Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախկին նախարարը դիմել էր ՍԴ

Հուլիս 15,2026 12:30 Share

Սահմանադրական դատարան անհատական դիմումով դիմած արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել էր, որ ինչպես 2022 թ. հուլիսի 1-ից մինչև 2026 թ. ապրիլի 26-ը, այնպես էլ 2026 թ. ապրիլի 26-ից հետո՝ մինչ օրս, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ՝ պնդելու, որ կաշառք տալու և կաշառք ստանալու խոշոր և առանձնապես խոշոր չափերը Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված՝ իրավական որոշակիության հիմնարար սկզբունքին համապատասխան: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ՝ պնդելու, որ, մասնավորապես, խոշոր չափերով կաշառք ստանալու համար պաշտոնատար անձի դատապարտումը համահունչ է Սահմանադրության 72-րդ հոդվածով երաշխավորված՝ հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության հիմնարար սկզբունքին։

Ներկայացնելով իր՝ թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Փիլոյանը  Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցերը. արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրության 72-րդ հոդվածի և 81-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությանը, երբ թույլ է տալիս, որ կաշառք ստանալու համար քրեական պատասխանատվություն սահմանելիս Հայաստանը գերազանցի վերաբերելի միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները, արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և սույն դեպքում դրա հետ փոխկապակցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը համապատասխանում են Սահմանադրության 72-րդ հոդվածի և սույն դեպքում դրա հետ փոխկապակցված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածի բովանդակությանը, երբ թույլ են տալիս, որ խոշոր չափերով կաշառք ստանալու համար պաշտոնատար անձը քրեական պատասխանատվության ենթարկվի «խոշոր չափ» քրեաիրավական անորոշ հասկացության կիրառմամբ։

Դիմողը խնդրել էր. «Սահմանադրության 72-րդ հոդվածին և 81-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի պաշտոնատար անձը կաշառք ստանալու համար քրեական պատասխանատվության ենթարկվի այն պայմաններում, երբ ո՛չ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի՝ 1999թ. հունվար 27-ի կոնվենցիան, ո՛չ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի՝ 2003թ. հոկտեմբերի 31-ի կոնվենցիան իբրև կաշառք չեն գնահատում որևէ անձի օգտին պաշտոնեական գործողություն կատարելուց կամ չկատարելուց հետո պաշտոնատար անձի ստացած գույքը կամ գույքային առավելությունը, եթե մինչև համապատասխան 2 պաշտոնեական գործողությունը կատարելը կամ չկատարելը պաշտոնատար անձը չի պահանջել կաշառք, չի առաջարկել՝ իրեն կաշառք տալ, չի ընդունել իրեն կաշառք տալու առաջարկը կամ խոստումն, այլ խոսքով՝ եթե մինչև պաշտոնատար անձի կողմից համապատասխան պաշտոնեական գործողությունը կատարելը կամ չկատարելը չի եղել կաշառքի վերաբերյալ համաձայնություն: … Սահմանադրության 72-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և դրա հետ փոխկապակցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետն՝ այնքանով, որքանով դրանք թույլ են տալիս պաշտոնատար անձին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկել այն պայմաններում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետից անհնար է գալ հստակ կամ որոշակի, հետևաբար՝ կանխատեսելի և մատչելի հետևության՝ այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը հիշյալ որակական հատկանիշներով սահմանում է կաշառք ստանալու հանցակազմի խոշոր չափը, հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմն՝ ինքնին»։

Հուլիսյան ՍԴԱՈ-168 որոշմամբ՝ Փիլոյանի դիմումը դուրս էր Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից. «Քանի որ դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել