Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեջեպի «ջոկերը» եւ թուրքական պոկերը

Ապրիլ 13,2021 22:00

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանը շարունակում է իր ակտիվ արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով։ Մերթ նա «ավտորիտար ինտերնացիոնալի» հավատավոր առաջամարտիկ է, մերթ՝ ժողովրդավար Արեւմուտքի հավատարիմ դաշնակից, երբ խոսք է գնում Ուկրաինան պաշտպանելու մասին, մերթ՝ Ռուսաստանի վստահելի, նաեւ՝ սիրելի բարեկամ, երբ նույն Արեւմուտքը մատ է թափահարում Մոսկվայի ուղղությամբ, իսկ Մոսկվան մտմտում է Էրդողանին վերածել մի ոզնու եւ գցել Արեւմուտքի շալվարի մեջ, մերթ աշխարհի թյուրքերի «հայր», մերթ աշխարհի «մուսուլմանների թիվ մեկ պաշտպան»։

Միջազգային հարաբերություններում խաղաթղթերի կայծակնային վերադասավորումների պայմաններում սեփական շահերը պաշտպանելու համար Էրդողանի Թուրքիան ուղղակի դատապարտված է հանդես գալ ուժի դիրքերից եւ օգտագործել իր բոլոր առավելությունները՝ ձեռքում ոչ միայն պահելու իր «ջոկերը», այլեւ հնարավորությունն ինքնուրույն որոշելու, թե որ դեպքում իր այդ «ջոկերը»՝ ինչ գույն եւ ինչ նիշ է ունենալու։ Եվ թուրքական այդ պոկերի՝ տարբեր սեղանների վրա միաժամանակյա խաղի սեանսում Էրդողանը բարձրացնում է խաղադրույքները, «տանելով բանկը» առանձին սեղանների վրա, առանձիններում պարտվելով, բայց եւ այնպես հստակ է, որ ընդհանուր «բալանսն» առայժմ պահում է հօգուտ իրեն, քանզի շատ լավ է հասկացել դիմացինների՝ մեկի թուլությունները, մյուսի վախերը, երրորդի փառասիրությունը, չորրորդի հիմարությունը, հինգերորդի շահամոլությունը։

Էրդողանը պրոբլեմներ է հարուցում հայ ռազմագերիներին Ադրբեջանից վերադարձնելու գործում, եւ ռուսները դա ոչ միայն «ուտում» են, այլեւ սլաքները շրջում ընդդեմ Հայաստանի ղեկավարության, զբաղվելով մանր ստախոսությամբ։ Էրդողանը Եվրամիության հետ «հարաբերությունները ջերմացնելու» ազդանշաններ է ուղղում Բրյուսելին, Շարլ Միշելին եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին «վազեցնելով» Անկարա, սակայն, վերջինիս թողնում առանց աթոռի, եւ Եվրոպան եւս դա «ուտում» է. տիկին ֆոն դեր Լյայենը «խելոք» նստում է սենյակի հեռավոր բազմոցին, իսկ Շառլ Միշելը նույնիսկ «գլխի չի ընկնում» ջենթլմենաբար իր տեղը զիջել Եվրահանձնաժողովի նախագահին, էլ չեմ խոսում տղամարդկային ընդվզման մասին… ստացվում է ուղղակի խայտառակություն։

Եվ ահա, օգտվելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շուրջ իրավիճակի թեժացումից, ինչն էականորեն նյարդայնացրել է առաջին հերթին Վաշինգթոնին, Էրդողանը պարզապես ծաղրում է Պուտինին։ Բանն այն է, որ Ուկրաինան, կանգնած լինելով ռուսական ներխուժման իրական վտանգի առաջ՝ տենդագին կերպով բարձրացնում է իր մարտական կարողությունները, որպեսզի նվազեցնի նման հեռանկարի հավանականությունը, սակայն, բացի Վաշինգթոնից եւ Կենտրոնական Եվրոպայի եզակի դաշնակիցներից բացի՝ Կիեւին աջակցելու ցանկություն Եվրոպան առանձնապես չի դրսեւորում։ Ըստ էության, Ժոզեպ Բորելի մոսկովյան խայտառակությունը չափազանց սիմվոլիկ դուրս եկավ… Եվ ահա, հայտնվում է Էրդողանն իր հստակ դիրքորոշմամբ Ուկրաինայի նկատմամբ, որը հռետորաբանորեն գրեթե ոչնչով չի զիջում Վաշինգթոնին, եւ դա տեղի է ունենում Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Իսկ Պուտինին ծաղրում է նրանով, որ հայտարարվում է, թե «Ուկրաինա-Թուրքիա ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ»։ Ամենախորաթափանց ռուս քաղաքագետներից մեկը, Անդրեյ Պիոնտկովսկին՝ իր թվիթերում այդ կապակցությամբ գրում է. «Ցինիկ եւ հաշվենկատ Էրդողանը երբեք չէր համարձակվի անել իր այսօրվա «հակառուսական» հայտարարությունները, եթե հավաստիորեն չիմանար, որ Պուտինն «արդեն կշռված է եւ գտնված է շատ թեթեւ»։

Ի դեպ, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը տեղի ունեցավ ո՛չ Անկարայի նախաձեռնությամբ, եւ տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից եւ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցից հետո, երբ պարզ դարձավ, որ «Մուրադովի ինքնաթիռը» Բաքվից Երեան է ժամանում առանց հայ ռազմագերիների…

Դրսում «պրոբլեմ չունեցող» Էրդողանն իներցիայով վայելում է իր այդ՝ թուրքական պոկերի մարտավարական հաջողություններն իր «հետնաբակերում» եւ մերձավոր հարեւանությամբ, սակայն դա չի կարող անվերջ շարունակվել թեկուզ քաղաքական օրինաչափություններից ելնելով։ Իսկ նա ունի՛ պրոբլեմներ, եւ բավականին շատ։ Թուրքական լիրայի «ազատ անկումն» ինքնին սահմանափակելու է շատ նախաձեռնություններ, որոնց ծախսերի տակից Էրդողանը կարող է եւ որոշ պահից այլեւս դուրս չգալ։ Իսկ Վաշինգթոնի անհանդուրժողականությունը թուրքական այդ երկակի «ֆոկուսների» նկատմամբ արդեն ստանում է պատժամիջոցային դրսեւորումներ։

Ռուսական Ս-400-ները վերածվում են Թուրքիայի համար անհաղթահարելի խոչընդոտի՝ ԱՄՆ-ի կողմից հետագա պատժամիջոցներից խուսափելու համար։ Ուշագրավն այն է, որ այդ պատժամիջոցները նախատեսված են մի օրենքով, որը կոչվում է CAATSA` «Ակտ՝ պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդեցության մասին»։ Այսինքն, Թուրքիան, ըստ էության, կարող է հայտարարվել որպես «Ամերիկայի հակառակորդ»…

Հայկական դիվանագիտության համար սկզբունքային է, որ տեսականորեն՝ «հայկական» հաղթաթուղթը Վաշինգթոնի համար չլինի միակը, եւ եթե մտադիր է պատժել Անկարային, ապա ո՛չ «հայկական թեմաներով»։ Ըստ էության, կյանքը ցույց է տալիս, որ այդպես չի էլ կարող լինել սկզբունքորեն, քանզի Թուրքիան չափազանց կարեւոր է ԱՄՆ-ի համար, եւ «հանգիստ» մթնոլորտը հայկական հարցերի շուրջ կարեւոր է, որպեսզի Վաշինգթոնի գնահատականները չդիտվեն որպես ընդամենը պահի թելադրանք։

Պաշտոնական Երեւանը վերջապես ընկալեց, որ Մոսկվա-Բաքու-Անկարա «եղբայրական եռանկյունին» ուղղակի ծաղրում է հայերին, եւ Մոսկվան «չի կարողանալու» լուծել գերիների հարցը, մինչեւ Երեւանն այլ հասցեներով չդիմի, եւ առաջինը դրանցից՝ Վաշինգթոնն է։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանի ուշագրավ հոդվածը Պենտագոնին մոտ կանգնած DefenceOne պարբերականում պարունակում է ուղիղ տեքստով կոչ Վաշինգթոնին՝ միջամտել հայ ռազմագերիների հարցում։ Ռուսները չափազանց նյարդայնանում են, տեսնելով, որ հայերն ամեն ինչ տեսնում են եւ հասկանում, եւ «առաջվա պես» այլեւս չի՛ ստացվելու, հայերը ստիպելո՛ւ են հարգել իրենց շահերը։ Եվ հայերին շատ կարեւոր է հիմնավորապես ցույց տալ, որ հայկական քաղաքականությունը Երեւանում է որոշվում, այլ ոչ թե Պուտինի կամ նրա մերձավորների կաբինետներում։

Ռուսների՝ թուրքական պոկերից մի բան պոկելու մարմաջը, թեկուզ սեփական շահերի հաշվին՝ հաստատապես լավ բանի չի հանգեցնելու, մանավանդ երբ խաղաթղթերը «նենգանշված» են, իսկ «ջոկերն» առայժմ Էրդողանինն է, մինչդեռ Պուտինը «ջոկեր» ունենալու շանս չունի։ Չնայած… բոլորն էլ ամեն ինչ հասկանում են, իսկ ուրագը լավագույնս ուրագին է հասկանում, մնում է ուրագով սեփական ոտքիդ չխփես։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930