւէ գործընթաց սկսելուն: Նրանց հանցագործներ են եւ պատիժը պետք է կրեն մինչեւ վերջ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































