Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. Հարգանքներս բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին աշխատում են արտակարգ ռեժիմով ու ծանրաբեռնված գրաֆիկով՝ հանուն ճգնաժամային իրավիճակի հաղթահարման

Մայիս 01,2020 12:39 Share

Գագիկ Ծառուկյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ:

Ստեղծարար, արարող ու դարեր շարունակ հողի հետ կռիվ տված մեր ժողովուրդը շատ լավ գիտի աշխատանքի գինը: Նախնիներից ժառանգած օրինակով մեր սերունդները ջանք չեն խնայել մեծ նվիրումով ու ամենօրյա քրտնաջան աշխատանքով  հայրենի երկիրը  շենացնելու, զարգացնելու և ժամանակակից աշխարհին հաղորդակից  դարձնելու գործում: Իր աշխատասիրությամբ հայրենիքի բարգավաճմանն ու առաջընթացին անձնվիրաբար ծառայած յուրաքանչյուր հայորդի արժանի է մեծ հարգանքի ու գնահատանքի:

Աշխատանքի օրը նաև  լավ առիթ է՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու և վեր հանելու բոլոր այն խնդիրները, որոնք այսօր մտահոգում են մեզանից յուրաքանչյուրին: Մեր բոլորի պարտքն է միասնական ջանքերով և ձեռք ձեռքի հաղթահարել գործազրկությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, զարկ տալ տնտեսության զարգացմանը և որ ամենակարևորն է՝ընձեռել մարդկանց արժանապատիվ ապրելու հնարավորություն: Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ այս տարի տոնը դիմավորում ենք միանգամայն այլ պայմաններում: Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորանքներս ու երախտագիտությունս հղել հատկապես բուժաշխատողներին, որոնք արդեն մոտ երկու ամիս՝ գիշեր-ցերեկ,  կռիվ են տալիս մարդկային կյանքեր փրկելու և մարդուն ամենաթանկը՝ առողջությունը վերադարձնելու համար: Հարգանքներս բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին աշխատում են արտակարգ ռեժիմով ու ծանրաբեռնված գրաֆիկով՝ հանուն ճգնաժամային իրավիճակի հաղթահարման:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ: Թո՛ղ բոլորս ապրենք այնպիսի երկրում, որտեղ արժանապատիվ աշխատանքն ու բարեկեցիկ կյանքն այլևս կլինեն իրականություն:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել