Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ COVID-19-ով վարակված այն քաղաքացիները, որոնք անախտանիշ են կամ ունեն թեթեւ ախտանիշներ, բուժում են ստանում տանը՝ մեկուսացված։
Այս օրերին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է գործում հատուկ մասնագետների խումբը, որը որոշում են՝ ովքեր պետք է տանը մեկուսանան, ովքեր տեղափոխվեն հիվանդանոց։
Կենտրոնի պոլիկլինիկայի մեծահասակ բնակչության գծով վարիչի տեղակալ Հեղինե Պետրոսյանը մեզ հետ զրույցում խոսել է նոր կարգի, ցուցումների, այս օրերին պոլիկլինիկայի իրականացրած գործառույթի մասին։
Ովքե՞ր են մեկուսացվում տանը
Կարդացեք նաև
Այսօր վերոնշյալ կենտրոնում 5 մեկուսարան է գործում: Առաջինը նմուշառման համար է նախատեսված։ Մնացած 4 մեկուսարաններ մուտք են գործում սուր շնչառական վիրուսի ախտանիշներով հիվանդները։ Ջերմողներին առանձնացնում են, այլ մուտքով ընդունում։ Մեկուսարանում բժիշկը զննում է հիվանդին, անհրաժեշտության դեպքում կատարվում է ռենտգեն հետազոտություն, ցուցումների դեպքում՝ նմուշառում։ Նման ցուցում է, օրինակ, թոքաբորբը, կամ եթե տվյալ քաղաքացին կոնտակտավոր է եւ ունի որոշակի ախտանիշներ։
Տեղակալի խոսքով՝ իրենք ամեն օր դիմելիություն ունեն։
Նմուշառման պատասխանը ստանալուց հետո մասնագետների խումբը որոշում է կայացնում, այնուհետեւ՝ մարդկանց ուղղորդում արդեն հեռախոսազանգի միջոցով։
Բոլոր այն քաղաքացիները, որոնք անախտանիշ են կամ ունեն թեթեւ ախտանիշներ, 60 տարեկանից փոքր են, չունեն որեւէ խրոնիկ հիվանդություն, օրինակ՝ երիկամային անբավարարություն, քաղցկեղ, շաքարային դիաբետ, գերճնշում եւ այլն, բուժվում են տանը։ Նշենք, որ նույնիսկ թեթեւ ախտանիշներ ունեցող հղիները հոսպիտալացվում են։
Ո՞ր ախտանիշների դեպքում են տեղափոխում պոլիկլինիկա
Ինչպես տեղեկացրեց Պետրոսյանը, այս օրերին բժիշկներն օրը 2 անգամ զանգահարում եւ հետաքրքրվում են տանը մեկուսացված քաղաքացիների ջերմաչափման տվյալներով եւ գանգատներով՝ գլխացավ, մկանացավ, քթի փակվածություն, համի-հոտի զգացողության բացակայություն, դժվարաշնչություն, արնահոսում եւ այլն։ Եթե սրանցից որեւէ մեկն ի հայտ է գալիս, հիվանդին տեղափոխում են պոլիկլինիկա՝ համապատասխան հետազոտությունների:
Իսկ եթե վիճակի բարդացում չկա, 14-օրյա հսկողություն է սահմանվում, ախտանիշներն ամբողջովին անցնելու դեպքում եւս 14 օր հսկողությունը շարունակվում է։ Այս ընթացքում բժիշկն ամենօրյա զանգերը չի դադարեցնում։
Օգտագործվում է նաեւ հեռավար տեսաձայնային կապը։ Սա արվում է այն դեպքում, երբ հիվանդը ցանկություն է հայտնում բժշկի հետ դեմառդեմ խոսելու։
Անհրաժեշտության դեպքում բժիշկն է այցի գնում, նույնիսկ կարող են նեղ մասնագետի այց կազմակերպել, սակայն այսպես, թե այնպես խրոնիկ հիվանդություն ունեցողներին հիվանդանոց են տեղափոխում։
Երբ թեթեւ ախանիշները փոքր-ինչ բարդանում են, կատարվում է հոսպիտալացում։ Ցուցումներն այս դեպքում հստակ են։ «Եթե 38 աստիճանից բարձր է ջերմում, դա արդեն հոսպիտալացման ցուցում է, տանը չեն պահում»,- ընդգծեց պոլիկլինիկայի տեղակալը։
Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում


















































