Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային սեփականության կարգավիճակի գնահատումը կնպաստեր պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը

Մարտ 29,2021 12:30

Հայկական պատմամշակութային ժառանգության մասին վկայությունների կարելի է հանդիպել ամենուր

Աշխարհի տարբեր երկրներում կան հայկական պատմամշակութային անշարժ եւ շարժական ժառանգություններ, օրինակ, Վրաստանում գտնվող՝ Սուրբ Խաչ, Սուրբ Նշան, Սուրբ Գեւորգ եկեղեցիները, Մոլդովայում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Աստվածածին եկեղեցիները եւ այլն։

Հայկական պատմամշակութային ժառանգությունները պահվում եւ պաշտպանվում են համաձայն տվյալ երկրի օրենքների՝ «Մշակութային ժառանգության պահպանության մասին», «Հուշարձանների պաշտպանության մասին», «Մշակույթի մասին» եւ այլ մշակութապաշտպան օրենքների։

Հայաստանը նաեւ անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին 1992 թվականի հունիսի 9-ից, եւ Հայաստանում գտնվող մի քանի եկեղեցիներ, մասնավորապես՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հաղպատ եւ Սանահին վանքերը, Գեղարդի վանական համալիրը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի հայ-ադրբեջանական պատերազմից հետո, տարածքների հետ մեկտեղ Ադրբեջանի կազմի մեջ անցան նաեւ հայկական պատմամշակութային ժառանգությունը, մասնավորապես, Շուշիում գտնվող թանգարանները՝ կերպարվեստի, գորգերի, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարը, Սուրբ Հովհ. Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին, Ակնայում (Աղդամ) Վանքասար եկեղեցին, Քարվաճառում (Քելբաջար)՝ Դադիվանքը, Գանձասարը եւ այլն։

«Ադրբեջանը վարում է փոփոխվող քաղաքականություն՝ սկսած հայկական մշակութային ժառանգության ավելումից մինչեւ դրանց ալբանական ճանաչում տալը։ Մասնավորապես, Արցախի Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի XII-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիեւը ասել է. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին եւս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, եւ նրանք այստեղ եւս գալու են…»,-գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում։

Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանն իր օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիներն անվանում է ալբանական, լավագույն օրինակն է Սուրբ Եղիշե եկեղեցին (Քթիշի Աղվանից), որն այժմ նույնպես գտնվում է Ադրբեջանի տարածքում եւ ճանաչվում է որպես ալբանական եկեղեցի։

Հայկական պատմամշակութային ժառանգությունից ազատվելու քաղաքականության երկրորդ ձեւն էլ դրանց հիմնահատակ ոչնչացումն է, օրինակ՝ ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ հայտնի է «Կանաչ ժամ» ժողովրդական անվանումով, Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

Հիմնահատակ ավերման դեպքեր կրկին հանդիպում ենք անցյալում, օրինակ՝ ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող Բագրեւանդի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Կարմրավոր վանքի տեղանքը եւ այլն։

Ի դեպ, դեռ անցյալ տարի հրադադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների արդյունքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեն հայտարարություն էր ընդունել՝ «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ մշակութային արժեքների պահպանության եւ անկախ տեխնիկական առաքելության ստեղծման վերաբերյալ»։

Հայտարարության մեջ նշվել էր. «2020թ. նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը պատրաստակամություն է հայտնել ստեղծել անկախ տեխնիկական առաքելություն՝ առավել նշանակալի մշակութային սեփականության կարգավիճակը գնահատելու համար։ Կոմիտեն, նշելով հակամարտության ընթացքում հաղորդված մշակութային արժեքներին հասցված վնասները, վերահաստատելով մշակութային ժառանգության համընդհանուր չափումը՝ որպես պատմության վկայություն՝ անբաժան ժողովուրդների ինքնությունից, որը պաշտպանելն ու պահպանելը ապագա սերունդների համար միջազգային հանրության պարտականությունն է, հիշեցնելով Մշակույթի պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի դրույթները, որին մաս են կազմում նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը, հիշեցնելով Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձեւը, որն ընդգծում է, որ մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, թալանը եւ մշակութային արժեքների մաքսանենգությունը զինված բախումների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումների կողմից, եւ պատմական արմատների ու մշակութային բազմազանության ժխտման փորձերն այս համատեքստում կարող են թեժացնել եւ սրել հակամարտությունները, խոչընդոտել հետհակամարտական ազգային հաշտեցումը՝ այդպիսով խաթարելով անվտանգությունը, կայունությունը, սոցիալական, տնտեսական եւ մշակութային զարգացումը՝ կոչ է անում՝ պաշտպանել մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում՝ ապագա վնասների կանխարգելման համար»։

Կազմակերպությունը դիմել էր ներգրավված բոլոր կողմերին՝ ձեռնարկել բոլոր անհապաղ եւ անհրաժեշտ միջոցները՝ կանխելու թալանը եւ պաշտպանելու մշակութային ունեցվածքն իր բոլոր ձեւերով, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում։
Հայկական կողմից շարունակվում են դիմումները միջազգային ատյաններին Ադրբեջանի օկուպացված տարածքներում պատմամշակութային ժառանգությունը պաշտպանելու վերաբերյալ։ Ակտիվ պայքարողներից են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական գրասենյակը։

Նրանք ապավինում են Եվրոպական խորհրդարանի այս տարվա հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականություն» (CFSP) զեկույց-բանաձեւում Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման, իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց եւ փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների եւ զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ դրույթների ամրագրմանը, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահներին, նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017թ. մարտի 24-ի նստաշրջանում ընդունված թիվ 2347 բանաձեւում ամրագրված դրույթներն առ այն, որ «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, թալանը եւ մշակութային արժեքների մաքսանենգությունը զինված բախումների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումների կողմից, եւ, այս համատեքստում, պատմական արմատների ու մշակութային բազմազանության ժխտման փորձերը կարող են թեժացնել եւ սրել հակամարտությունները, խոչընդոտել հետհակամարտական ազգային հաշտեցումը, այս կերպ խաթարելով տուժած երկրների անվտանգությունը, կայունությունը, սոցիալական, տնտեսական եւ մշակութային զարգացումը»։

Մելինե ԳԱԼՈՒՍՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031