Լրահոս
Օրվա լրահոսը

«Քշում ենք նույն գումարով, բայց տաքսոպարկին վճարում ենք ավելի շատ գումար». Վանաձորում «Յանդեքս»-ի վարորդները գործադուլ են անում

Մայիս 03,2021 15:23

Այսօր վաղ առավոտից «Յանդեքս» տաքսի ընկերության Վանաձորում աշխատող վարորդները գործադուլ են անում:

Aravot.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ բողոքի ցույցի պատճառն այն է, որ մոտ 1 շաբաթ է՝ «Յանդեքսը» բարձրացրել է վարորդներից ընկերությանը տրվող տոկոսագումարը՝ 10 տոկոսից դարձնելով 12, միաժամանակ խոստանալով, որ կբարձրանա նաեւ նվազագույն սակագինը:

Սակայն, ինչպես վարորդներից Կառլենն է նշում, փոփոխություն այդպես էլ չի եղել. «Մեզ խոստացել էին, որ մայիսի 1-ից մեր տարիֆը նվազագույն 200-ից պետք է 300 դրամ դարձնեն, բայց չեն բարձրացնում: Իրենց դիմել ենք, ստորագրություն էլ ենք հավաքել, խնդրել ենք, որ մեր հարցին լուծում տան: Առայժմ արձագանք չկա: Իմացել ենք նաեւ, որ Երեւանում նվազագույնը 300 դրամ էր, երեկվանից 500 դրամ են դարձրել: Իսկ Վանաձորում չեն փոփոխում, որ էս քանդված փողոցներում վարում ենք ու ջարդում մեքենաները: Ֆիրման իր մեքենան չունի, որ ասենք՝ իրենց մեքենանն է, իրենց գրպանին կկպնենք: Էս տարվա ընթացքում իմ մեքենայի վրա 200.000 դրամից ավել գումար եմ ծախսել, բայց էդքանի պատվեր չեմ արել»:
Բողոքի ցույցի մասնակից Արամը, որ մոտ 4 տարի է՝ վարորդ է աշխատում «Յանդեքսում», դժգոհում է՝ աշխատում են, որ ընտանիք պահեն, սակայն ստացված աշխատավարձն այդպես էլ տուն չի հասնում, ընթացիկ ծախսերն են շատ. «Մենք հիմա քշում ենք նույն գումարով, բայց տաքսոպարկին վճարում ենք ավելի շատ գումար: Ու ասում են, որ վերջնական չի, դեռ ավելի է բարձրանալու տոկոսը: Հաշվի առնելով Վանաձորի «հիասքանչ» ճանապարհները, որ քաղաքապետարանին հետաքրքիր չէ՝ այստեղ ինչ է կատարվում, ջրմուղն ամեն րոպե քանդում է ճանապարհներն ու չի սարքում, ընկերությանն ասում ենք՝ այս ամեն ինչը հաշվի չեք առնո՞ւմ, որ ձեր վարձավճարը բարձրացնում եք, բայց մինիմալը չեք ուզու՞մ բարձրացնեք: Մարզերում ոչ մի բան հաշվի չեն առնում, էդ մարդիկ չեն ուզում մեզ ընդառաջեն, մինիմալը դարձնեն 300 դրամ: Չենք ասում՝ 500 կամ 600 դրամ դարձնեն, ընդամենը 100 դրամ ավելացնեն, որ մենք էլ օրվա 16 ժամն անցկացնում ենք մեքենայի մեջ, մեր ընտանիքը սրանով ենք պահում: Որպեսզի մենք էլ կարողանանք մեր տուն երկու կոպեկ տանենք, ոչ թե աշխատենք ու տանք տաքսոպարկին, գազալցակայաններին ու մեքենայի սպասարկմանը»:

Շարունակելով գործընկերոջ խոսքը, վարորդ Աշոտը նշում է, որ գործադուլը շարունակելու են այնքան, մինչեւ իրենց խոսքը լսելի դարձնեն ղեկավարությանը. «Մինչեւ այսօր ոչ մի փոփոխություն չկա: Երեկ Երեւանից ղեկավարություն էր եկել, ասաց, որ այդ 12 տոկոսը պետք է նորից բարձրանա, ասաց՝ չեք ուզում, մի աշխատեք, մեր պայմանները սրանք են: Որոշել ենք մի քանի օր չաշխատենք, որպեսզի հաճախորդները զգան, որ «Յանդեքսի» մեքենաներ չկան: Մենք, եթե հիմա ուզենանք ծրագրով մեքենա կանչել, ոչ մեկը չկա քաղաքում, բոլորի ծրագիրն անջատած է: Օրական 25-30 երթ էինք անում, բոլորը 200 դրամանոց: Հիմա, եթե իրենց պահվող տոկոսը բարձրացրել են, այսինքն` տակին ոչ մի բան չի մնում մեզ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31