Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Երբ Ադրբեջանի ղեկավարը հայերին անվանում է անհավատներ, շներ, դա ամենևին չի օժանդակում խաղաղության հաստատմանը. Սոս Ավետիսյանը՝ ԵԽԽՎ-ում

Ապրիլ 20,2021 12:47

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ 19.04.2021թ. նիստում

Շնորհակալություն, տիկին նախագահող, շնորհակալություն նաև տիկին Կովաչին այս հնարավորության համար: Ես ցավում եմ, որ Եվրոպայի Խորհրդում այս թեման դեռ ակտուալ է, և մենք այս մասին խոսում ենք 1968 թվականից: Ըստ էության՝ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում տեղի ունեցածի վրա: Իմ գործընկեր պարոն Մարուքյանը արդեն ձեզ ցուցադրեց Ադրբեջանում բացված ռազմավարի այգին, և մենք այդտեղից պարզ հասկանում ենք, որ այդ մարդիկ խաղաղության հաստատման որևէ միտում չունեն:

Այս ելույթով նաև ցանկանում եմ առաջարկել, որ մենք ավելացնենք Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնախմբի իրավասությունները, որպեսզի հանձնախումբը չսահմանափակվի միայն տարեկան զեկույցներով, այլ նաև տրամադրի կոնկրետ դեպքերով զեկույցներ և կարծիքներ, երբ անդամ պետությունը, միջազգային իրավունքը կոպտագույն կերպով խախտելով, իրականացնում է ռասիստական և խտրական քաղաքականություն։ Նաև ցանկանում եմ շեշտել ադրբեջանցի կոլեգաներիս համար այն փաստը, երբ իրենց երկրի ղեկավարը հայերին անվանում է անհավատներ, շներ, դա ամենևին չի օժանդակում խաղաղության հաստատմանը: Ցանկանում եմ նշել, որ դեռևս 2016 թվականին Ռասիզմի և անհանդուրժականության դեմ պայքարի հանձնախմբի զեկույցներում ռասիզմի և անհանդուրժողականության մասին նշվել է:

Մի թեմայի էլ եմ ուզում անդրադառնալ, որ մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են ինչ-որ ականների քարտեզի մասին խոսել՝ փորձելով մեր ուշադրությունը շեղել այն հիմնական թեմայից, որ իրենք ռազմագերիներ են պահում: Ուզում եմ նշել նաև, որ Ադրբեջանի ջանքերով է ԵԱՀԿ-ի գրասենյակը Հայաստանում փակվել, որը հումանիտար գործունեություն էր ծավալում: Ականազերծման ծրագրերը, որ Արցախում իրականացվել են, Ադրբեջանը փորձել է միշտ բլոկ անել, իսկ Հայաստանին երբեք պաշտոնապես չի դիմել՝ այդ քարտեզները ստանալու համար: Այսինքն` այս ամենը հիմնական օրակարգից շեղվելու փորձ է:

Ժողովուրդը, որը 106 տարի առաջ ցեղասպանության է ենթարկվել, լավ գիտի խաղաղության գինը, բայց մենք գիտենք, որ դա կարող է տեղի ունենալ մարդկային արժանապատվության և արդարության հիմքի վրա, իսկ դրա նախադրյալները մենք հիմա չենք տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930