Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. «Ինչու ազատ արվեստագետի խնդիրը չի քննարկվել իշխանական ատյաններում»

Սեպտեմբեր 09,2020 17:06

Համավարակով պայմանավորված` հայաստանյան անկախ ստեղծագործողների խնդիրներն ավելի շեշտադրվեցին: Նրանք փորձեցին «գույքագրել» իրենց կարիքները և ավելի սուր զգալ համագործակցության կարևորությունը։

«Մուզանավ» հասարակական կազմակերպության նախաձեռնած առցանց քննարկումների ընթացքում միտք ծագեց՝ համախմբել անկախ ստեղծագործողների իրական ներուժը և համագործակցային լայն դաշտ ձևավորել, քանի որ, նրանց ձեւակերպմամբ, պետությունն այդպես էլ չնույնականացրեց իրենց, ուստի որոշեցին իրենք դա անել։

«Ինքնանույնականացում – 2020» ազատ ստեղծագործողների համաժողովին, որը կայացավ Հրազդան քաղաքի «Շառլ Ազնավուր» զբոսայգու նորոգված հարթակում, կոնկրետ առաջարկներ հնչեցին:

Պրոդյուսեր Նիկա Բաբայանը կարծում է, որ անհրաժեշտ է մշակույթի նախարարություն, բայց ոչ այնպիսին, ինչպիսին եղել է նախկինում, իսկ ներկայումս պատկերը հետեւյալն է. «Մշակույթի ֆունկցիան կարող է կատարել նաեւ կապի նախարարությունը, կամ մեկի վարորդին ասել` դու ես ղեկավարում, ու ոչ մի տարբերություն չի լինի: Բայց եթե խոսքը գնում է համակարգի, համակարգային փոփոխությունների մասին, պետք է առաջին հերթին այդ համակարգը քանդվի եւ ստեղծվի նորը»:

Նիկա Բաբայանը փաստում է. «Հսկայական գումարներ կան պետական համակարգում, բայց ինչպե՞ս են դա ծախսում, չեն էլ ուզում ասել, իսկական մեծ փողերը պետության ձեռքում են, նախարարության եւ այլ պետական օղակների, եւ եթե այդ գումարները տեղին ծախսվեն, շատ բան կարող է փոխվել»:

Երգիչ, երգահան Վահան Արծրունին ասում է, որ երբ խոսվում է պետություն եւ ազատ արվեստագետ հարաբերությունների մասին, պետք է հաշվի առնել, որ խնդրի հիմքում ոչ թե մշակութային դոկտրինի բացակայությունն է, այլ մշակութային պետական դոկտրինը կա, բայց այդ մշակութային դոկտրինի հիմքում բուն մշակույթն չէ, այլ գույքը:

Նա մանրամասնում է. «Մեր անկախ պետությունը ԽՍՀՄ-ից ժառանգել է ոչ միայն կառավարման մոդելներ, այլ այն գույքը, որը հանդիսանում է պետության սեփականությունը, եւ այդ գույքի առկայությամբ էլ պայմանավորված են բոլոր գործառույթները` կապված մշակույթի համակարգման հետ: Որպեսզի պետությունը կարողանա համակարգել պրոցեսները մշակույթի ոլորտում, բանաձեւել է խնդիրը ՊՈԱԿ-ի ձեւով: Պետությունը ստեղծել է մի կառույց, որը հանդիսանում է միջոց կառավարումն իրականացնելու, բայց ոչ թե մշակույթի ոլորտում, այլ մշակույթի ոլորտը երկրորդական է դառնում, կարեւորվում է գույքի տնտեսումը: Իսկ գույքը տվյալ դեպքում էքսպոզիցիոն տարածքներն են, համերգային դահլիճները, թատրոնները եւ այլն…»:

Վահան Արծրունին հարց է հնչեցնում` ինչու մինչ օրս 30 տարիների ընթացքում ազատ արվեստագետի խնդիրը երբեւիցե չի եղել քննարկման առարկա վերին, իշխանական ատյաններում: Ինքն էլ պատասխանում է հարցին. «Որովհետեւ ինչ պետք է, որպեսզի այդ գույքը տնտեսվի եւ կառավարվի, բոլոր օրենքները, որ վերաբերվում են պետական գույքին, գրված են եւ գործում են վաղուց: Եղած հարաբերություները եւ ձեւաչափերը, սակայն, չեն ենթադրում անկախ հանգամանքը, որեւէ անկախ կառույցի առկայությունը, որը կստիպի պետությանը ընդհանուր դոկտրինից մասնաբաժին հատկացնել նաեւ այդ տիրույթին, հնարավորություն ստեղծել օգտվելու պետական գույքից եւ ֆինանսավորելու անկախ հատվածը: Խնդիրը ոչ թե մշակութային ալգորիթմերի կիրառման մեջ է, այլ նրանում, որ պետությունը մշակույթի դաշտին մոտենում է որպես տնտեսվարման մի ոլորտի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Արծրունու ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930