Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Արտաշավանի Սբ. Թադեւոս առաքյալ եկեղեցում

Փետրվար 27,2021 12:00

Արտաշավանը Արագածոտնի հին բնակավայրերից է: Գյուղի հնագույն ու պատմական անվանումը Որդկան է, որը հիշատակվում է դեռեւս 13-րդ դարում Հովհաննավանքի արձանագրություններում: 1200թ. վիմագրում նշված է, որ Զաքարյանները ազատագրելով Արագածոտնը, Որդկան գյուղը նվիրաբերել են մեծահռչակ վանքին: Այն վերահաստատել են նաեւ Հովհաննավանքի 1258 եւ 1283 թթ. արձանագրություններում:

Հետագայում, գյուղը մի քանի անգամ հիշատակում է 17-րդ դարի պատմիչ Զաքարիա սարկավագ Քանաքեռցին: Այն 1637թ. Հովհաննավանքին տվել է վեց ստակ մուլք: Գյուղը հայաթափվել է 18-րդ դարի երկրորդ կեսին եւ 1831թ. նշվել է որպես լքված գյուղատեղի: 1840-ական թվականների սկզբում Հ. Շահխաթունյանցն այցելել է գյուղ (այդ ժամանակ անվանվել է Իլանչալան) եւ նշել, որ այնտեղ բնակվում են 11 տուն հայեր: Խորհրդային տարիներին գյուղը վերանվանվել է Արտաշավան, ի պատիվ կարբեցի հեղափոխական, բոլշեւիկ Արտաշես Մելքոնյանի:

Սբ Թադեւոս առաքյալ եկեղեցին գտնվում է գյուղի արեւելյան մասում, Արջուտ գետի ձորակի աջ եզրին: Ըստ ճարտարապետական վերլուծության՝ թվագրվում է 13-րդ դարով: Այն արտաքինից ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկա է: Ներքին տարածությունը 2 շարք 3-ական սյուներով բաժանվում է 3 նավերի, որոնցից միջինը արեւելքում ավարտվում է կիսաշրջան խորանով, իսկ եզրայինները՝ ուղղանկյուն ավանդատներով: Սյուներից պահպանվել են արեւելյան հանդիպակաց 2-ի խարիսխները: Ունեցել է 2 մուտք՝ արեւմուտքից եւ հարավից: Գտնվում է ավերակ վիճակում, պահպանվել են արեւելյան պատը եւ հատվածներ՝ արեւմտյան, հյուսիսային, հարավային պատերի հիմքերից: Խորանի վրա պահպանվել է 6 սյունանի վեղարածածկ զանգակատունը: Կառուցվել է սեւ եւ կարմրագույն սրբատաշ տուֆից, կրաշաղախով:

Եկեղեցին կործանվել է 1679, 1827 եւ 1840 թթ. երկրաշարժերից: Հատկապես 1679թ. երկրաշարժի ժամանակ խարխալվել են եկեղեցու պատերն ու ծածկը, իսկ 1827թ. փլվել վերջնականապես: Այդ երկրաշարժերից ավերվել է նաեւ Արտաշավանի մյուս՝ 7-րդ դարի եկեղեցին, որը նույնպես գյուղի արեւելյան մասում է, ձորակի մեջ:

1882թ. ապրիլի 1-ին գյուղի հասարակությունը խիստ մտահոգվելով եկեղեցու ավերակ վիճակով, խնդրագիր է ներկայացրել Էջմիածնի Հայոց լուսավորչական Սինոդին՝ իրենց ծախսով այն վերանորոգելու համար: Նրանք գրել են. «Կարփւոյ գաւառի Իլանչալան գիւղ, որ բաղկանում է երեսուն եւ երկու տուն քրիստոնեից հայ հասարակութիւնից եւ սոքա զրկուած են այժմ իւրեանց հոգեւոր մխիթարութիւնից – վասն զի մեր Սուրբ Թադէոս առաքեալ եկեղեցւոյ որմունք ի հիմանէ քայքայեալ եւ փլուզեալ են: Ուստի խնդրիմք սրբազան Սինօդէտ տալ իրաւունք մերոյ հասարակութեան առ ի նորոգել եկեղեցիս մեր ի հիմանէ ծախիւք մերովք, որով չզրկուեմք ի հոգեւոր մխիթարութիւնէս»:

Խնդրագիրը ստորագրել են 30 գյուղացիներ: Մայիսի 24-ին Սինոդը քննարկել է խնդրագիրը եւ որոշել թույլատրել գյուղացիներին վերանորոգելու եկեղեցին:

Կարծում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել գյուղի պատմական անվանումը, մաքրել եկեղեցու տարածքը, կատարել հնագիտական ուսումնասիրություններ եւ նախապատրաստել այն վերանորոգման:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
26.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728