Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացրեք Սամվել Կարապետյանի տնային կալանքը, սահմանեք վարչական վերահսկողություն, 300 միլիոնով բարձրացրեք գրավի չափը․ դատարանը քննում է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման հարցը

Սեպտեմբեր 17,2026 22:44 Share

Սամվել Կարապետյանի գործով  վկա Կարեն Մարտիրոսյանի՝ շուրջ 4 ժամ տևած հարցաքննությունն ավարտվեց։ Դատարանն ընդմիջումից հետո դատական նիստը շարունակեց՝ քննարկելով Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետի հարցը։

Հանրային մեղադրողը միջնորդեց երեք ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։

Նա դատարանի դահլիճում հայտարարեց․ «Այս վկայի հարցաքննությունը չի կարող այնպիսի էական փոփոխությունների հանգեցնել, որ խոսենք նախկինում այս հարցի քննության ժամանակ արձանագրված ռիսկի մասին՝ մասնավորապես ապացուցման գործընթացում դատակոչված անձանց վրա հնարավոր ապօրինի ազդեցության հանգամանքների հետ կապված։ Միջնորդում եմ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երեք ամիս երկարաձգել։ Այդ հարցը պայմանավորված է նրանով, որ դատակոչված անձանց թիվը բազմաթիվ է․ մեկ վկան չորս ժամ հարցաքննվում է»։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն էլ, դիմելով հանրային մեղադրողին, ասաց․ «Արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ միջնորդեիք տնային կալանքի ժամկետը երկամսյա ժամկետով երկարաձգել, և ավելի ինտենսիվ նիստեր նշանակվեին և այլ քայլեր ձեռնարկվեին, որ խոչընդոտելու ռիսկերը մեկ օր շուտ նվազեին»։

Սամվել Կարապետյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատարանին միջնորդեց Սամվել Կարապետյանի՝ տնային կալանք խափանման միջոցը վերացնել․ «Եթե դատարանը գտնի, որ հիմքեր չկան տնային կալանքի վերացման, ապա խնդրում եմ կիրառի նվազ խստությամբ խափանման միջոց՝ այն է վարչական հսկողությունը, սակայն առանց էլեկտրոնային միջոցների կիրառության, քանի որ այդ սարքը մեծ անհարմարություններ էր պատճառում»։

Ըստ փաստաբանի՝ տնային կալանքի վերացմամբ նաև կլուծվի Սամվել Կարապետյանի՝ տնային կալանքի պարագայում ուղեկցման համար երբևէ չկիրառվող հատուկ տրանսպորտային միջոցով նրան դատական նիստերին ուղեկելու հարցը, որը այդպես էլ չի տրվում։

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ տարակուսելի է հանրային մեղադրողի միջնորդությունը երկարաձգել տնային կալանքը երեք ամսով, քանի որ նախորդիվ, երբ դատարանը տնային կալանքը երկարաձգել է երկու ամիս ժամկետով,  մեղադրանքի կողմը դատական այդ ակտի դեմ բողոք չի ներկայացրել․ «Փաստացի համաձայնել է, բայց այսօր պնդում է եռամսյա ժամկետով երկարաձգումը։ Սամվել Կարապետյանի արտահայտություններում իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչ չկա։ Փորձագետները ևս գտնում են, որ դրանում կոչ չկա։ Մեղադրանքի կողմը գտնում է՝ կա։ Տեսանյութը գործում առկա է։ Առնվազն կոչի դրվագով խոսել ապացուցման գործընթացի ապօրինի միջամտելու ռիսկի առկայության մասին, փաստարկված տեսակետ չէ»։

Ըստ փաստաբանի՝ հոկտեմբեր ամսից խոչընդոտելու ռիսկը նվազած է համարվում․ «Կալանքը փոխվեց տնային կալանքի։ Եթե դատարանները չգնահատեին խոչընդոտման ռիսկի նվազում, կալանքը չէին փոխի տնային կալանքի։ Տնային կալանքի պայմանները մեղմացան։ Մենք այսօր քննում ենք խոչընդոտման՝ նվազած հիմքի նվազումը։ Ի վերջո դատավորը Սամվել Կարապետյանի պատշաճ վարքագծի մասին կարծիք կարող է ձևավորել դատական նիստերին՝ նրա մասնակցությամբ։ Սամվել Կարապետյանն արդեն 15 ամիս կալանքի տակ է, դատախազությունը ևս 3 ամիս է ուզում։ Անձ, որը երբևէ արատավորված չէ, ունի բարձրագույն կրթություն, գիտությունների դոկտոր է, զբաղվել է բացառապես ձեռնարկատիրական գործունեությամբ, այժմ նաև՝ քաղաքական, ՀՀ ռեզիդենտ է, հայ առաքելական սուրբ եկեղեցու խոշոր բարերար, ՀՀ-ում բոլոր ժամանակներում ամենախոշոր ներդրող, Ֆորբսի ցուցակում է գրանցված, ինչը ենթադրում է բարձր հանրային տեսանելիություն և պատասխանատվություն, ինչը խափանման միջոցի տեսանկյունից ավելի զսպող հանգամանք է»։

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ հայտարարեց․ «Մենք վճարել ենք արդեն 4 միլիարդ հարյուր միլիոն դրամ, էդ ո՞ր մի վկային ի՞նչ պետք է ասել, որ ռիսկի տակ դնել այդ գումարը։ Դա հենց մեղադրանքի կողմի համար շահեկան կլինի, նման փաստ արձանագրել ու գումարը սարքել պետական եկամուտ։ Բոլոր հիմքերը կան տնային կալանքը վերցնելու համար։ Ի վերջո, միջնորդում ենք 300 միլիոն դրամով բարձրացնել գրավի գումարի չափը՝ վերացնելով տնային կալանքը»։

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել