Լրահոս
Օրվա լրահոսը

Մնջախաղի թատրոնի խորհրդավոր «Արդաղիոնը» մեծ արձագանք է ունեցել Իտալիայում

Օգոստոս 01,2020 12:30

Հարցազրույց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ

– Ձեր թատրոնի համար 2019 թվականը հոբելյանական էր. լրացավ թատրոնի 45-ամյակը եւ վերջապես Գեւորգ Քոչար 21 հասցեում սկսվեց թատրոնի շինարարությունը։ Մեր տեղեկություններով՝ պանդեմիայի շրջանում շինարարական այդ աշխատանքները շարունակվում են…

– Հուրախություն մեզ՝ շինարարական աշխատանքները կանգ չեն առել։ Թեեւ հիմա թատրոնն ակտիվ չի գործում, ընդամենը փորձեր են ընթանում, բայց գոնե մխիթարվում ենք մեր տարածքի վերակառուցման աշխատանքներով։

– Ի վերջո ե՞րբ կբացվի տասնամյակներ շարունակ այդքան սպասված մնջախաղի թատրոնը կամ ավելի ճիշտ՝ ե՞րբ կավարտվեն աշխատանքները։ Հասկանալի է, որ  կորոնավիրուսով պայմանավորված՝ չեք կարող նշել ստույգ օրը, ավելին՝ տարեթիվը։

– Տարածքի նորոգումից հետո պետք է սկսվեն բեմի, տեխնիկական եւ այլ աշխատանքներ։ Հավանաբար մինչեւ տարվա վերջ կավարտվեն շինարարական աշխատանքները, մնացյալը գուցե ձգվեն մինչեւ 2021-ի գարուն։ Եթե համավարակի «մասով» ամեն ինչ լավ ընթանա, 2021-22թթ. թատերաշրջանն արդեն թատրոնը մեր հանդիսատեսին կընդունի սեփական հարկի տակ։ Գիտե՞ք, տարիներ շարունակ մի երազանք եմ ունեցել, այն է՝ Ամանորին հրավիրել մեր փոքրիկ հանդիսատեսին։ Երբեւէ դա չեմ կարողացել իրականացնել պարզ պատճառով. յուրաքանչյուր թատրոն ինքն էր իր բեմում ամանորյա ներկայացումներ իրականացնում։

– Հիմա արդեն մոտ է այդ երազանքի իրականացումը։ Եթե գաղտնիք չէ, կոնկրետ ո՞ր ներկայացմանը կհրավիրեք փոքրիկներին։

– Դա հանրահայտ «Շչելկունչիկն» է։

– Պանդեմիայի շրջանում այցելել ենք նաեւ ձեր ֆեյսբուքյան էջ…

– Եվ ուրեմն տեղեկացված եք, որ մայիսին թատրոնը «Արդաղիոն» ներկայացմամբ մասնակցել է Միլանում ավանդաբար երկու տարին մեկ անցկացվող Թերեզա Օմոդորոյի անվան թատերական միջազգային մրցույթին։ Նշեմ, որ դեռեւս անցյալ տարի էինք ստացել հրավերը, բայց հասկանալի պատճառով չկարողացանք մեկնել։  Մրցույթը իսկապես հեղինակավոր է եւ երկու տարի շարունակ «Պոմոդորո» հիմնադրամը ընտրում է մասնակից ներկայացումները։ Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված անդամները դիտում են ընտրվածները «Spasio» թատրոնում։ Ընդ որում, մրցույթը հեռարձակվեց թատրոնի պաշտոնական կայքով։

– Մենք ծանոթ ենք մայիսի 13, 14-ին այդ թատրոնի կայքով  հեռարձակված ներկայացմանը, որի ռեժիսորը դուք եք, ծանոթ ենք նաեւ կայքում արված հիացական գրառումներին։ Եվ կարելի է ենթադրել, որ «Արդաղիոնը» հիացրել էր հանդիսատեսին ոչ միայն բարձրարվեստ ռեժիսուրայով, այլեւ սյուժեով, հենց թեկուզ  վերջին շրջանում Թուրքիայում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու առնչությամբ։ Լայն ընթերցողին գուցե երկու խոսքով ներկայացնեք ծաղրախաղը ողբերգության վերածված սյուժեն, որտեղ Քրիստոսին ակնհայտ ծաղրելու միտում կա։

– Սիրով։ 4-րդ դարի սկզբում Արեւելքում արագորեն տարածվում էր քրիստոնեությունը, Հռոմեական կայսրությունը պայքարում էր այդ երեւույթի դեմ ու այդ նպատակով միմերի թափառական թատերախմբեր էր առաքում արեւելյան քաղաքներ, որոնք հակաքրիստոնեական ներկայացումներ էին ցուցադրում։ Այսպիսի մի թատերախումբ էր նաեւ «Արդաղիոնը»։ Եվ հերթական ներկայացման ժամանակ դերասան Արդաղիոնի վրա երկնային լույս է իջնում ու նա դարձի գալով դառնում է քրիստոնյա։ Զայրացած խաղընկերները հենց բեմի վրա նրան խաչ են բարձրացնում։ Ինչպես նշեցիք, այո, ծաղրախաղը վերածվում է ողբերգության ու Արդաղիոնը նահատակվում է։ Իսկ հետո արդեն կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները Արդաղիոնին դասում են սրբերի շարքը։ Անդրադառնալով մրցույթին, կուզեի նշել ժյուրիի կազմում ընդգրկված թատերարվեստի այնպիսի դեմքերի անուններ, ինչպիսիք են Պետերշտեյնը, Լեւ Դոդինը, Տադաշի  Սուզուկին, Ստատիս Լիվարթինոսը, Էնցո Մոսկատոն, Մյուրել Մայետե-Հոլթցը եւ այլք։ Իսկ ժյուրիի աշխատանքները նախագահում էր «Spasio» թատրոնի  գեղարվեստական ղեկավար Լիվիա Պոմոդորեն։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն նոյեմբերին։
                                                  Տեսարաններ «Արդաղիոն» ներկայացումից:

– Փաստորեն, նշյալ փառատոնին չմեկնեցիք, հավանաբար եղել են նաեւ այլ հրավերներ, որոնք չեղարկվել են։

– Իհարկե։ Ընթացիկ տարվա փետրվարին հասցրինք մեկնել Թեհրան, հետո արդեն համավարակը թույլ չտվեց մասնակցել  Լեհաստանում, Վոլոգդայում կայանալիք փառատոներին։ Աշնանը հրավիրված ենք Բրյանսկ, չգիտեմ՝ գուցե դա հաջողվի։

– Եթե մեզ հիշողությունը չի դավաճանում, ապա նախկինում կայացած բոլոր փառատոներին ձեր մասնակցության ծախսերը մշտապես հոգացել է հրավիրող կողմը, իսկ տարվա ընթացքում մնջախաղի թատրոնը մասնակցել է 4 կամ 5 փառատոների, այդ «մասով» դուք պետության վրա «բեռ» չեք։

– Տարեկան մասնակցել ենք միջազգային 5-6 նախագծերի ու փառատոների եւ ճիշտ նկատեցիք, որ մշտապես դրանց ծախսերը հոգացել է հրավիրող կողմը…

– Միջազգային նման միջոցառումների մասնակցելու նպատակով հայաստանյան թատրոնները հիմնականում իրենք են հոգում մասնակցության ծախսերը։ Եթե ուղիղ ասենք, ձեր դեպքում  հավանաբար գեղարվեստական որակն է «մեղավորը»։

– Ըստ էության՝ այո։ Սակայն կարեւոր է նաեւ, որ մենք իբրեւ մնջախաղի թատրոն կարողացել ենք ձեւավորել մի այնպիսի տեսակ, որը մոտ է դրամատիկ թատրոնին։

– Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ մեծ իմաստով մնջախաղը ամբողջովին վերադարձրել եք դրամատիկ թատրոն:

– Այո, այդպես է։ Ասվածին ես կգումարեի նաեւ մեր առանձնահատուկ մոտեցումը, որը գալիս է ազգային թատերական ուսումնասիրությունից (միջնադարյան միմեր, վարձակներ, կատակներ եւ այլն), ապա պատկերը կամբողջանա։

– Օրերս եվրոպական եւ ամերիկյան բեմերում հանդես եկող բալետի հայ արտիստ Արթուր Բաբաջանյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ ժամանակին հեռացել է «Ցյուրիխ-բալետից», քանի որ նոր ղեկավարը բալետը «տանում» էր դեպի մնջախաղ։

– Դա նորմալ է։ Այդ միտումը սկսվել է դեռեւս ժամանակակից բալետի հիմնադիր Մորիս Բեժարից։ Այս առիթով մի փոքրիկ իրողություն ներկայացնեմ։ 1945թ. արդեն ազատագրված Փարիզում մնջախաղի մեծագույն վարպետ Ժան Լուի Բարրոն որոշում է իր «Պիերոյի երազը» ներկայացման համար առլեկինի դերակատարի մրցույթ հայտարարել։ Գալիս են երկուսը՝ մեկը կարճահասակ եւ ամրակազմ, մյուսը՝ բարձրահասակ ու նիհար։ Շարունակելով այս պատմությունը, Բարրոն հետագայում գրում է. «Ես չգիտեի, որ այդ ընտրությամբ ծառայություն եմ մատուցելու 20-րդ դ. ապագա բեմարվեստին, որովհետեւ ընտրեցի նիհար եւ բարձրահասակ արտիստին՝ Մարսել Մարսոյին, իսկ ցածրահասակ ամրակազմը խռովեց ու գնաց բալետ. դա Մորիս Բեժարն էր»։

Հետագայում մնջախաղի արտահայտչամիջոցները բալետարվեստում սկսեցին կիրառել մի շարք անվանի խորեոգրաֆներ, այդ թվում՝ Պինա Պաուշը, ժամանակակիցներ Աքրամ Խանը, Լենս Վալցը եւ ուրիշներ։ Ի վերջո այդ սինթեզը անխուսափելի էր պարզ եւ հասկանալի իմաստով՝ եւ բալետում, եւ մնջախաղում գործում է մարմնի լեզուն։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31