«Հերթական փորձագետին լսեցինք: Եթե նախորդների դեպքում զարմացած էինք՝ գրականության ապահովման ու գրականությունից օգտվելու նրանց ունակությունների վրա, որ եզրակացություն են ներկայացնում, որը որևէ աղերս չունի եզրակացություն բառի հետ, ապա այսօր փորձագետն ինձ համար «հայտնագործություն է» փորձագետ հասկացության մասով: Վերջինս ոչ միայն չէր տիրապետում ռուսերենին, այլև նշում է, որ ռուսերեն գրականությունից օգտվել է թարգմանչի օգնությամբ: Հանձին ՔԿ ղեկավարի այնքան քամահրանքով են վերաբերում դատարանին, մեզ՝ փաստաբաններիս, որ նման փորձագետ են պահում իրենց մոտ, սա մասնագիտական ունակությունների խեղված փաստ է»,- այսօր Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ անդրադառնալով դատաձգաբանական փորձաքննություն իրականացրած փորձագետի հարցաքննությանը՝ ասաց գործով փաստաբաններից Մկրտիչ Դավթյանը։
«Այս ձևո՞վ են երկրի հանդեպ իրականացված ահաբեկչությունը բացահայտում: Պատկերացնենք՝ մենք չենք, օտարազգիներ են, որ ՀՀ-ում վխտում են, նման քայլի դիմեին ու այս փորձագետները գային այստեղ, չկարողանային ապացուցել, որ նրանք ահաբեկչություն են արել»,- հավելեց փաստաբանը։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանն էլ նկատեց, որ ինչպիսին ՔԿ ղեկավարն է, այնպիսին էլ իր փորձագետներն են. «Մի մարդ, եթե ասի, որ երբ ասել եմ իր ձեռագրով գրած, նկատի չունեմ իր ձեռագրով գրված, փորձագետն էլ այսպիսին կլինի»։
Բագրատ սրբազանի խոսքով՝ փորձաքննության ենթարկված զենքերը իրենց հետ կապ չունեն, իսկ փորձագետների հրավիրված լինելը դատաքննությանը կարևոր իրողության մասին է խոսում. «Փտած համակարգ է, մարդը արժեք չունի մեր երկրում: Այսպիսի վերաբերմունքով կարող են մոտենալ յուրաքանչյուր մարդու: Սա խայտառակություն չէ, այլանդակություն է»։
Հետո մատնացույց անելով փորձագետին՝ Բագրատ սրբազանը շարունակեց. «Սա՞ է որակը, սրա՞նք են որակ, խղճում եմ իրենց: Ենթադրում եմ՝ կոռուպցիայի հետևանք է, որ մարդկանց գործի են ընդունել անհամապատասխան կերպով, թուղթը տվել ձեռքին, ասել են գնա, արա այն, ինչ անում ես: Մարդը տեղյակ չէ՝ ինչ է գրում: 15 րոպե ընդմիջում է խնդրում, որ փնտրի, գտնի իր գրածը: Մարդը չի կարող իր գրածի համար 15 րոպե ընդմիջում խնդրել: Սա նշանակում է, որ փորձագիտություն չկա, ինչպես ձայնագրությունների, գրավոր տեքստերի մասով չկա»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































