Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես հպարտ եմ ձեզանով»․ դպրոցահասակ երեխան դիմեց վարչապետին

Մարտ 28,2021 22:21

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի մի քանի գյուղ։

Մյասնիկյան համայնքում վարչապետը բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախ ընթերցեց գյուղից պատերազմում 12 նահատակների անունները, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը, ապա վարչապետը ելույթ ունեցավ։

Խոսեց գյուղատնտեսությունից, ասաց՝ ՀՀ-ի  444 հազար հեկտար հողերի կեսը չի մշակվում, վարելահողերի 74%-ը ոռոգման ջրի հասանելիություն չունի, մինչդեռ մեր լեռնաշխարհում այնքան ջուր է գոյանում, որ ոչ միայն մեզ կբավարարեր, այլեւ ավելցուկ կունենայինք։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախն ու Հայաստանը պետք է  նորովի կառուցել․ «Բայց դրա համար, որպեսզի նահատակների հիշատակի առաջ ազնիվ լինենք, մենք պետք է հետհայացքով հասկանանք՝  ի՞նչն ենք սխալ արել վերջին երեսուն տարիների ընթացքում։ 21 -րդ դարն է, անցնում ենք գյուղերով, բարեկեցության արտահայտություն չկա, կան ցեխերի մեջ թաղված փողոցներ, կիսավեր ցանկապատներ, գույներից զրկված տներ, շենքեր, եւ սա ամենուր է Հայաստանում։ Երեսուն տարվա ընթացքում հաղթանակների մասին խոսելով՝ մեր թիկունքում պարտություններ են հյուսվել ու կառուցվել,  այսօր մենք պետք է  այս խնդիրը լուծենք»։

Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Պարտությունից հետո տեսանք՝ ինչ իրադարձություններ են տեղի ունենում, պարզվեց, որ պատերազմի պահին հինգ հազար  մարդ կա, որը պատրաստ է կառավարության շենքի վրա գրոհել, մինչդեռ գրոհելու տեղը բոլորովին ուրիշ էր, պարզվեց, որ  Հայաստանում քաղաքական գործիչներ կան, որ պատերազմի ընթացքում զանգում էին իրենց, ասելով ՝գեներալներին, ոչ թե ասելու ՝ գնացեք հակառակորդին հաղթեք, ասում եին՝ եկեք Երեւանում իշխանության հարցը լուծեք։ Որովհետեւ Ղարաբաղի հարցը ոմանց համար ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ իշխանություն տալու-առնելու միջոց»։

Այս հավաքին էլ էին երեխաներ մասնակցում։ Նիկոլ Փաշինյանը, դիմելով նրանց, հարցրեց․ «Երեխաներ, ձեզ ո՞նց են բերել այստեղ, ճիշտն ասեք, հո չե՞ն ասել՝ եթե չգաք, վատ գնահատական կդնենք, էս կանենք, էն կանենք, կտանենք ոստիկանության բաժին, քրեական գործ կհարուցենք ձեր դեմ»։ Հավաքվածներից պատասխան հնչեց՝ ոչ, կամավոր են եկել։
«Բա ինչի՞ եք եկել»,-հարցրեց վարչապետը։

«Բոլորս էլ կամավոր ենք եկել»,-փոքրիկների փոխարեն պատասխանեց մի տղամարդ։ Իսկ մի դպրոցահասակ երեխա, որի անունը Գոռ էր,  տեղից կանչեց՝ ձեր կողմից ենք։ Ապա շփոթված շարունակեց, երբ Փաշինյանը դիմեց նրան․ «Ես հպարտ եմ ձեզանով, որ դուք, մեր նման վարչապետ ենք ունեցել»։

Վարչապետը նրան հրավիրեց հարթակ, երբ նա մոտեցավ երեխային, վերջինս հուզվեց,  լաց եղավ, հետո բարձրացավ հարթակ ու  արտասանեց։

«Մեզ շատ են քննադատում, մեր հավաքներին շատ երեխաներ են մասնակցում, բայց ես հպարտ եմ դրանով, որովհետեւ նրանք ամենակարեւորն են, որովհետեւ այն, ինչ խոսում ենք, ապագայի մասին ենք խոսում»։

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց շատ հարցերում հանրությանը հիասթափեցնելու համար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031