Լրահոս
Օրվա լրահոսը

Կա խնդիր՝ կա խստոր․ կամ թե ինչու արժե ամեն օր սխտոր ուտել

Փետրվար 02,2020 23:00

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր օրերում ավելի ու ավելի արդիական է դառնում իմունիտետի ամրապնդման խնդիրը, այսօր Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում կանդրադառնանք առողջության պահպանման գործում շատ կարևոր դերակատարություն ունեցող մշակաբույսերից մեկին՝ սխտորին։

Սխտորը (հնում՝ խստոր) խոհարարության մեջ լայնորեն օգտագործվող կարևորագույն համեմունքներից մեկն է, բայց և առողջությունն ամրապնդող ապացուցված միջոց է։ Ընդ որում այդ մասին գիտեին անհիշելի ժամանակներից։ Պատահական չէ, որ սխտորի մասին բազմաթիվ հիշատակություններ կան ժողովրդական բանահյուսությունում․ հավատալիքներում սխտորը ներկայացվում է որպես գերբնական հատկություններով օժտված բույս, որն ունի վամպիրներին կամ չարքերին վանելու ունակություն, տունը կայծակից պաշտպանող հատկություն և այլն։

Ինչպես ասում են, ժողովուրդը չի սխալվում, և եթե այսօր դժվար է ապացուցել, թե որքանով է սխտորը կարողանում վանել չարքերին, ապա ամենևին էլ դժվար չէ հասկանալ, որ տասնյակ հիվանդություններ և առողջական խնդիրներ սխտորն ունակ է վանելու հրաշալի կերպով։

Ինչպես նշում է ամերիկյան հայտնի օստեոպատ դոկտոր Ջոզեֆ Մարկոլան, սխտորը պայքարում է 160 հիվանդության դեմ, ներառյալ՝ քաղցկեղի։

Հետազոտությունները փաստել են սխտորի բուժիչ ազդեցությունն ավելի քան 160 հիվանդության վրա

Ընդհանուր առմամբ սխտորի առավելությունները կարելի է բաժանել 4 հիմնական կատեգորիայի․

1. Բորբոքման նվազեցում (նվազեցնում է օստեոարթրիտի և բորբոքման հետ կապված այլ հիվանդությունների ռիսկը)։
2. Իմունային գործառույթի ամրապնդում (հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային և հակաճիճվային ազդեցություն)։
3. Սիրտ-անթային համակարգի առողջության ամրապնդում և արյան շրջանառության բարելավում (պաշտպանում է թրոմբների առաջացումից, դանդաղեցնում խցանումների ձևավորումը, նվազեցնում է զարկերակային ճնշումը)։
4. Թունավոր է քաղցկեղային 14 տեսակի բջիջների համար (ներառյալ գլխուղեղի, թոքերի, կրծքագեղձի, ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները)։

Լաբորատոր հետազոտություններով է հաստատված, որ սխտորը սպանում է քաղցկեղի բջիջները։ Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ այն կանանց մոտ, որոնք կանոնավոր կերպով սխտոր, միրգ և բանջարեղեն են օգտագործել, 35 տոկոսով նվազել է հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը։
Սխտորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է նաև ստամոքսի և ուղիղ աղիքի քաղցկեղի վտանգը։
Դրանից բացի, 6 ամսվա ընթացքում սխտորի հյութահանուկի ընդունումն օգնում է բարելավել ուղիղ աղիքի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի՝ չվիրահատվող տեսակի քաղցկեղ ունեցող մարդկանց իմունային համակարգը։

Բացի դրանից, արժե նշել, որ սխտորի՝ ծծումբ պարունակող բաղադրիչներն ընդունակ են ճնշելու հետերոցիկլիկ ամինները, որոնք առաջանում են, երբ միսը բարձր ջերմային մշակման է ենթարկվում։ Դա նշանակում է, որ մսային սննդատեսակներին սխտոր ավելացնելով՝ կարելի է նվազեցնել մսի պատրաստման ընթացքում առաջացած կողմնակի ազդեցությունները։

Իմունիտետն ամրապնդող ազդեցությունը 

Սխտորը հայտնի է իր հակաբակտերիալ և հակավիրուսային արդյունավետ ազդեցությամբ։ Այն նաև օգնում է պայքարել սնկերից ու մակաբույծներից առաջացած վարակներից։
Սխտորի մեջ պարունակվող կենսաքիմիական նյութերի՝ տանինների, սապոնինների, ֆենոլների ու ֆլավոնոիդների, եթերային յուղերի համադրությունը պայքարում է անգամ այն բակտերիաների դեմ, որոնք չեն ենթարկվում հակաբիոտիկների ազդեցությանը։

Հետազոտության հեղինակների խոսքով․ «Համեմունքների (սխտոր, կոճապղպեղ) ներառումը սննդակարգում օգնում է նվազեցնել սննդային ծագում ունեցող հիվանդությունների վտանգը և բարելավել առողջական վիճակը։
… Խորհուրդ է տրվում թարմ սխտոր ավելացնել տարատեսակ ճաշատեսակների մեջ՝ խուսափելով խոհարարական ավելորդ մշակումներից»։

Սխտորի օգտագործումն օգնում է պայքարել հարբուխի և գրիպի հարուցիչների դեմ։ Մի հետազոտության արդյունքների համաձայն՝ նրանք, որոնք 3 ամսվա ընթացքում ամեն օր սխտոր են օգտագործել, ավելի քիչ են հիվանդացել հարբուխով, քան նրանք, որոնք պլացեբո էին ընդունել։
Իսկ եթե, այնուամենայնիվ, հարբուխից խուսափելի չէին կարողացել, ապա ավելի կարճ ժամանակամիջոցում (4,5 օր) էին հաղթահարել հիվանդությունը։

Հակաօքսիդանտներ, վիտամիններ ու հանքանյութեր՝ առողջության համար 

Սխտորը հարուստ է մանգանով, կալցիումով, ֆոսֆորով, սելենով, B6 և C վիտամիններով․ այս համադրության շնորհիվ այն շատ օգտակար է ոսկորների ու վահանաձև գեղձի համար։
Սխտորի մեջ պարունակվող առողջությունն ամրապնդող սննդանյութերի թվին են պատկանում օլիգոսախարիդները, արգինինով հարուստ սպիտակուցներն ու ֆլավոնոիդները։

Ծլեցրած սխտորն առավել օգտակար է

Սխտորից առավելագույն օգուտ քաղելու եղանակներից մեկն այն ծլեցնելն ու այդպես օգտագործելն է։ «Գյուղատնտեսական և սննդային քիմիա» ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է՝ 5 օրվա ընթացքում ծլեցրած սխտորի մեջ հակաօքսիդանտների քանակությունն ավելի բարձր է, քան սխտորի ավելի թարմ գլուխներում։
Հետազոտողները եզրակացրել են, որ սխտորի ծլեցումը վերջինիս հակաօքսիդանտային պոտենցիալը բարելավելու եղանակներից մեկն է։ Եվ դա զարմանալի չէ․ բնության մեջ երբ սերմերը սկսում են ծլարձակել, բույսի մեջ սկսում են նոր միացություններ ձևավորվել, որոնք պաշտպանում են բույսերն ախտածիններից։ Թերևս նույն գործընթացն է կատարվում նաև ծլարձակող սխտորի հին գլուխների հետ։

Հետազոտության հեղինակ, բ․գ․թ․ Չոն-Սանգ Կիմի խոսքերով․ «Ծլարձակման շրջանում բույսերը շատ զգայուն են բակտերիաների, միջատների ու վիրուսների «գրոհների» նկատմամբ։ Պաշտպանվելու համար նրանք ստիպված են տարատեսակ քիմիական նյութեր, այսպես կոչված ֆիտոալեքսիններ արտադրել։ Դրանցից մեծամասնությունը թունավոր են միկրոօրգանիզմների ու միջատների համար, բայց շատ օգտակար են մարդու առողջության համար»։

 

Թթու դրած սխտորի առավելությունները

2009 թ․-ին մկների վրա իրականացված փորձարկման արդյունքում ճապոնացի գիտնականները բացահայտեցին, որ թթվեցրած սխտորն ավելի արդյունավետ է ազդում ուռուցքների չափսերի նվազեցման վրա, քան թարմը։
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ թթու սխտորի մեջ հակաօքսիդանտները 2 անգամ ավելի շատ են պարունակվում, քան թարմի մեջ։
Թթու սխտորի մեջ շատ բարձր է ծծումբ պարունակող միացությունների կոնցենտրացիան, հատկապես s-ալիլցիկտեինի, որը շատ լավ է ներծծվում, քանի որ 100 տոկոս կենսահասանելիությամբ է օժտված։

Հաշվի առնելով սխտորի՝ վերը թվարկված առանձնահատկությունները, կարծում ենք արժե խորհուրդ տալ այն ներառել յուրաքանչյուրս ամենօրյա սննդակարգում ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած վիճակում։ Միայն թե թարմ սխտորն օգտագործելիս խորհուրդ է տվում այն օգտագործելուց առաջ ճզմել կամ մանր կտրատել՝ օգտակար միացություններն ու ֆերմենտներն ակտիվացնելու համար։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Սխտորը հրաշք բան է։ Բուժիչ յատկութիւնները շատ շատ են։ Օգտագործէք, մանաւանդ կորոնավիրուսի այս աղմուկի օրերին 😊

    Ես ճաշ եփելիս, սոխառածի հետ (կամ փոխարէն) երբեմն «սխտորառած» եմ անում։ Սոխառածի ժամանակ սոխը կամ սխտորը որ մանր կտրտում էք, մինչեւ կրակին դնելը մի 5 րոպէ էդպէս թողէք, որ էդ ընթացքում ինքը «հասունանայ» (որոշակի ֆերմենտային ռեակցիաներ են ընթանում, որոնք ուժեղացնում են սխտորի բուժիչ յատկութիւնները)։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829