Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի թեմի հոգեւոր հովիվ. «Արժեքները այնպես են խեղաթյուրվել, որ հերոս ծնած, դաստիարակած ծնողին դասալիքի ծնողը գալիս է ցավակցելու»

Մայիս 05,2021 01:12

«Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության կազմակերպած քննարկմանը, որը միավորել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողներին, մասնակցում էր նաեւ Տավուշի թեմի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, որի երկու եղբայրները զոհվել են արցախյան առաջին եւ վերջին պատերազմներում:

«Կարծում եմ՝ մենք սխալ հասարակության մեջ ենք ապրում: Կամ սա այն հասարակությունը չէ, որի համար մենք պայքարում էինք, ծառայում էինք եւ ուզում էինք փոխել: Մի ընդհանուր դիտարկում ունեմ: Մեր հայրենիքում մենք ոչ թե ապրում ենք, այլ նոյեմբերի 10-ից հետո մենք ամեն օր մեռնում ենք: Ապրելը շատ վերամբարձ է, հազվադեպ երեւույթ է այսօր մեր օրերում: Բայց այս պահին մեռնելը շատ մեծ շռայլություն կլինի: Մենք պիտի ապրենք, պայքարենք եւ շարունակենք մեր սրբազան պայքարը, որի համար մեր տղաները անմահացել են:

Մեզ համար մի կարեւոր բացահայտում ենք արել: Ապաքինման համար մենք պետք է հիշենք, հիշենք մեր հերոսներին անուն առ անուն: Միայն այդպես է լինելու հասարակության եւ մեր կյանքի ապաքինումը: Մենք չենք կարողանալու մեզանից փախչել, չենք կարողանալու խուսափել իրականությունից: Պիտի հաշտվենք եւ այդպես ապաքինվենք: Մեր բոլոր տղաները, անխտիր բոլորը հաղթել են եւ, անկեղծ ասած, երբ նայում ենք, չգիտենք՝ իրենք են երանելի, թե մենք ենք ողորմելի վիճակում: Տղաները գոնե չտեսան նոյեմբերի 10-ի խայտառակ առավոտը: Տղաները մինչեւ վերջին վայրկյանը հավատացել են հաղթանակին ու ամեն ինչ արել են հաղթանակի համար, ամեն ինչ տվել են հաղթանակի համար ու հաղթանակը նրանց ձեռքերի, հայացքների մեջ է եղել: Եթե չհավատային, կփախչեին, ցավոք սրտի, ինչպես եղել է տարբեր շարքերում:

Մենք պետք է փոխենք հասարակության այս իրավիճակը: Ու մեկս մյուսին պետք է օգնենք: Դուք, սիրելի ծնողներ, պետք է օգնեք քահանաներիս, որովհետեւ, ինչպես ասացի, տղաները հաղթել են մահվանը: Եվ մենք, որեւէ մեկը իրավունք չունենք նրանց սպանելու:

Ինչո՞ւ եմ ասում՝ մենք սխալ հասարակության մեջ ենք ապրում: Արժեքները այնպես են խեղաթյուրվել, որ հերոս ծնած, դաստիարակած ծնողին դասալիքի ծնողը գալիս է ցավակցելու, երեխային թաքցրած, երեխային տղամարդ չմեծացրած ծնողը գալիս, մխիթարում է հերոսի ծնողին: Սա անհնար է, այսպիսի բան պետք է թույլ չտանք: Ի վերջո, բոլորս էլ մեռնելու ենք, չենք եկել այստեղ մնալու: Բայց ինչպե՞ս է դա լինելու: Տղաները մարտում ընկան, դա պատիվ է»,-ասաց նա զոհված հերոսների ծնողներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31