Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ ջան, թավիշը վերջացրու»

Փետրվար 19,2021 10:00

Նախքան այս հոդվածը կարդալը՝ խնդրում եմ դիտել տեսագրությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 17-ին Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ճանապարհներին 4 կանգառների մասին: Երկրի ղեկավարը շփվել է Մաստարա, Աշնակ, Ներքին Բազմաբերդ եւ Ուջան գյուղերի բնակիչների՝ հիմնականում միջին տարիքի եւ տարեց տղամարդկանց հետ: Ընդամենը 15 րոպե տեւող տեսագրություն է, բայց, կարծում եմ, հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմելու մեր երկրի եւ մեր հասարակության մասին:

Գուցե ոմանք ասեն, որ այդ կանգառները պատահական չէին, եւ հավաքված էին հատուկ ընտրված մարդիկ: Չգիտեմ՝ այդպես է, թե ոչ: Ինձ փոքր-ինչ տարօրինակ թվաց, որ նախկին Թալինի շրջանի Աշնակ գյուղում, որտեղ, որքան գիտեմ, Դաշնակցության ազդեցությունը մեծ է, «ժողովրդի ներկայացուցիչը» կոչ էր անում «վերացնել էս ազգից» նաեւ այդ կուսակցությունը: Բայց եկեք վերանանք այդ կասկածներից եւ ընդունենք, որ մարդիկ ասում էին իրենց սրտից բխած խոսքերը:

Եվ այսպես, Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «հասարակ ժողովրդի» ներկայացուցիչներից ոչ մեկը չհարցրեց, թե «պարոն վարչապետ, այդ ինչպե՞ս եղավ, որ մենք պարտվեցինք պատերազմում, որ ունենք հազարավոր զոհեր եւ վիրավորներ, որ կորցրել ենք Արցախի 70 տոկոսը, իսկ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում են ադրբեջանցիների նշանառության տակ»: Նոյեմբերի 10-ից հետո վարչապետին առաջին անգամ տեսած քաղաքացին, կարծում եմ, բնական է, պիտի հետաքրքրվեր այդ հարցերով: Բայց պարզվում է, այդ համայնքների բնակիչներին նման հարցերը բացարձակապես չեն հուզում: Նրանց ուշադրության կենտրոնում են ներքաղաքական կրքերը, իսկ ավելի կոնկրետ՝ նրանք պահանջում են հաշվեհարդար տեսնել «սերժառոբականների» հետ: Ստացվում է, որ հենց դա՛ է, ըստ նրանց, մեր երկրի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրը:

Եթե Հայաստանում գերիշխում է նման մտածելակերպը, ուրեմն ներկայիս վարչապետը «քարթ-բլանշ» ունի ոչ միայն իշխելու մոտակա տասնամյակների ընթացքում (դա ամենամեծ ողբերգությունը չէ), այլեւ կատարելու ցանկացած ապօրինություն, ինչպես նաեւ թշնամուն հանձնելու Հայաստանի ցանկացած գյուղ կամ շրջան: Ամեն մի գյուղ հանձնելուց հետո կարելի է գնդակահարել որեւէ «ժողովրդի թշնամու»՝ տեսագրության մեջ ներկայացված «էլեկտորատի» հրճվալից բացականչությունների ներքո:

Եվ այստեղ ես հակված եմ մեղադրելու ոչ այնքան Փաշինյանին, որքան առաջին հերթին նույն «սերժառոբականներին»՝ երկու տասնամյակների ընթացքում հասարակությունը լյումպենացնելու համար, որի արդյունքում անջատվում է մարդկանց ուղեղը, արթնանում են պարզունակ «շարիկովյան» բնազդները, բթանում է պետության եւ հայրենիքի զգացողությունը:

Քաղաքացիները կոչ են անում վարչապետին «թավիշը վերջացնել»: Տեսնես, նրանք գիտե՞ն, թե «թավիշն» ինչ է: Թե՞ նրանց հուշել են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Armen says:

    Ձեր նշած «սերժառոբականների» հանդեպ ժողովրդի ատելությունը այնքան մեծ է, որ մնացած զգացողությունները մղվում են երկրորդ պլան, թվե՞լ պատճառները, բոլորը լավ տեղյակ են և հիշում են: Մեր հայրենակից գյուղացիներին անվանել «լյումպեն», «ժեխ», «բոմժ» առնվազն ազնիվ չէ: Վերջին երեք պիտակները «սերժառոբական» վերնախավին են սազում…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իհարկե, չի կարելի մարդկանց որեւէ պիտակ կպցնել: Նրանք ՀՀ քաղաքացիների մեծամասնության ներկայացուցիչներն են: Փաշինյանը իշխանությունը նրա՛նց իշխանությանն է՝ ժողովրդավարական բոլոր նորմերին համապատասխան:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Այսինքն՝ կույր ատելությամբ սնվող կենսազանգվածը այնքան է պողոսացվել, որ կորցրել է անգամ ինքնապաշտպանական բնազդը եւ պատրաստ է «դուխով» համբուրել թուրքի յաթաղանը: Ամենավերջին բոմժն անգամ այս աստիճանի ապուշ չի կարող լինել…

      «Սերժառոբական» վերնախավն իհարկե իդեալական չէր, բայց գոնե դավաճաններ ու ազգադավ հողատուներ այնտեղ չկային՝ ի տարբերություն «լեւոնանիկոլական» քիրվայական վերնախավի…

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Սպասենք պավլիկմորոզովյան դրսևորումների: Դա կլրացնի հասարակության բարոյալքման պատկերը:

  3. Garo says:

    Ես կասեյի հակառակը: Լևոնանիկոլասոռոսական պրոպագանդանա երկար տարիներ մարդկանց համոզել, որ իրանք վատ են ապրում քանի, որ ղարաբաղյան կլանը և/կամ չար ռուսները իրանց թալանում են:
    Վայ վայ եկան ժողովրդին աղքատացրին: Կարելիա մտածել Ռոբի գալու պահին աղքատությունը երկրում 85տոկոս չէր, միջին աշխատավարձը 30դոլլար չէր, բոլորը մուլտիմիլիոնատեր էին:))

    Մինչև հիմա էլ շարունակում են էտ պրոպագանդան, այ չհասցրինք մոնումենտի դղյակները ԱԹՍ սարքենք, բայց հեսա հեսա թալանը հետ ենք բերելու:
    Իրանց լյումպեններն էլ հլը հույսով սպասում են, որ թալանը հետ բերեն բաժանեն իրենց:

    Հա Սոռոսական ասելով պետքա հասկանալ արևմուտքից ֆինասնավորվող բոլոր ՀԿ -ները, ԶԼՄ-ները ազատություն ռադիոկայան բան: Թե չէ էտ մանիպուլյացիան էլ կա չէ, որ ասենք Դանիել Իոնիսյանը կամ Ստյոպա Սաֆարյանը ասում են, ես Սոռոսի ֆոնդից մի կոպեկ չեմ ստացել:
    Սոռոսի ֆոնդից չես ստացել, ասենք ՆԵԴ-ից ես ստացել, որ ԿՀՎ -ի հետ ասոցացվող կառույցա:

  4. Հ.Շ. says:

    Այդ հասարակութիւնը այդպէս էր, ի սկզբանէ: Ամենահաւանական բացատրութիւնը այն է, որ Սովետն է, որ զանոնք դարձուց այդպէս ( սերնդափոխութեան հետ կապ չունի, քանզի Homo Sovieticusի էական բնոյթը անցած է այդ տարածաշրջանի բնիկների ծիներուն խորքը. դրա այժմու ցայտուն փաստը՝ յետ-սովետական ժամանակներուն հասակ առած, նոյնիսկ դուրսերը – քիչ թէ շատ… – դաստիարակուած այդ իմքայլականներն են, որոնք հոյակապ կերպով neo-բոլշեվիզմը կը մարմնաւորեն: Յաւելեալ փաստ մը՝ նոյնիսկ արեւմտեան երկիրներ արտագաղթած հայաստանցիներու նշանակալից հատուած մը, ներառեալ նոյնիսկ երկու, երեք սերունդներէ ի վեր արդէն այդպէս, դուրսը ապրողները: )

    Հետեւաբար, այո, նախկինները ծանր թերացում մը ունին այդ նիւթին մէջ, դա հաստատ բան է: Սակայն ոչ թէ՝ քանի որ իրենք այդ հասարակութիւնը դարձուցին այսպէս, այլ՝ որովհետեւ զայն չբարելաւեցին, չբարեփոխեցին, չդարմանեցին: Նախ մարդ չդարձուցին, յետոյ ալ բառին ազգային իմաստով՝ հայ:

    Սակայն այդ հաստատումն ալ կրնայ հարցականի տակ ըլլալ: Որովհետեւ, թերեւս, նախկինները պարզապէս հասկացան որ ի զուր է, ապարդիւն է՝ աւելորդ ջանքեր կատարել այդ հասարակութիւնը հոլովոյթի ենթարկելու համար. ուրեմն անոր վրայ գիծ քաշեցին, զբաղուեցան աւելի արտաքին խնդիրներով, կամ ել իրենք իրենցմով (սակայն անոնց մէջ անպարկեշտները, պատեհապաշտներն ու նիւթամոլներն ալ՝ եղան այդպէս, քանի որ անոնք ալ լաւ գիտէին որ երկրում շատ, շատեր, բնակչութեան զանգուածային մեծամասնութիւնը, թէ ով լինէին իրենց տեղը, նոյնպէս անխնայ, վայրագ եւ անկուշտ կերպով շահագործելու էին իրենց դիրքը, իրենց ու իրենց մօտիկների անձնական վիճակը բարելաւելու համար – դրա փաստն ալ, նոյնպէս՝ այժմու յեղափոխական իշխանաւորները, իրենց նոյն՝ «խծբ» համակարգով… – : )

    Ու այսպէս անցաւ քառորդ դար մը: Մինչեւ որ վերջապէ՜ս հասան՝ այդ մասսայական հասարակութեան համապատասխան, պատշաճ եւ արժանի, այժմու իշխանութիւնները: Ու կաթսան գտաւ իր հարազատ կափարիչը:

    ( Իմ նմաններին այպանողներ կայ, թէ նախկինում, բաւարար չէինք խօսում: Դեհ ուրեմն, ասկէ ետք, անզուսպ կը խօսինք… Անցեալի մեր համբերատար, քաղաքավար եւ փափկանկատ լռութեան ալ տեղը կը հանենք, մեծ հաճոյքով: Արդէն բան չմնաց կորսնցնելիք: )

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940

  5. Garo says:

    Կողքի հոդվածից էլ https://www.aravot.am/2021/02/19/1172157/ արդեն պարզ դարձավ, որ Նիկոլին պաշտող ժողովուրդը իրականում հին լևոնական “նեղացկոտ” Ժորա Սափեյաննա եղել իր խմբով:

  6. Ruben says:

    Մաստարա, Աշնակ, Ներքին Բազմաբերդ եւ Ուջան գյուղերի բնակիչներ, պետք չէ արտագաղթել և գոյատևելու միջոց չփնտրել Ռուսաստանում (սկսած
    Կալինինգրադից մինչեւ Սախալին): Կամ եթե գնում եք խոպան՝ ձեր սրբին ձեզ հետ տարեք: GPS-ն ու GLONASS-ն էլ ձեզ ղուրբան, հանկարծ չկորեք:

  7. Իրատես says:

    Եթե ժողովրդի մի հատվածը կարծում է, որ Սպիտակի երկրաշարժը ռուսներն էն կազմակերպել, իսկ էս վերջինն էլ թուրքերը՝ ի՞նչ սպասես այդ մարդկանցից։ Էտ մարդիկ իրենց չեն ծանրաբեռնի հարցով՝ բա միջին դարերում ովքե՞ր էին կազմակերպում Անին ու Դվինը ավերող երկրաշարժերը՝ սելջուկներն ու մոնղոլնե՞րը։ Մեր ժողովրդի շատ ու շատ կրթված և ոչ այնքան կրթված ներկայացուցիչների ուղեղը եթե տիրապետում է A, B և C փաստերին՝ փորձում է անել եզրակացություն՝ որը բացատրում է միայն փաստերից մեկը։ Օրինակ A փաստը։ Երբ ասում ես՝ եղբայր, քո եզրակացությունը չի բացատրում B և C փաստերը կամ նույնիսկ հակասում ա՝ աչքերը կլորացնում են ու ասում «ախպեր չգիտեմ ոբշմ» ու 5 րոպե հետո շարունակում նույն կերպ «տրամաբանել» մեկ ուրիշ հարցով։

  8. Արամ Աբրահամյան says:

    Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար: Ուրախ եմ, որ իմ գրածները քննարկման առիթ են դառնում, անկախ նրանից, թե ով որքանով է կիսում իմ կարծիքը

  9. Aha says:

    2 դիտարկում՝
    1) Այս տեսահոլովակներից վերահաստատվում է հայտնի ճշմարտութիւնը՝ կործանվող հասարակություններին բնորոշ է իրական խնդիրները չնկատելը. Օրինակի համար հիշել բիւզանդական կայսրութեան մայրաքաղաքում տիրող մտնոլորտը թուրքերի հարձակումից առաջ։
    2) Պարոն Աբրահամյան մի համեստ առաջարկ՝տեսնել եթէ հնարավոր է հատուկ software օգտագործել comment-ների արդիւնավետ համակարգման համար։ Տեսնել Disqus.com
    Շնորհակալություն։

  10. Ջորդանո Գալիլյան says:

    Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք ժեխ-բոմժ-լյումպեն չենք ճանաչի: Եւ ինչ էլ լինի՝ մենք չենք դադարի պաշտել նիկոլչեբեյին, մենք չենք դադարի հանձնել Սյունիքը, մենք չենք դադարի լիզել թուրքի կոշիկը…

  11. Ջորդանո Գալիլյան says:

    Քաղաքացիները կոչ են անում վարչապետին «թավիշը վերջացնել»

    Վարչաղետը թավիշը վերջացնելու միայն մեկ հնար ունի.
    Եթե լյումպեն ու ժեխ չես՝
    Պիտի բերման ենթարկվես,
    Եթե ուղեղ դու ունես՝
    Հաստատ պիտի դու նստես:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728