Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանաբնակ օպերային սոպրանոն դիրիժոր Թոփչյանի հետ «գծում» է երեւանյան իր պլանները

Ապրիլ 30,2020 14:00

Հարցազրույց արեւմտյան թատրոնների ցանկալի հյուր Լիանա Ալեքսանյանի հետ

– Ապրիլի 23-ին ցեղասպանության զոհերի հիշատակին ձեր մեկնաբանմամբ հնչեց «Արի իմ սոխակ»-ը Հ1-ի ուղիղ հեռարձակմամբ, իսկ հաջորդ օրը այն հեռարձակվեց CNN -ով եւ Euronews-ով։ Ապրիլի 24-ին էլ հայաստանցի արվեստագետների հետ մասնակցեցիք ավելի քան 6 ժամ տեւած ոգեկոչման համերգին։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս «հայտնվեցիք» Հայաստանում, դա կապվա՞ծ էր համավարակի հետ։ Անցյալ տարի ամռանը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում իսկապես բարձրարվեստ մեկնաբանեցիք Ռիխարդ Շտրաուսի վերջին չորս երգերը եւ մասնակցություն ունեցաք Մալերի 4-րդ սիմֆոնիայի կատարմանը։ Մեզ հետ հարցազրույցում ասացիք, որ շուրջ 2 տարի առաջ արդեն կազմված է ձեր հյուրախաղային գրաֆիկը՝ Իտալիա, Մեծ Բրիտանիա եւ այլն։ Հիմա, հասկանալի պատճառով, այդ գրաֆիկը խախտվել է…

– Աշխարհում մոլեգնող պանդեմիայից առաջ վերջին բեմելս փետրվարի 13-ին էր՝ Դյուսելդորֆի օպերային թատրոնում՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայում։ (Ի դեպ, մադամ Բաթերֆլայի դերերգը 2014-ին արեւմտյան մամուլի ներկայացմամբ համարվում է հայ երգչուհու այցեքարտը)։ Կորոնավիրուսը դեռ նոր-նոր էր գլուխ բարձրացրել, իսկ ես վաստակել էի մեկամսյա հանգստի իրավունք եւ որոշել էի մարտի 14-ին գալ հայրենիք, ինչը իրականացրի։ Իսկապես անորոշ շրջան է ապրում աշխարհը։

Օրինակ, Գերմանիայի Դաշնությունը մինչեւ օգոստոսի 31-ը չեղյալ է հայտարարել թատրոններում եւ համերգասրահներում կայանալիք ներկայացումներն ու երեկոները։ Բայց արդեն կարծես կամաց-կամաց նիրհից արթնանում է ոչ միայն Գերմանիան, այլեւ եվրոպական այլ երկրներ նույնպես։

– Փաստորեն, ողջ ամառ հայրենիքում եք։ Մեր երկիրն էլ, ձեր խոսքերով՝ կամաց-կամաց նիրհից կարթնանա։ Գուցե արդեն «գծո՞ւմ» եք ձեր հայաստանյան ելույթների պլանը կամ գրաֆիկը։

– Կուզեի նախ շնորհակալություն հայտնել Ծիծեռնակաբերդում ինձ հետ համագործակցած երաժիշտներին՝ դուդուկահար Կամո Սեյրանյանին եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստներից կազմված լարային քառյակի երաժիշտներին։ Հուսով եմ, որ առաջիկայում ոչ թե մեծ նվագախմբով, այլ կամերային տարբեր կազմերով բեմ կբարձրանամ Երեւանում եւ կամաց-կամաց այն հանդիսատեսին, որը նախընտրում է դասական արվեստը, վերադարձնել համերգասրահներ։

Պետք է նշեմ, որ առաջին անգամ շուրջ 8 ժամ տեւողությամբ մարտի 24-ին հեռուստալսարանին մատուցվեց դասական երաժշտություն։ Ընդ որում՝ բարձրաճաշակ երաժշտություն։ Եվ սա կոտրեց այն ձեւավորված կարծրատիպը, թե մեր ժողովուրդը մեծ հաշվով պահանջ ունի ոչ թե դասական, այլ ցածրաճաշակ երաժշտության. չգիտեմ նույնիսկ ինչպես այն անվանել։ Խնդրում եմ ասածս չշփոթել մեր ժողովրդական գոհարների հետ, որի նմուշներից եւս հնչեցին Ծիծեռնակաբերդի բարձունքում։

                                                        Լիանա Ալեքսանյանը Եվրոպայի թատրոններում

– 2005-ից բնակվում ու ստեղծագործում եք Եվրոպայում եւ տարին գոնե մեկ անգամ հայրենիքում վայելել ենք ձեր բարձրարվեստ կատարումները, հիմնականում՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ։ Այդպես էլ ձեզ երբեւէ չենք հանդիպել ձեր նախկին աշխատավայրում՝ Երեւանի օպերային թատրոնում։

– Համոզված եմ, որ ինքնամեկուսացման այս օրերին մարդիկ կվերանայեն կամ գուցե արդեն վերանայել են իրենց արժեհամակարգը եւ հավանաբար կլինեն մարդկային նոր հարաբերություններ, ինչի կարիքը ունի հայաստանյան մշակութային դաշտը։

– Հասկանալի է ձեր խոսքերի ենթատեքստը։ Իսկ ինչպիսի՞ն են մարդկային փոխհարաբերությունները եվրոպական մշակույթում։

– Հակիրճ կպատասխանեմ։ Այնտեղ կա առաջին հերթին հարգանք արտիստի հանդեպ՝ տնօրեն-արտիստ, ռեժիսոր-արտիստ, դիրիժոր-արտիստ փոխհարաբերություններում։ Թիվ մեկ արժեքը մարդն է, հետո նոր նրա մասնագիտական որակը։

Այլ կերպ ասած՝ տնօրենները, ռեժիսորները, դիրիժորներն առաջին հերթին ցուցաբերում են մարդկային շփման բարձր մշակույթ ոչ միայն մեներգիչների, այլեւ երգչախմբի, նվագախմբի յուրաքանչյուր արտիստի հանդեպ, նաեւ տեխնիկական աշխատողների նկատմամբ, իսկ պաշտոնի կամ ստատուսի չարաշահման դեպքում, լինի տնօրեն, թե գլխավոր դիրիժոր կամ ռեժիսոր, կարող են ենթարկվել պատասխանատվության։ Այն տպավորությունը թող չստեղծվի, թե ընդհանրապես բացակայում է քննադատություն կոչվածը։ Իհարկե, կա եւ պարտադիր է քննադատությունը, նույնիսկ անխուսափելի։ Դա նույնիսկ անհրաժեշտ է յուրաքանչյուր արտիստի համար։ Ինչ խոսք, այդ քննադատությունը պետք է ճիշտ մատուցել։ Ինչպես Հայաստանում է ընդունված ասել՝ պետք է լինի առողջ քննադատություն։

– Վերադառնանք մեր օրեր. պատկերացնենք, որ առաջին օրը դուրս եք գալիս ինքնամեկուսացումից, ի՞նչ կանեք։

– Անմիջապես կայցելեմ Սարյան փողոցում գտնվող որեւէ սրճարան ու կվայելեմ երեւանյան արեւը… Ինչ վերաբերում է գոնե մինչեւ աշուն հայաստանյան ստեղծագործական գործունեությանս, ապա մաեստրո Թոփչյանի հետ ունենք ծրագրեր, բայց թույլ տվեք փակագծերը դեռ չբացել։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ashot says:

    Չգիտեմ, ի՞նչ ասել է ցածրաճաշակ, բայց մեր լայն հասարակությունը միշտ էլ կարիք է ունեցել բարձրաճաշակ դասական երաժշտության, բայց՝ ազգային, ինչը, ինչպես հարկն է չի մատուցվում մեզանում … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Gohar says:

    Վրիպում է, այնպես չէ՞։ Ապրիլ 24 ,և ոչ թե ՝ Մարտ 24 ։
    “Պետք է նշեմ, որ առաջին անգամ շուրջ 8 ժամ տեւողությամբ մարտի 24-ին հեռուստալսարանին մատուցվեց դասական երաժշտություն։”

  3. Anonymous says:

    Եվ հետո, Ապրիլի 24-ի առիթով , հավանաբար մնացած այլ դերերից նկարները ,կարծես թե նսեմացնում են նրա առաքելությունը։
    Փոխարեն հնչեր “Արի՛ , Իմ Սոխակը” ։
    Մի այլ առիթով, այն շա՜տ ավելի տեղին կլիներ։
    Մեր հայրենակցին ճանաչելը մեր պատիվն է։

  4. Սուսաննա says:

    Նախանձ մարդիկ շատ կան…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930