Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեմմիակիր դիրիժորից մինչեւ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» եւ «հայկական» պատվերներ

Փետրվար 21,2020 13:30

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) փետրվարի 21-ին կմեկնարկի  «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն»  համերգաշարը՝ գերմանացի կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի առիթով: Առաջին  համերգը կղեկավարի ամերիկացի դիրիժոր, «Գրեմմի» մրցանակակիր Ջոն Նելսոնը: Սա ճանաչված արվեստագետի երկրորդ այցն է մեր երկիր. առաջինը 2012-ին էր:

Երկարամյա բեմական ստեղծագործական գործունեության ընթացքում մաեստրոն ղեկավարել է ԱՄՆ-ի եւ Կանադայի փաստացի բոլոր նվագախմբերը, այդ թվում՝ Նյու Յորքի, Չիկագոյի, Ֆիլադելֆիայի, Քլիվլենդի, Բոստոնի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Մոնրեալի, Տորոնտոյի, նաեւ Եվրոպայում, ինչպես ընդունված է ասել՝ բոլոր հիմնական նվագախմբերը: Ասիայում էլ դիրիժորական վահանակի առջեւ է կանգնել Ճապոնիայում, Սինգապուրում, Մալայզիայում, Հոնկոնգում, Չինաստանում եւ այլն: Նրա՝ իբրեւ երաժշտի գործունեության դաշտն ընդգրկում է հոգեւոր երաժշտությունից մինչեւ մեծակտավ սիմֆոնիկ ստեղծագործություններ եւ օպերաներ: Ի դեպ, Ջոն Նելսոնը 1993թ. Գրեմմիի է արժանացել Հենդելի «Սեմելա» օպերայի ձայնագրության համար: Վերջերս հրատարակվել է նրա ղեկավարությամբ Բեռլիոզի «Տրոյացիներ» օպերայի CD-ն: Ի դեպ, դիրիժորը օպերայի մեկնաբանություններով հանդես է եկել Մետրոպոլիտեն եւ այլ հռչակավոր թատրոններում:

Նման բազմազբաղ արվեստագետներ վերջին շրջանում հաճախ են այցելում Հայաստան, սակայն ոչ բոլորի հետ է հնարավոր լինում հարցազրույց վարել, քանի որ ոմանց ժամերը պարզապես հաշված են՝ հաճախ մեկ փորձ, իսկ համերգից հետո անմիջապես մեկնում են:

Դեռեւս Ջոն Նելսոնի առաջին այցի ժամանակ էինք ուզում հետաքրքրվել, թե ինչպես է ժամանակը բավարարում հանդես գալ, այն էլ աշխարհով մեկ, կատարողական արվեստի մի քանի ոլորտում: Այս հարցին «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ դիրիժորն ասաց. «Երիտասարդ տարիքից եմ այդպիսին եղել: Չգիտեմ, ժամանակն ինձ երբեք  խոչընդոտ չի հանդիսացել, հաճախ  էլ եղել են պահեր, որ հանկարծ մտաբերել ու կարոտել եմ որեւէ նվագախմբի, երգչախմբի եւ տարբեր երաժիշտների, որոնց հետ նույնիսկ մեկ-երկու անգամ եմ համագործակցել: Նույնիսկ տասնամյակներ շարունակվող ստեղծագործական վազքի դեպքում հանգստի ժամանակ եմ գտնում: Չէ՞ որ պետք է ամեն ինչ անել ու հասցնել: Այս ամենի համար շնորհակալ եմ իմպրեսարիոյիս»: Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկն է՞լ էիք կարոտել, երաժիշտը պատասխանեց. «Իհարկե՝ այո: Աշխարհով մեկ հիանալի հայ ընկերներ ունեմ, այդ թվում՝ շա՜տ մտերիմ: Մինչ Հայաստան այցս Դորտմունդում էի, դարձյալ հայեր կային եւ երգչախմբում, եւ նվագախմբում: Բացի այն, որ բարձրակարգ երաժիշտ է, հիանալի մարդ է ալտահարների խմբի կոնցերտմայստեր Լիլիթ Մխիթարյանը…»:

Մի քանի ոլորտներում աշխատանքը ենթադրում է անդրադարձ բազմաթիվ, գուցե հարյուրավոր կոմպոզիտորների գործերին, հետեւաբար հետաքրքրվեցինք՝ թեկուզեւ հանճարեղ ստեղծագործողների թվում կա՞ն այնպիսիները, որոնց նախընտրում է մաեստրոն: «Կան, օրինակ՝ Բախ, Բեթհովեն, Բրամս, Շուման, Մոցարտ, իհարկե՝ Խաչատրյան…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հարցին՝ գուցե տարօրինակ թվա, բայց ձեր թվարկած երեւելիները ունե՞ն դեռեւս բացարձակ չկատարված երկեր, դիրիժորն ասաց. «Ի դեպ, բացարձակ տարօրինակ հարց չէ: Այո, հենց Շումանը: Նրա մի շարք օրատորիաներին առաջինը ես եմ անդրադարձել»: Հետո էլ հավելեց. «Չեն կատարվում, որովհետեւ ստեղծագործությունների կատարման համար անհրաժեշտ է  երկու երգչախումբ, մեծ նվագախումբ, շուրջ տասը մեներգիչ: Հաջորդ շաբաթ էլ Ստամբուլում հանդես եմ գալու Շումանի 2-րդ սիմֆոնիայի մեկնաբանմամբ»:

Մաեստրոն նաեւ ճանաչված է որպես լավ կազմակերպիչ. 1994թ. Չիկագոյում հիմնադրել է SOLI DEO GLORIA-ն, որը երաժշտություն է պատվիրում աշխարհի առաջատար կոմպոզիտորներին: Վերջինների թվում են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Քրիստոֆեր Ռուզը, Ջեյմս Մաքմիլլանը, Ռոքսաննա Պանուֆնիկը եւ այլք: Կազմակերպությունը երբեւէ համագործակցե՞լ է հայ կոմպոզիտորի հետ հարցին՝ դիրիժորը ներկայացնելով մեր զրույցին ներկա Ռիչարդ Գիզերին, ասաց, որ նրա հետ են 94-ին հիմնել հիշյալ կազմակերպությունը: «Վերջերս կազմակերպությունը 10 երկրից  44 ժամանակակից կոմպոզիտորի է պատվիրել երաժշտություն, ներկա է նաեւ Հայաստանը, որը ներկայացնում է երիտասարդ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը,- տեղեկացրեց պարոն Գիզերը ու հավելեց,- երիտասարդի մասին իմացել եմ Փասադենայում բնակվող իմ հայ ընկերներից, լսել նրա որոշ գործեր ու հիացել»:

Անդրադառնալով երեւանյան համերգին, դիրիժորը նշեց, որ Բեթհովենի ծննդյան հոբելյանի առիթով տարբեր ձեւաչափերով միջոցառումներ են անցկացնում հեղինակավոր նվագախմբերը նույնպես: Նշեց, որ կայանալիք երեկոյին որպես մենակատար հանդես կգա գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը (վերջինս ծանոթ է հայաստանցի երաժշտասերին), ծրագրում կհնչեն Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, Մոցարտի դաշնամուրի 17-րդ կոնցերտը եւ առաջին անգամ մեր հանդիսատեսը կունկնդրի Նիլսենի «Դիմակահանդես» նախերգանքը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝ Ջոն Նելսոնն ու Ռիչարդ Գիզերը

«Առավոտ» օրաթերթ
20.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829