Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսի մեկուսացման օրերին ինձ փրկություն եղավ «Ութերորդ կյանքը»

Հունիս 04,2020 14:00

Հեռավար զրույց  Գերմանիայում բնակվող լրագրող Լիզա Բերքյան-Աբրահամյանի հետ

– Լիզա, ես հեռավար զրուցել եմ Իրանում,  Անգլիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Վրաստանում աշխատող, բնակվող իմ գործընկերների՝ լրագրողների, գրողների հետ: Այս անգամ կուզեի իմանալ կորոնահամավարակի առնչությամբ ի՞նչ է կատարվում Գերմանիայում:

– Դեռեւս հունվարին լսեցինք Չինաստանի Ուհանում բռնկված համաճարակի մասին։ Գերմանիայի կառավարությունը՝ կանցլերը, նախարարները, վիրուսաբանները, համաճարակաբանները ասուլիսներ էին անցկացնում, ներկայացնում վիճակը, մտահոգություն արտահայտում՝ աներեւույթ թշնամու դեմն առնելու, հորդորում՝ պահպանել հիգիենայի կանոնները, զգոն լինել,  դիմակներ կրել, պահել սոցիալական հեռավորությունը, խուսափել ավելորդ շփումներից եւ այլն։ Հայտնի է, որ Չինաստանից բացի, դրությունը բարդացավ Իտալիայում։ Այն օրերին դեռ հարյուր հազարավոր գերմանացի զբոսաշրջիկներ գտնվում էին Չինաստանում, Իտալիայում եւ բազմաթիվ այլ երկրներում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ չարթեր թռիչքներով, իրենց քաղաքացիներին տուն վերադարձրեց, որոնք դեռ օդանավակայանից երկու շաբաթով մեկուսացվում էին, իսկ ծանր հիվանդներին՝ փոխադրում հիվանդանոցներ:

Փետրվարի վերջերին Բավարիա եւ Նորդռայնվեստֆալեն երկրամասերում մեծ թվով վարակակիրներ արձանագրվեցին։ Ձեռնարկած միջոցները չբավարարեցին՝ երկրում գնալով աճեց վարակակիրների թիվը։ Մարտից սահմանվեց  արտակարգ դրություն։ Օրենքով չեղարկվեցին բոլոր տեսակի կրթամշակութային, սպորտային միջոցառումները՝ դպրոցների, բուհերի դասերը, փակվեցին ժամանցային վայրերը, շատ հիմնարկ-ձեռնարկություններ, խանութներ, բացի սննդի եւ հիգիենայի խանութներից, դեղատներից։ Սահմանափակվեց մարդու ազատությունը, մինչդեռ այն մեծատառով է գրված այս երկրի դրոշին։ Պահանջվեց մնալ տանը, միայն խիստ անհրաժեշտության պարագայում դուրս գալ տնից, բացի նրանցից, ովքեր հարկադրված աշխատում էին։ Փակվեցին Եվրոպայի երկրների հետ սահմանները, չեղարկվեցին թռիչքները։

Սկզբում՝ սահմանափակ, հետագայում՝ մասսայաբար, թեստավորեցին մարդկանց, իսկ հիվանդանոցներում կորոնավարակակիր ծանր հիվանդների համար նախատեսված 20 հազարի փոխարեն՝ ինտենսիվ հիվանդասենյակների թիվը հասցվեցին 40 հազարի, որոնք ապահովվեցին անհրաժեշտ տեխնիկական պարագաներով։  Դասերը, խորհրդաժողովները անցկացվում էին օնլայն կամ հեռավար։

– Ինչպես դիմագրավեցին գերմանացիները, ովքեր ընկալվում են ճշտապահ, օրենքի տառը հարգող:

– Մարտի 18-ին Անգելա Մերկելը ուղերձով դիմեց իր ժողովրդին։ 15 տարվա պաշտոնավարման ընթացքում նա  15 անգամ ուղերձ է հղել միայն Նոր տարվա օրը, սա առաջին եւ մտահոգ ուղերձն էր՝ ինչպես գորովագութ կամ սրտացավ մայրն է դիմում զավակներին, երբ ընտանիքի գլխին արհավիրք է կախվում: «Թույլ տվեք ասել ձեզ՝ իրավիճակը լուրջ է։ Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան չի բախվել նման մարտահրավերի, որը հաղթահարելու համար շատ բան կախված է մեր միասնությունից, մեր համերաշխությունից»:

Սկզբնական շրջանում գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները եւս օգնեցին։ Օրինապահ, կարգուկանոն հարգող քաղաքացիները ենթարկվեցին օրենքի տառին, իսկ արդյունքում՝ շատ երկրների հետ համեմատած՝ 83 մլն երկրում, վերջին տվյալներով՝ 183 հազար վարակակիր, նրանցից 165 հազարը՝ ապաքինված,  ցավալիորեն՝ 8600 զոհ։ Անշուշտ, այստեղ էլ շրջանառվեց դավադիրների տեսությունը կամ անհիմն կասկածամտությունը, թե նման բան չկա, եղան մարդիկ, ովքեր խախտեցին պանդեմիային առնչվող կանոնները՝ բայց օրենքը գործեց ողջ խստությամբ, ոստիկանները տուգանեցին հարյուրավոր օրինազանցների։

– Ինչպե՞ս էր այդտեղ դիմակների հարցը, խանութների սպասարակումը:

– Նաեւ տնտեսապես հզոր երկիրն ունի աքիլլեսյան գարշապար։ Պանդեմիայի առաջին օրերին դեֆիցիտ էին դիմակները, ախտահանիչ միջոցները։ Բանից պարզվեց, որ Գերմանիան դիմակներ չի արտադրում՝ ներմուծում է Չինաստանից։ Օգտվելով այդ վիճակից, որոշները լցվեցին հարստանալու տենչով՝ ինտերնետում հիգիենայի պարագաները, այդ թվում՝ դիմակները, վաճառվեցին տասնապատիկ գներով։ «Ով ուզում է մի բան անել, գտնում է հնարը»։ Առանձին մարդիկ հնարամիտ գտնվեցին՝ սկսեցին տանը կարել դիմակներ, օգնել մերձավորներին, հետագայում տարբեր գործարաններում, որոնք թեեւ չէին գործում, դիմակներ արտադրող արտադրամասեր ստեղծեցին։ Երբ Չինաստանում փոքր-ինչ հանդարտվեց վիճակը, այնտեղից եւս դիմակների խմբաքանակ ստացվեց,  ոմանք էլ շալով են ծածկում բերանն ու քիթը։

Պանդեմիայի առաջին օրերին ագահ մարդիկ դատարկեցին նաեւ սուպերմարկետները, կարծես աշխարհի վերջն էր, միայն թե իրենք փրկվեին։ Բայց այդ ամենը կարճ տեւեց։ Մայիսի կեսերից փոքր-ինչ թեթեւացրին սահմանափակումները, շաբաթներ առաջ փողոցներն ամայի էին, եւ մարդ չկար, հիմա փողոցներում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք դեռ խուսափում են միմյանց մոտենալուց։ Առանց դիմակի չեն կարող օգտվել ավտոբուսից, վերելակից: Բացի այդ, ավտոբուսների առջեւի դուռը փակ է, ներսում՝ առաջնային մասը` կարմիր ժապավենով արգելափակ՝ վարորդին չմոտենալու, չվարակելու, յուրաքանչյուր նստարանին՝ մեկական մարդ։ Այս օրերին հասարակական վայրերը, խանութները կարծես պատկերազարդ են՝ քայլելու, սոցիալական հեռավորությունը պահպանելու սլաքներ ու գծեր են։

Հունիսի 1-ին ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհավորեց երկրի երեխաներին եւ շնորհակալություն հայտնեց նրանց, որ հերոսաբար պահում են սոցիալական հեռավորությունը։ Շատ սահմանափակումներ կշարունակվեն մինչեւ հունիսի վերջ։  Վերջին ժամանակներս մարդիկ այլեւս չեն դիմանում իրենց ազատությունների սահմանափակմանը, բողոքում են,  քաղաքներում ցույցեր անցկացնում։

– Պետությունը ձեռք մեկնե՞ց խոցելի խմբերին:

– Այո, անշուշտ, կառավարությունը շուրջ 600 միլիարդ եվրո է նախատեսել համաճարակի հասցրած վնասներից, հարկադիր պարապուրդից երկիրը դուրս բերելու, ժողովրդին օժանդակելու համար։ Առանց բյուրոկրատական քաշքշուկի արդեն հատուցվեց փոքր ձեռնարկատերերի հարկադիր պարապուրդը.  օրինակ՝ 2 աշխատող ունեցողին տրամադրվեց 7 հազար, իսկ 5 աշխատողի պարագայում՝ 15 հազար եվրո։ Համապատասխան օրենքում ընդգրկված են բոլոր խմբերն ու խավերը։

– Շատերս ապրում ենք, ուրախանում դրական օրինակներով, մեր ընկերները ստեղծագործում են, ապրում համավարակի կողքին՝ հաղթահարելով դժվարություններ: Ինչպե՞ս ես դիմակայում կորոնավիրուսային արգեքը:

– Շուրջ երեք ամիս հիվանդ էի, ինքնամեկուսացած, ինձ հետ հիվանդացան նաեւ սենյակային ծաղիկներս ու բույսերս, վիրուսի՞ց, թե՞…։ Իմ ցավերը մոռացած, մտահոգությունս էին Հայաստանը, հարազատներս, հայրենակիցներս։ Այս հեռավորությունից նկատում էի շատերի վեջը չի, կարգուկանոնին չեն ենթարկվում, առիթ է իշխանությանը քննադատելու։ Այո՛, իշխանությունը զերծ չէ թերությունից, բայց այս աներեւույթ թշնամու դեմ պայքարի հաջողությունը կախված է յուրաքանչյուրի գիտակցությունից։ Միայն համատեղ ուժերով, ինչպես Գերմանիայում, միասին հնարավոր է հաղթահարել ստեղծված վիճակը։

Իմ մենությունը ես լցնում եմ նաեւ գրքերով։ Այս օրերին, բնականաբար, փակ էին նաեւ գրադարանները, սկսեցի մեր անձնական գրադարանի այն գրքերը վերցնել ձեռքս, որոնց ընթերցումը շարունակ հետաձգում էի։ Ինձ օգնության հասավ նաեւ գերմանուհի ընկերուհիս՝ 90-ամյա Բարբարան։ Հեռաձայնեց, թե իջիր բակ՝ գիրք կստանաս։ Դիմակով, ձեռնոցներով, սոցիալական հեռավորությունը պահած հանդիպում էր: Մի  հաստափոր գիրք է՝ շուրջ 1300 էջ։ Հեղինակը վրացուհի է, ապրում է Համբուրգում՝ Նինո Հարատիշվիլիի «Ութերորդ կյանք կամ Կյանք ութերորդ Բրիլկայի համար»։ Շնորհակալ եմ Բարբարային՝ մեկուսացման օրերին ինձ փրկություն եղավ այդ գիրքը։ Սկզբում տարակուսում էի սկսել, բայց երբ սկսեցի, մոռացա հիվանդություն, կորոնայի մեկուսացում։ 20-րդ դարում վրացական մի ունեւոր ընտանիքի ողբերգական պատմությունն է՝ այդ դարի բոլոր իրադարձությունների, Վրաստանի ծնած երկու մարդակեր գազանների՝ Ստալինի եւ Բերիայի հետ առնչվող, վերջին տասնամյակներում Վրաստանում տիրող քաոսի, որը հատուկ էր նաեւ մեր երկրին՝ սեր, ատելություն, կորուստներ՝ մարդկային եւ ընտանեկան ողբերգություններ, դրամատիզմով հարուստ։ Գիրքը ինձ համար ավելի հետաքրքրական դարձավ, որովհետեւ, եթե Վրաստան ու Թիֆլիս, ուրեմն հայն ու հայկականը՝ Հավլաբարի թաղամասը, հայկական կոնյակը, հայկական երաժշտությունը, հայուհի Լանան, ստալինյան բռնություններին զոհ գնացած հազարավոր հայեր նույնպես դերակատարում ունեն գրքում։ Ժամանակակից հրաշալի գրականություն:

Իսկ ո՞ւմ մեղքով էր այս կորոնան կամ պանդեմիան՝ աշխարհի հզորների՞, բնությա՞ն, կենդանական աշխարհի՞…  Համաճարակներ ապրել է մարդկությունը 1918-ին, 2002-ին, 2017-ին՝ իսպանական գրիպ, խոզի գրիպ, թռչնագրիպ, սառս անուններով։ Եթե մարդու ձեռքով էր, ապա հակամարդկային էր, ինչպես ատոմային զենքը։

…Այսօր, երբ շուկայից դուրս եկա, վճարման կտրոնի վրա աչքի զարնեց վերջին տողը՝ «Առողջ եղեք, խնդրեմ 2 մ տարածություն պահել, շարժակառքից օգտվել։

Միասին կհաղթահարենք»։

Հավատանք։

Հարցազրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930