Լրահոս
Օրվա լրահոսը

«Նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես բանակից եմ տեղափոխվում այստեղ». ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան

Նոյեմբեր 21,2020 10:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի որ նա Արտակարգ իրավիճակների նախարարություն է տեղափոխվում բանակից. «Բայց, ըստ էության, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունը նույնպես մեր Զինված ուժերի մասն են, և այդ առումով կարող ենք ասել, որ փոփոխությունն այդքան էլ մեծ չէ և նույնպիսի անելիքներ կան նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ պատերազմի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շատ ակտիվ դերակատարություն են ունեցել և շնորհակալություն հայտնել այդ դերակատարման համար և հավելել. «Կարևոր եմ համարում նաև, որ Փրկարար ծառայությունը, ընդհանրապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հետագայում զարգանա՝ նաև մեր նոր ի հայտ եկած մարտահրավերները, մեր նոր կարիքները հաշվի առնելով, իհարկե հենվելով այն ամենի վրա, ինչն արդյունավետ կերպով գոյություն է ունեցել մինչև այս պահը»:

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթել ստանձնած պաշտոնում: «Երբ ինձ ներկայացնում էիք այստեղ նախարարի պաշտոնում, ես ասեցի, որ պատրաստ եմ ծառայելու Հայրենիքին և ժողովրդին. արել ենք մեր ուժերի ներածին չափով: Իսկապես շատ ծանր օրեր են եղել վերջին 8 ամիսը՝ համակարգն աշխատել է ժամացույցի նման», – իր խոսքում նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Անդրանիկ Փիլոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վտահության համար և նշել. «Քանի որ նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես բանակից եմ տեղափոխվում այստեղ, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում այն լավը, այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ, իսկ այն քայլը, որ պարոն Ցոլակյանի գլխավորությամբ արված է այս կառույցում, կփորձեմ մեկով կամ երկուսով ավելացնել: Ամեն դեպքում, ես այստեղ եկել եմ Ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր Հայրենիքին լինեմ օգտակար»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30