Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայց էս ամենի հետ ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանը․ «Միմինո» ֆիլմը հիշեցի»․ Ռուբեն Հակոբյանը՝ Կարապետյանի գործով վկայի հարցաքննության առիթով

Սեպտեմբեր 17,2026 20:02 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի ընթացքում արդեն շուրջ 3 ժամ է հարցաքննվում է վկա Կարեն Մարտիրոսյանը։

Նա աշխատում է Արդշինբանկում՝ Իրավաբանական բաժնում։ Ասաց, որ այս գործով մեղադրյալ Սամվել Կարապետյանին և նաև մյուս մեղադրյալներին չի ճանաչում։ Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը վկային տեղեկացրեց, որ քննվում է քրեական գործ՝ ենթադրաբար առավելապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, հարկերից խուսափելու, դրանք կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, նաև ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ձևական հանգամանքների հետ կապված մեղադրանքներով։

Շուրջ 3 ժամ շարունակվող հարցաքննության հիմնական թեման «Կայծաղբյուր» ՍՊԸ-ի և Արդշինբանկի ցեսիայի պայմանագիրն է։ Նշենք, որ «Կայծաղբյուր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի օգոստոսին։ Այն շահագործում էր «Կայծաղբյուր 2» ՀԷԿ-ը։ Ընկերության բաժնետերերը Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԵՑ) ՓԲԸ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են։

Վկան ասաց, որ «Կայծաղբյուր» ՍՊԸ-ն եղել է Արդշինբանկի վարկառուն։ Ասաց, որ միայն այդ տեղեկատվությանն է տիրապետում և նշեց․ «2017-ից սկսած՝ իմ գործառույթների մեջ վարկավորումը չի մտել, ես իրավաբանական ծառայության աշխատակից եմ, պայմանագրի ձևերն ենք կազմել, սեցիան կազմել ենք, Արցախի կառավարությանը զիջել ենք «Կայծաղբյուր» ՍՊԸ-ի նկատմամբ պահանջի իրականացումը»։

Հարցին՝ ո՞րն է եղել զիջման պատճառը, Կարեն Մարտիրոսյանը պատասխանեց․ «2020-ի պատերազմական գործողությունների հետ կապված Արցախի կառավարության ու ՀՀ կառավարության որոշման հիման վրա բանկի՝ «Կայծաղբյուր» ՍՊԸ-ի նկատմամբ պահանջը զիջվել է Արցախի կառավարությանը՝ ի դեմս Արցախի ներդրումային հիմնադրամին։ Որոշումների էությունը եղել է պատերազմից տուժած իրավաբանական անձանց աջակցության տրամադրումը և բանկի նկատմամբ իրենց պարտավորությունները զիջվելը»։

Մեղադրող դատախազի հարցին՝ այսինքն՝ «Կայծաղբյուր» ընկերությա՞նն է ուղղված եղել աջակցությունը, վկան պատասխանեց․ «Կայծաղբյուրը իրավաբանական անձ է, որը Ղարաբաղում բիզնես գործունեություն է ծավալած եղել, հետևաբար իրենց էլ է աջակցություն տրամադրվել»։

Փաստաբանը նկատեց՝ մեղադրողները ցանկանում են ներկայացնել, թե ցեսիայի պայմանագիրը ներման պայմանագիր է։ Վահե Դոլմազյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ «Կայծաղբյուր» ՍՊԸ-ն՝ ըստ պայմանագրի երրորդ կողմ չի դիտարկվել, որովհետև բանկն իր պահանջի իրավունքը զիջում եք ամբողջ ծավալով Արցախի ներդրումային ֆոնդին՝ հաշվի չառնելով պայմանագրի կողմ հանդիսացող «Կայծաղբյուր» ՍՊԸ-ի իրավունքները․ «Ինչո՞ւ «Կայծաղբյուր» ՍՊԸ-ն ցեսիայի կողմ չի հանդիսացել»։ Վկան պատասխանեց՝ դրա անհրաժեշտությունը բացակայում է՝ ըստ կարգավորումների։

Երբ քննարկումներն ընթացան այն ուղղությամբ՝ զիջման, թե պարտավորության ներման մասին է խոսքը, Արցախի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչն արձագանքեց․ «Ըստ մեր վարկային պարտավորությունների՝ մեր վարկը եղել է 9,1 միլիարդ, ոչ մի զեղչ չի եղել»։

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ նկատեց․ «Լսեցինք բազմաթիվ հիմնավոր, երբեմն ոչ հիմնավոր պատասխաններ, բայց էս ամեն ինչի հետ ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանը»։

Վկան չկարողացավ պատասխանել այս հարցին։ Փաստաբանը հարցրեց՝ ո՞ւմից ստանամ այդ պատասխանը և կատակով ասաց․ «Միմինո» ֆիլմը հիշեցի»։

Վահե Դոլմազյանն էլ ժպիտով ասաց․ «Կարողա՞ նախորդ օրը հատուկ նայել եք այդ ֆիլմը»։

Նշենք, որ վկայի հարցաքննությունից հետո դատարանը կքննի Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետի հարցը։

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել