Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանի «անարդարությունից» դժգոհ Ալիեւը

Փետրվար 12,2020 12:00

ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների հետ բանակցած Ադրբեջանի նախագահը նրանց քաղհալածյալ է համարում՝ քննադատելով ԵԽ-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը եւս քաղաքական դրդապատճառներ ունի, այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարեց անցյալ շաբաթ Բաքվում` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում:

Ալիեւը որոշել է իր երկրի «բարվոք» վիճակը եվրոպական կառույցներին ի ցույց դնելիս՝ հայաստանյան ներքաղաքական կյանքում կատարվող իրադարձությունների հետ զուգահեռներ անցկացնել, միաժամանակ դժգոհելով միջազգային կառույցից: Նրա պատկերացմամբ եվրոպական կառույցները` նախեւառաջ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, պատշաճ ուշադրություն չեն դարձնում Հայաստանում ծավալվող իրադարձություններին` փոխարենը քննադատելով Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները: Ուշագրավ է, որ իր խոսքում Ալիեւը Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին անունով չհիշատակեց` միայն նախկինում զբաղեցրած պաշտոնով:

«Հայաստանի նախկին նախագահն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ կալանքի տակ է: Նա ձերբակալվեց ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո: Քննություն է իրականացվում նաեւ այն նախագահի հանդեպ, որը Հայաստանը ղեկավարում էր ընդամենը երկու տարի առաջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, եւ ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին նախագահի դեմ հարուցված այդ գործն արդեն իսկ փոխանցվել է դատարան: Այդ բոլոր գործողությունների պատճառն այն է, որ նախկին նախագահները քննադատության են ենթարկել գործող իշխանություններին», – դիմելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարին՝ հայտարարում էր Իլհամ Ալիեւը:

Ըստ Ադրբեջանի ղեկավարի, պարզվում է, որ այսօրվա Հայաստանում հետապնդման են ենթարկվում ոչ միայն նախկին նախագահները, այլեւ լրագրողները: Որպես օրինակ Իլհամ Ալիեւը հիշատակում էր մասնավորաբար Խաչիկ Ասրյանի ստեղծած «Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ եւ Haynews կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի դեպքը: Եղիազարյանը ավելի քան 4 միլիոն դրամի հափշտակության մեղադրանքով ձերբակալվել էր 2018-ին եւ մահացել է «Նուբարաշենի» բանտում մոտ մեկ տարի առաջ։ «Հայաստանում լրագրողներին էլ են ձերբակալում: Ինձ տեղեկացրին, որ վերջերս մի լրատվամիջոցի ղեկավար էր ձերբակալվել: Մի քանի ամիս առաջ լրագրողներից մեկը հացադուլ էր սկսել բանտում եւ սովից մահացել էր», – Չավուշօղլուին պատմել է Ադրբեջանի նախագահն ու հավելել. «Բայց Եվրոպայի Խորհրդում հաշվի չեն առել այս փաստերը: Ինչո՞ւ: Ինչո՞ւ Հայաստանի հանդեպ մի վերաբերմունք է, Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ մեկ այլ»:

Ոչ ավել, ոչ պակաս, Ալիեւի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը «դեգրադացվել է»: Նա համարում է, որ վերջին 20 տարվա ընթացքում ԵԽ-ն կորցրել է իր նշանակությունը միջազգային մակարդակում եւ այլեւս չի կարող ազդել գլոբալ գործընթացների վրա: «Կազմակերպության ազդեցությունը ցածր մակարդակի վրա է»,- ասել է նա: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Եվրոպայի խորհուրդը անարդար է եւ երկակի ստանդարտներ է կիրառում: «Մենք՝ որպես ԵԽԽՎ-ում աշխատած մարդիկ, լավ գիտենք այդ կառույցը: Ցավոք, այդ կազմակերպությունն արդեն 20 տարի է, ինչ Ադրբեջանն ընտրում է որպես թիրախ, իսկ Թուրքիային՝ էլ ավելի երկար ժամանակ»,-ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիեւի խոսքով՝ ԵԽԽՎ-ն Ադրբեջանը ներկայացնում է որպես հետամնաց երկիր՝ չնկատելով դրական փոփոխությունները. «Այս ամենը սուտ է` Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, մենք դա լավ գիտենք: Իսկ այն երկրները, որտեղ քաղբանտարկյալներ կան, ուշադրությունից դուրս են մնում»:

Հիշեցնենք, որ Բաքվում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպումն էր, որի շրջանակներում էլ Ալիեւը հյուրընկալել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին:

Ալիեւը վաղուց է դժգոհ եվրոպական կառույցներից, եվրոպացի հետաքննող լրագրողներից ու փորձագետներից: Նրանք վերջին տարիներին տհաճ անակնկալներ մատուցեցին իր իշխանությանը՝ բացահայտելով ալիեւյան ռեժիմի ողջ «հմայքը»: Կոռուպցիոն գործարքներ, «փողերի լվացում», կաշառքներ եվրոպացի չինովնիկներին ու պատգմավորներին եւ այլն:

Երկրում տոտալ բռնատիրությունը, որը զուգորդվեց ընդդիմադիր լրագրողների, իրավապաշտպանների, քաղաքական ու հասարակական գործիչների հալածանքներով, ցանկալի աջակցության աստիճանին չարժանացավ եվրոպացի գործընկերների շրջանում, այդ իսկ պատճառով Ալիեւին այլ բան չի մնացել, քան պարբերաբար քննադատել եվրոպական կառույցներին՝ միաժամանակ, չմոռանալով իր հավատարմությունը ցույց տալ՝ Ռուսաստանին ու նրա առաջնորդին:

Ինչ վերաբերում է Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին Ալիեւի կողմից հիշատակումը, ապա պետք է հասկանալ, որ Ալիեւը ինչպես նախորդ նախագահների իշխանության տարիներին, այնպես էլ հիմա նպատակ ունի Հայաստանի իշխանությանն ավելի թույլ, զիջումների պատրաստ մակարդակում տեսնել: Նրա՝ Հայաստանի մասին տեղեկացվածության աստիճանը ուղղակիորեն կապված է ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմի նկատմամբ ուժի դիրքերի հանդես գալու մղման հետ:

Մյուս հանգամանքը, թերեւս, այն է, որ Ալիեւը չի բացառում, որ մի օր կարող է հայտնվել այն կարգավիճակում, որում այսօր Ռոբերտ Քոչարյանն է գտնվում, եւ այդ դեպքում ԵԽ-ից իր ակնկալած արձագանքը չի հնչի այդ կառույցից:

Սակայն առավել ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ թե՛ Ադրբեջանի նախագահը, թե՛ արտգործնախարարը սկսել են Հայաստանի նախորդ իշխանությունների հետ իրենց երբեմնի շփումները երանությամբ հիշել: Դեկտեմբերին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էր ծավալուն հարցազրույց տվել, որում նա մեծ ակնածանքով էր հիշում եւ խոսում Վարդան Օսկանյանի մասին: Ադրբեջանի արտգործնախարարը պատմում էր, թե որքան անկեղծորեն է Օսկանյանը ցանկացել ղարաբաղյան կարգավորման հասնել, սփյուռքից եկել, հասել է հայրենիք, որպեսզի նպաստի Հայաստանի զարգացմանը, տարածաշրջանային համագործակցությանը:

(հարցազրույցի այդ հատվածը՝ 14.10-րդ րոպեից)

Ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանությունների համար «Ընդհանուր պետություն» կարգավորման տարբերակն իրենց հետ բանակցած Ռոբերտ Քոչարյանից ու Վարդան Օսկանյանից սպասելիքները շատ ավելի մեծ էին, քան հիմա, եւ դա է պատճառը, որ այժմ Ադրբեջանում Քոչարյանին ու Օսկանյանին սկսել են կարոտով հիշել:

Ալիեւի պահվածքի մյուս կարեւոր բացատրությունն այն է, որ նա այս փուլում դժգոհ է բանակցությունների ընթացքից, ըստ երեւույթին, նա ցանկալի զիջումների մասին հավաստիացումներ չի ստանում: Հայաստանի բոլոր ղեկավարների հետ բանակցած Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ եւ պարբերաբար Հայաստանի իշխանությունների ուղղությամբ քննադատությունների դոզան ավելացրել են՝ պայմանավորված հենց այդ հանգամանքով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյան/Robert Kocharyan ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ, 11.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829