«Մարդկային առումով սա սխալ մոտեցում է»,-դատարանի դահլիճում հայտարարեց մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ դիմելով մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին:
Հիշեցնենք՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (Աննա Դանիբեկյան) դատական նիստին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց, որ ելույթ ունենա գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանը:
Սեյրան Օհանյանն ասաց. «Այս ամենը դատավարության հենց սկզբնական մասում դրված հիմքի շարունակությունն է: Երկու մարդու վեճի միջև չի կարող մեկը լինել՝ որպես ասենք հարցը լուծող կողմ, դատավոր: Ակնհայտ է, որ կողմնակալ մոտեցում այստեղ կա, այնպես, ինչպես այս դատավարության ընթացքում: Այստեղ քաղաքական հետապնդում կա, և նաև ընտրված մեղադրյալներ կան, ոչ ճիշտ կողմերի ներկայություններ: Նկատի ունեմ և՛ նախագահողին, նրա աշխատակազմին, և՛ տուժող կողմի ոչ ճիշտ ընտրությունը, և միայն բանակի նկատմամբ նույնպես կողմնակալ մոտեցում կա, իմ ու գեներալ Խաչատուրովի նկատմամբ ևս: Այս պարագայում մենք՝ որպես պաշտպանվող կողմ, պնդում ենք, որ սա քաղաքական հետապնդման արդյունք է»:
Սեյրան Օհանյանը նաև նշեց՝ պաշտպանվող կողմի վրա հայտարարությունների համար րոպեներ դնելը ևս քաղաքական հետապնդման արդյունք է. «Եթե Արմեն Գևորգյանն իր միտքը մինչև վերջ արտահայտեր, և նրանում քաղաքական տար լիներ, գտնում եմ՝ հետագայում այս դատավարությունից հետո ինչ-որ մարդիկ հարցնելու էին Ձեզ՝ ինչո՞ւ թույլ տվեցիք, որ նա քաղաքական հայտարարություն անի: Այս դատավարության մեջ ընդգրկված մարդիկ ռազմաքաղաքական գործիչներ են եղել, և գտնում ենք, որ նաև քաղաքական հետապնդում կա այս գործընթացում: Ձեր կատարած քայլը դրա շարունակությունն է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































