Ռուսաստանի հետ հարաբերությունների «ինվենտարիզացիան». ռազմաբազայից մինչեւ տնտեսական կախվածություն
Ռազմաբազայի շուրջ բանավեճը
Կարդացեք նաև
Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների վերջին շրջանի ամենանշանակալի զարգացումներից մեկը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ ձեւավորված նոր բանավեճն էր։ Թվում է, առաջին հայացքից խոսքը միայն ռազմական ներկայության նպատակահարմարության մասին է, սակայն հարցը շատ ավելի լայն քաղաքական նշանակություն ունի։ Ռազմաբազայի թեման աստիճանաբար վերածվում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ապագա բնույթի վերաբերյալ ավելի մեծ քննարկման մի մասի՝ միաժամանակ ներառելով անվտանգության, արտաքին քաղաքական կողմնորոշման եւ երկկողմ հարաբերությունների վերագնահատման հարցերը։
Սեպտեմբերի 2-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ ձեւակերպեց Մոսկվայի դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է հեռանալ, եւ Մոսկվան չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։ Միաժամանակ Պուտինը ընդգծեց, որ եթե Հայաստանը ցանկանա, որ ռուսական ռազմական ներկայությունը պահպանվի, ՌԴ-ն պատրաստ է մնալ եւ համագործակցել։
Այս հայտարարությունից մեկ օր անց Փաշինյանն անդրադառնալով նույն հարցին, հայտարարեց, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, հայկական կողմը չի առարկի։ Միաժամանակ նա նշեց, որ եթե Մոսկվան ցանկանա մնալ, Երեւանը պատրաստ է քննարկել այդ հարցը։ Փաշինյանը նաեւ շեշտեց, որ Գյումրիի ռազմաբազան Հայաստանի համար կենսական նշանակություն չունի, սակայն հավելեց, որ մինչ այդ Հայաստանը ռազմաբազայի դուրսբերման հարցը չի բարձրացրել։
Այս երկու հայտարարությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք միմյանցից էապես չեն տարբերվում ձեւակերպումների մակարդակում, սակայն քաղաքական առումով բավական հետաքրքիր իրավիճակ են ստեղծում։ Ռուսաստանը փաստացի ասում է՝ եթե Հայաստանը չի ցանկանում ռազմաբազան՝ կարող են հեռանալ, իսկ Հայաստանը պատասխանում է՝ եթե Ռուսաստանն ինքն է ցանկանում հեռանալ՝ չենք առարկի։ Այսինքն՝ կողմերից ոչ մեկը տվյալ պահին չի ստանձնում նախաձեռնողի դերը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ օրերս հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի կողմից 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ որեւէ դիմում չի ստացել։ Նա կրկին ռազմաբազան բնութագրել է որպես Հայաստանի եւ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարեւոր տարր։
Նշյալ հայտարարությունը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ այն ցույց է տալիս՝ Մոսկվան առայժմ չի դիտարկում ռազմաբազայի դուրսբերումը որպես գործնական օրակարգում գտնվող հարց։ Գալուզինը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության շարունակականությունը՝ այդ թվում Փաշինյանի առաջարկած հայ-ռուսական հարաբերությունների «ինվենտարիզացիայի» շրջանակում։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն էլ սեպտեմբերի 15-ին փաստացի հաստատել է, որ ռազմաբազայի հարցով հրապարակային հայտարարություններից բացի, որեւէ գործընթաց չկա։ Այսինքն՝ այս պահին չկա ո՛չ պաշտոնական դիմում, ո՛չ բանակցային գործընթաց ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։
Հետեւաբար, ռազմաբազայի շուրջ ներկայիս զարգացումը դեռեւս պետք չէ ընկալել որպես դրա մոտալուտ դուրսբերման նախանշան։ Ավելի շուտ այն վկայում է այն մասին, որ կողմերը սկսել են հրապարակային մակարդակում ձեւակերպել այն հարցը, որը նախկինում հիմնականում դիտարկվում էր որպես հայ-ռուսական անվտանգության համակարգի անփոփոխ բաղադրիչ։
Բիշքեկի հանդիպումը. հարաբերությունները «ինվենտարիզացիայի» ենթարկելու փորձ
Փաշինյան–Պուտին սեպտեմբերյան հանդիպման ամենակարեւոր արդյունքը, թերեւս, ոչ թե որեւէ կոնկրետ խնդրի լուծումն էր, այլ այն, որ կողմերը բացահայտեցին՝ հայ-ռուսական հարաբերությունների հիմնական վիճահարույց հարցերը շարունակում են մնալ սեղանին։ Հանդիպումից հետո որեւէ կնճռոտ հարցի վերջնական լուծման մասին չի հայտարարվել։ Փոխարենը երկու կողմերն էլ խոսեցին հետագա քննարկումների մասին։ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկանում են անկեղծ եւ կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում, իսկ Պուտինը Փաշինյանին հրավիրեց Ռուսաստան՝ մասնագետների մասնակցությամբ հարաբերությունների բոլոր ուղղությունները մանրամասն քննարկելու համար։
Այս առումով կարելի է խոսել հարաբերությունների յուրատեսակ «ինվենտարիզացիայի» մասին։ Խոսքը ոչ թե մեկ կոնկրետ խնդրի, այլ հարաբերությունների ողջ համակարգի վերագնահատման մասին է՝ անվտանգությունից մինչեւ տնտեսական համագործակցություն։
Պուտինի հրապարակային խոսքում առանձնահատուկ տեղ զբաղեցրեց նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հարցը։ ՌԴ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշելու իր զարգացման ուղղությունը, սակայն միաժամանակ պնդեց, որ Եվրամիությանն ու ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելը հնարավոր չէ։ Նրա գնահատմամբ՝ ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ առաջընթացը կարող է վտանգել Հայաստանի առավելությունները ԵԱՏՄ շուկայում եւ խզել արդեն ձեւավորված տնտեսական շղթաները։
Փաշինյանի դիրքորոշումն այս հարցում այլ էր։ Նա շեշտեց, որ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը չի նշանակում, որ Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, եւ որ Երեւանը մինչ այժմ չի տեղեկացրել իր գործընկերներին ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին։
Այս հակադրությունն էական է. կողմերը շարունակում են տարբեր կերպ մեկնաբանել Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս փուլը։ Երեւանը փորձում է պահպանել որոշակի մանեւրի տարածք՝ միաժամանակ չհրաժարվելով եվրոպական ուղղությունից եւ չստանձնելով ԵԱՏՄ-ից դուրս գալու անմիջական պարտավորություն։ Մոսկվան, իր հերթին, այդ գործընթացը դիտարկում է ոչ միայն որպես Հայաստանի ինքնիշխան ընտրություն, այլեւ որպես այնպիսի քայլ, որը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական շահերի վրա։
Այս համատեքստում ռազմաբազայի հարցը եւս մեկուսացված խնդիր չէ։ Այն ընդհանուր քաղաքական վերադասավորման մի մասն է։ Եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը աստիճանաբար դառնում է ավելի բազմավեկտոր, ապա բնական է, որ պետք է վերանայվի նաեւ այն անվտանգային համակարգը, որի առանցքային բաղադրիչներից մեկը երկար տարիներ եղել է ռուսական ռազմական ներկայությունը։
Միեւնույն ժամանակ, հենց Բիշքեկի հանդիպման արդյունքները փաստում են, որ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կապերը դեռեւս ամբողջությամբ չեն փլուզվել։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, իսկ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում քննարկել համագործակցության շարունակականությունը։ Հետեւաբար ներկայիս փուլն ավելի ճիշտ կլինի բնութագրել ոչ թե որպես հարաբերությունների ամբողջական խզում, այլ որպես դրանց բովանդակության շուրջ լուրջ վերանայման շրջան։
Տնտեսությունը՝ հարաբերությունների ուժեղ եւ միաժամանակ ամենախոցելի կապը
Եթե անվտանգային ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն սառել են, ապա տնտեսական ոլորտում իրավիճակը շատ ավելի բարդ է։ Այստեղ քաղաքական տարաձայնությունները դեռեւս չեն վերացրել փոխկախվածությունը։
2026-ի առաջին յոթ ամիսների տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է շուրջ 1 միլիարդ 440 միլիոն դոլար։ Թեեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը նվազել է ավելի քան 125 միլիոն դոլարով կամ մոտ 8 տոկոսով, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերը։ Ռուսական ուղղության մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 35.6 տոկոս։
Այս ցուցանիշները մի կողմից վկայում են Ռուսաստանի շուկայի նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, մյուս կողմից՝ Հայաստանի խոցելիությունը։ Երբ մեկ երկրի բաժին է ընկնում արտահանման ավելի քան մեկ երրորդը, այդ շուկայում ցանկացած վարչական, քաղաքական կամ տնտեսական սահմանափակում կարող է արագորեն փոխանցվել Հայաստանի արտադրողներին, գյուղատնտեսությանը եւ արտահանող ընկերություններին։
Ռուսական սահմանափակումների հետեւանքները հատկապես ակնհայտ են գյուղատնտեսական արտադրանքի դեպքում։ Ըստ «Ազատության» վերլուծության՝ 2026-ի առաջին կիսամյակում դեպի Ռուսաստան լոլիկի արտահանումը նվազել է գրեթե 45 տոկոսով, սոխի եւ սխտորի արտահանումը փաստացի մոտեցել է զրոյի։ Ծիրանի եւ այլ կորիզավոր մրգերի արտահանման ծավալը նույնպես ամբողջությամբ զրոյացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մոտ 23 միլիոն դոլարի դիմաց։ Ձկան արտահանման դեպքում եւս արձանագրվել է կտրուկ անկում։
Սահմանափակումները չեն վերաբերում միայն գյուղատնտեսությանը։ Կրճատվել են նաեւ մոլիբդենի, տեքստիլի, գորգերի եւ կոշիկի արտահանման ծավալները։ Օրինակ՝ մոլիբդենի արտահանումը նվազել է շուրջ 65 տոկոսով, գորգերինը՝ մոտ 51 տոկոսով, իսկ կոշիկինը՝ մոտ 50 տոկոսով։
Սակայն այստեղ առաջ է գալիս հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ամենահետաքրքիր հակասություններից մեկը։ Մի կողմից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ, մյուս կողմից՝ ռուսական շուկայի համար Հայաստանը շարունակում է կատարել կարեւոր տարանցիկ եւ վերաարտահանման դեր։ Առանձնապես ուշագրավ է բջջային հեռախոսների վերաարտահանման աճը։ 2026-ի առաջին կիսամյակում այդ ուղղությամբ Հայաստանից Ռուսաստան է վերաարտահանվել 1,266,300 սարք՝ մոտ 400 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Հեռախոսների վերաարտահանումը կազմել է Հայաստանից Ռուսաստան արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 30 տոկոսը։
Սա փաստում է, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները շատ ավելի բազմաշերտ են, քան կարող է թվալ քաղաքական հայտարարություններից։ Մի շարք հայկական ապրանքների համար ռուսական շուկան փակվում կամ սահմանափակվում է, բայց միաժամանակ պահպանվում են այլ տնտեսական մեխանիզմներ, որոնց միջոցով Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսությունները շարունակում են փոխկապակցված մնալ։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե փորձում են նվազեցնել այդ կախվածությունը։ Էկոնոմիկայի նախարարությունն ընդգծում է հայկական արտահանման աշխարհագրության ընդլայնումը։ Այդուհանդերձ, դիվերսիֆիկացումը չի նշանակում, որ ռուսական շուկայի նշանակությունը կարելի է արագորեն վերացնել։ Դա երկարաժամկետ գործընթաց է, որը պահանջում է նոր շուկաներ, նոր լոգիստիկ ուղիներ, համապատասխան չափանիշների ներդրում եւ արտադրողների վերակողմնորոշում։
ՌԴ–ն էլ ունի Հայաստանի հետ տնտեսական կապերը պահպանելու շահագրգռվածություն
Հայաստանի համար ներկայիս իրավիճակի ամենամեծ վտանգներից մեկը քաղաքական եւ տնտեսական գործընթացների փոխկապակցվածությունն է։ Եթե տնտեսական սահմանափակումները շարունակվեն կամ ընդլայնվեն, դրանք կարող են ոչ միայն վնասել կոնկրետ արտահանողներին, այլեւ վերածվել արտաքին քաղաքական ճնշման գործիքի։
Այստեղ, սակայն, կարեւոր է տարբերակել երկու իրողություն։ Մի կողմից՝ առկա են ռուսական կողմից Հայաստանից որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներ, որոնց հետեւանքներն արդեն արտացոլվում են առեւտրային վիճակագրության մեջ։ Մյուս կողմից՝ նույն Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը։ Այսինքն՝ տնտեսական ճնշումն ու տնտեսական փոխկախվածությունը գոյություն ունեն միաժամանակ։
Այս իրավիճակը Մոսկվային տալիս է որոշակի ազդեցության լծակներ, բայց նույնքան կարեւոր է այն հանգամանքը, որ Ռուսաստանն ինքն էլ ունի Հայաստանի հետ տնտեսական կապերը պահպանելու շահագրգռվածություն։ Հեռախոսների վերաարտահանման ծավալները դրա ակնհայտ օրինակներից են։
Այստեղ է նաեւ Հայաստանի քաղաքականության գլխավոր խնդիրը։ Տնտեսական կախվածության նվազեցումը չի կարող իրականացվել մեկ քայլով, իսկ Ռուսաստանից հարաբերությունների կտրուկ հեռացումը կարող է կարճաժամկետ տնտեսական խնդիրներ ստեղծել։ Եթե ռուսական շուկայի մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ ավելի քան մեկ երրորդ է, ապա այդ շուկայի արագ կորուստը կարող է հարվածել բազմաթիվ ոլորտների։
Անվտանգային ոլորտում ռիսկերը եւս ավելի բարդ են։ Եթե ռուսական ռազմական ներկայությունը թուլանա կամ ապագայում ամբողջությամբ վերանա, Հայաստանը ստիպված է լինելու ավելի հստակ պատասխանել այն հարցին, թե ինչ մեխանիզմներով է փոխարինվելու այդ գործառույթը։
Գալուզինը հենց այս հարցն է շոշափել՝ պնդելով, որ Մոսկվան ներկայում այլընտրանք չի տեսնում եւ դժվար է պատկերացնում, օրինակ, ֆրանսիական զինվորականների նույն դերը՝ աշխարհագրական հեռավորության պատճառով։
Հայաստանի իշխանությունների եւ իշխանական մեծամասնության ներկայացուցիչների հակափաստարկն այն է, որ նախկինում ռուսական ռազմաբազայի ներկայությունը չի կանխել Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիաները։
Այսպիսով, Մոսկվան ռազմաբազան դիտարկում է որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի բաղադրիչ, իսկ Երեւանը՝ արդեն ոչ կենսական անհրաժեշտություն ունեցող ենթակառուցվածք։ Բայց նույնիսկ եթե քաղաքական որոշումը լինի ռուսական ռազմական ներկայության նվազեցումը, դա ինքնին չի լուծում Հայաստանի անվտանգության խնդիրը։ Այն ընդամենը փոխում է այդ խնդրի ձեւը։
Հարաբերությունների խզո՞ւմ, թե՞ նոր հավասարակշռության սահմանում
Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ներկայիս փուլը դժվար է բնութագրել որպես վերջնական խզում։ Առավել ճիշտ կլինի այն դիտարկել որպես նախկին հարաբերությունների մոդելի վերանայման գործընթաց, որի վերջնական արդյունքը դեռեւս ձեւավորված չէ։
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի շուրջ վերջին հայտարարությունները դրա ամենավառ օրինակն են։ Մոսկվան ասում է, որ պատրաստ է հեռանալ, եթե Հայաստանը դա ցանկանա, բայց միաժամանակ փաստում է, որ Երեւանից նման դիմում չի ստացել։ Երեւանն էլ հայտարարում է, որ եթե Ռուսաստանն ինքը որոշի հեռանալ, չի առարկի, բայց պաշտոնապես դուրսբերման գործընթաց չի նախաձեռնել։ Այսպիսով, ռազմաբազայի հարցը ներկայում ավելի շատ քաղաքական ազդակների, քան կոնկրետ բանակցային գործընթացի մակարդակում է։
Սակայն դրա քաղաքական նշանակությունը շատ ավելի մեծ է։ Տարիներ շարունակ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում ընկալվել է որպես հարաբերությունների անվտանգության հիմք։ Այժմ առաջին անգամ այդ հիմքը բացահայտորեն քննարկվում է՝ արդյո՞ք այն անհրաժեշտ է Հայաստանի համար, եւ եթե ոչ, ինչ կարող է փոխարինել դրան։
Նույն փոփոխությունը տեղի է ունենում տնտեսական ոլորտում։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը, իսկ ռուսական ուղղությունը կազմում է արտահանման ավելի քան մեկ երրորդը։ Միաժամանակ Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներն արդեն ունեն չափելի հետեւանքներ՝ հատկապես գյուղատնտեսության եւ մի շարք արդյունաբերական ոլորտների համար։
Հետեւաբար, Հայաստանի համար հիմնական վտանգը ոչ թե պարզապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն է, այլ այն իրավիճակը, երբ քաղաքական տարաձայնությունները վերածվում են տնտեսական եւ անվտանգային շոշափելի կորուստների՝ այն պայմաններում, երբ դրանց փոխարինող համակարգերը դեռ ամբողջությամբ ձեւավորված չեն։
Հայաստանի համար դիվերսիֆիկացման քաղաքականությունը, հետեւաբար, ոչ միայն ցանկալի, այլեւ անհրաժեշտ գործընթաց է։ Բայց այն պետք է իրականացվի աստիճանաբար եւ հաշվարկված։ Ռուսաստանի շուկայի կտրուկ կորուստը կարող է կարճաժամկետ լուրջ հարված հասցնել հայկական արտադրողներին, մինչդեռ ռուսական անվտանգության համակարգից արագ հեռացումը կարող է առաջացնել այլ բնույթի բացեր։
Այս պատճառով առաջիկա շրջանի գլխավոր խնդիրը Հայաստանի համար պետք է լինի ոչ թե «Ռուսաստան կամ Արեւմուտք» պարզունակ ընտրության տրամաբանությունը, այլ այնպիսի արտաքին քաղաքական եւ տնտեսական մոդելի ձեւավորումը, որը թույլ կտա նվազեցնել մեկ կենտրոնից կախվածությունը՝ առանց միաժամանակ առաջացնելու տնտեսական կամ անվտանգային վակուում։
Բիշքեկի հանդիպումը ցույց տվեց, որ Մոսկվան նույնպես գիտակցում է հարաբերությունների վերանայման անհրաժեշտությունը։ Պուտինի՝ Փաշինյանին Մոսկվա հրավիրելը եւ յուրաքանչյուր ուղղությամբ համագործակցությունը մանրամասն քննարկելու առաջարկը նշանակում են, որ Ռուսաստանը դեռեւս չի դիտարկում հայ-ռուսական հարաբերությունները որպես փակված էջ։
Հետեւաբար առաջիկա ամիսներին վճռորոշը ոչ այնքան նոր հայտարարություններն են լինելու, որքան այն, թե ինչ բովանդակություն կստանա այդ «ինվենտարիզացիան»։ Եթե կողմերը կարողանան տարանջատել քաղաքական տարաձայնությունները տնտեսական համագործակցությունից եւ ձեւավորել փոխադարձ ընդունելի նոր պայմաններ, ապա հարաբերությունները կարող են պահպանվել արդեն ավելի սահմանափակ, բայց կանխատեսելի հիմքի վրա։ Եթե, հակառակը, ռազմաբազայի, ԵԱՏՄ-ի, արտահանման սահմանափակումների եւ քաղաքական անվստահության հարցերը շարունակեն փոխադարձաբար խորացնել միմյանց, ապա հայ-ռուսական հարաբերությունները կարող են մտնել ավելի երկարատեւ եւ կառուցվածքային ճգնաժամի փուլ։
Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունների հին համակարգը դեռեւս ամբողջությամբ չի ապամոնտաժվել, իսկ նոր համակարգը դեռեւս չի կառուցվել։ Այս պայմաններում ցանկացած կտրուկ քայլ կունենա իր գինը։ Ուստի Հայաստանի համար ռազմավարական առավելությունը ոչ թե հարաբերությունների արագ խզման, այլ հնարավորինս մեծ ինքնուրույնության եւ մանեւրի տարածքի ստեղծման մեջ է՝ միաժամանակ ամրապնդելով սեփական տնտեսական, անվտանգային եւ արտաքին քաղաքական կարողությունները։
Ի վերջո, Գյումրիի ռազմաբազայի շուրջ բանավեճը միայն մեկ ռազմական օբյեկտի ապագայի մասին չէ։ Այն խորհրդանշում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ամբողջ մոդելի փոփոխությունը։ Իսկ այդ փոփոխության իրական արդյունքը որոշվելու է ոչ թե հայտարարությունների կոշտությամբ ու սրությամբ, այլ նրանով, թե Հայաստանը որքանով կկարողանա նոր հարաբերությունների պայմաններում պահպանել իր տնտեսական կայունությունն ու անվտանգությունը՝ առանց նախկին կախվածություններից նոր կախվածությունների մեջ հայտնվելու։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2026


















































