Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրյալներից որևէ մեկի նկատմամբ դատարանը խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում». դատավոր Սարգիս Պետրոսյան

Սեպտեմբեր 25,2026 11:40 Share

Հակակոռուպցիոն դատարանը քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը: Դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

«Դատարանը մեղադրյալների նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ փախուստի դիմելու և նոր հանցանք կատարելու հավանականությունը, դատարանի գնահատմամբ, իսպառ բացակայում է, իսկ օրենքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն էլ մեղադրյալների իրավունք-պարտականություններից է բխում, պատշաճ կարգով այս շուրջ 2 տարիների ընթացքում մեղադրյալները պահպանել են։ Մեղադրյալներից որևէ մեկի նկատմամբ դատարանը խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում»,- նշեց դատավորը։

Ավելի վաղ Սեյրան Օհանյանը նշել էր. «Իմ նկատմամբ այսօր երկու խափանման միջոց կա կիրառված այլ գործերով՝ մեկը գրավադրմամբ, մյուսը՝ ստորագրություն չհեռանալու մասին… Համոզված եմ, որ դատարանում դատական գործընթացի ընթացքում նաև հաշվի կառնվի իմ պարտականությունների կատարումը և վաղեմությունը… սա մեկ, և կարծում եմ, որ ևս մեկ անգամ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա: Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված այս գործի վերսկսման հենց սկզբնական փուլում ուզում եմ նաև տեղեկացնել մեր հանրությանը, որ խախտվել է պատգամավորի անձեռնմխելիության հետ կապված խնդիրը: Ես չէի ուզի, որ խափանման նոր միջոց կիրառելու շրջանակում կողմնակալ մոտեցում կիրառվեր մեր նկատմամբ և նաև իմ նկատմամբ:

Երկրորդը՝ սկսած 2018 թվականից դատավարական այս գործընթացների մասնակցության շրջանակներում մեր կողմից որևիցե մի խախտում չի եղել: Բազմաթիվ անգամ ես և նաև մեր գործընկերները, անհրաժեշտության դեպքում (նաև բուժման, առողջականի հետ կապված հարցերով), դուրս ենք եկել և հետ ենք վերադարձել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել