Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը․ հայտարարություն

Դեկտեմբեր 13,2020 21:07
arcax aj

ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ

2020թ. աշնանը Արցախի Հանրապետության դեմ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում հրադադարի հաստատման նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից ընդամենը մեկ ամիս հետո գրանցվեցին փխրուն խաղաղությունը խախտելու բացահայտ գործողություններ. ս.թ. դեկտեմբերի 11-ին և 12-ին Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի և քրիստոնեական Կատարո հանրահայտ վանքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են բացահայտ հարձակողական գործողություններ, որի արդյունքում կան վիրավորներ, իսկ հակառակորդը հայտնում է նաև կենդանի ուժի կորուստների մասին:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը և հայտարարությունը ստորագրած երեք կողմերին հորդորում են միջոցներ ձեռնարկել իրավիճակն արագ շտկելու ուղղությամբ և տեղյակ են պահում, որ նախկին բնագծերը չվերականգնելու դեպքում Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են լինելու կիրառել ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բոլոր հնարավոր միջոցները:

Մենք հայտարարության կողմերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ գրանցված և շարունակվող լարվածության պայմաններում խիստ պահանջված են դիտարկվում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, որի գլխավոր կետը պետք է համարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես այս տարածքում ապրող մարդկանց ապրելու անօտարելի իրավունքի ապահովման գերակա պայման:

Խմբակցությունները դատապարտում են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործողություների արդյունավետությունը կասկածի տակ դնելուն և կոչ են անում առաքելության ղեկավարությանը հասցեական գնահատական տալ գրանցված միջադեպին և ամբողջությամբ ապահովել հրապարակված հայտարարության առաջին կետից բխող բոլոր պայմանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031