Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. Առաջարկում եմ վերացնել ՍԴ-ն ու վճռաբեկ դատարանը, ինչպես նաեւ վերացնել ԲԴԽ-ն. «Հրապարակ»

Հունվար 17,2020 11:26

Իշխանությունը գնում է սահմանադրական փոփոխությունների, շուտով կձեւավորվի հանձնաժողով, դեռեւս հայտնի չէ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, բայց կուլիսներում հակված են վերադառնալ նախկին՝ կիսանախագահական մոդելին՝ երկարաձգելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեմ է դրան, բայց չի բացառում։

– Որո՞նք են այն կարեւորագույն խնդիրները, հանուն որոնց որոշում կա Սահմանադրությունը փոխելու։

– Ստեղծվելիք հանձնաժողովը, իհարկե, կքննարկի եւ ի վերջո կընդունի որոշում։ Ես կարող եմ իմ առաջարկների մասին խոսել։ Ես առաջարկում եմ վերացնել Սահմանադրական դատարանը, ինչպես նաեւ՝ վճռաբեկ դատարանը, փոխարենը ստեղծելով Գերագույն դատարան։ Ինչպես նաեւ վերացնել ԲԴԽ-ն, ստեղծել Դատական պալատ, որի խորհուրդը կկատարի ԲԴԽ ֆունկցիաները։

Մյուս հարցը, որը ես նաեւ նախընտրական ծրագրում եմ ներկայացրել՝ վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը։ Ես կպայքարեմ, որպեսզի պատգամավորները չլինեն անձեռնմխելի, դրա կարիքը չկա։ Եվ կփորձեմ համոզել նաեւ, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն դառնան։

– Կա տեսակետ, որ Սահմանադրությունը փոխելու նպատակներից մեկն էլ գործող ՍԴ-ն վերացնելն է, քանի որ մեկուկես տարի է՝ իշխանության բոլոր ջանքերը գործադրում են եւ չեն հաջողում իրենց երազանքների ՍԴ-ն կազմավորելու հարցում։ Կարծում եք՝ քաղաքական կոնսենսուս կլինի՞, ի վերջո, Սահմանադրությունը փոխելու համար լայն կոնսենսուս է հարկավոր։

– Այն առաջարկը, որ ես արել եմ, արդեն մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է, այդ ժամանակ նույնիսկ ՍԴ-ի հարցը չկար։ Ես գտնում եմ, որ ՍԴ-ն մեզ պես փոքր երկրի համար ավելորդ շքեղություն է, անցած տարիների ընթացքում այդ կառույցը տարեկան կտրվածքով ընդամենը 60 հայց է քննել, ի՞նչ իմաստ ունի 60 հայցի համար այդպիսի հսկայական կառույց պահել։

– Իսկ իմաստ ունի՞ այսքան մեծ խորհրդարան պահել, իշխող ֆրակցիան 88 հոգի է, ողջ տարվա ընթացքում ընդամենը 30 նախագիծ է ներկայացրել։

– Համաձայն եմ՝ ԱԺ-ի թվաքանակը մեծ է, կարելի է մտածել, մեխանիզմներ գտնել, այն մեխանիզմը, որ խորհրդարանում 30 տոկոսն ընդդիմությունը պետք է ներկայացված լինի, լավ է, բայց թվակազմի ոչ նպատակահարմարության հետ էլ չեմ կարող զիջել։

Վերադառնալով մեր հարցին, չէ՞ որ հեղափոխությունը որ եղել է, դատական իշխանությունն ինքնապարփակ մի կառույց էր, որտեղ դժվար է այդ դրսեւորումները կյանքի կոչել, դրա համար էլ պետք է գնանք բարեփոխումների ճանապարհով։ Եվ, այո, սահմանադրական այս փոփոխությունները նաեւ դատական իշխանությունը բարեփոխելու նպատակով է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031