Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյան. «Նրանք պետք է դատարաններում ցուցմունք, պատասխաններ տան եւ ոչ թե մասնակցեն ընտրություններին»

Մայիս 04,2021 23:25

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող, 44-օրյա պատերազմում անմահացած Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, Արցախյան վերջին պատերազմում նահատակված մեր մյուս հերոսների ծնողների հետ կազմակերպած քննարկման ժամանակ ասաց. «Մեր այս փոքր հավաքը չի արտացոլում այն իրական պատկերը, որ կա երկրում: Այս նախաձեռնությունը ստեղծելու առաջին նպատակն է՝ այն դարձնել հարթակ պատերազմին մասնակցած մեր հերոս տղերքի, անկախ նրանից՝ զոհվել են, թե չէ,  ծնողների համար: Այս ձնագնդիկը պետք է մեծանա, դառնա ձնահոսք, որը փոխելու է երկրի իրական պատկերը: Եթե մենք, մեր ընտանիքները չկարողանան դառնալ երկրի առանցքը, այս պետությունը, հավատացեք, չի կարող ապագա ունենալ: Ուզում եմ ասել՝ մեզ այսպես չտեսնեք, այսպես հանգիստ նստած:

Մեր սրտերում, մեր հոգիներում աննկարագրելի փոթորիկ է: Եվ եթե ուզում եք այդ փոթորիկը հանդարտվի, միակ տարբերակը, միակ ելքը այս հանցագործության, ոճրագործության մեղավորների՝ մեր հայկական նյուրնբերգյան դատավարության միջով անցնելն է: Եթե դա չլինի, ես ասում եմ, որ իրավիճակը դուրս կգա նորմալ հսկողությունից, եւ թող որեւէ մեկին չթվա, որ մենք հենց էնպես անցնելու ենք գնանք, ասենք ոչինչ, որ զոհվեցին: Մենք գիտենք, որ կան մեղավորներ, գիտենք ովքեր են մեղավորները եւ այդ մեղավորները պետք է պատասխան տան:

Տեսեք, երեկ խորհրդանշական իրադարձություն եղավ : Հայտնի դարձավ, որ 19 մարդու՝ զինվորի եւ քաղաքացիական անձի, որոնք եղել են գերության մեջ, թշնամին խոշտանգել եւ սպանել է: Այդ նույն օրը բերանները բաց խորհրդարանում հռհռում էին նրանք, ովքեր մեր տղերքին, նույն այդ 19 հոգուն տարան եւ մատուցեցին թշնամու դրոններին, հրթիռներին: Ոչ թե զորքերին, այլ դրոններին, հրթիռներին: Եվ հիմա ինչպե՞ս եք կարծում՝ էդ տականքները ո՞նց կարող են մասնակցել խորհրդարանական ընտրության: Այդ նույն մարդիկ այսօր հրաժարվեցին 50 հազարական դրամ ամսեկան փոխանցել պատերազմում իրենց իսկ մեղքով հաշմանդամ դարձած ընտանիքներին: 50 հազար դրամ ափսոսացին: Ու այդ տականքներին թո՞ւյլ ենք տալու, որ գնան ընտրությունների: Իհարկե՝ թույլ չենք տալու: Բացառվում է»:

Գեղամ Նազարյանը նաեւ ասաց. «Պատերազմը մեր տուն բերեց Նիկոլը: Իր հոր տնից, թե որտեղից, ինչպես իր ուսապարկերից մեկն ասաց: Բայց մենք մեր երեխաներին մեր տնից էինք բերել: Մեր երեխաները նպատակներ, երազներ ունեին: Մենք էլ ունեինք: Դուք մեզնից խլեցիք մեր երեխեքին: Նախկին իմքայլականներից մեկը, որ դուրս է եկել նրանց շարքերից, մի դիպուկ խոսք ասաց, թե ինչպե՞ս է լինում, որ Շուշին գրաված թշնամին նույն այդ շուշի գնում է ռուս խաղաղապահների օգնությամբ: Պարզ է, որ այդպիսի բան չի լինում: Դա մի պարզ օրինակ է, որ հասկանանք, թե ինչպիսի դավաճանություն, տականքություն, ստորություն է տեղի ունեցել: Եթե հայկական նյուրնբերգ չլինի, իմացեք, մեր երեխաները ծնողներ, քույրեր ու եղբայրներ, հարազատներ, ընկերներ ունեն: Բոլորը դուրս են գալու փողոց եւ ձեզ քշել-տանելու են: Ես ձեզ զգուշացնում եմ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք»,-ասաց նա եւ շարունակեց՝ դիմելով քննարկմանը ներկա ծնողներին. «Եթե թույլ կտաք, ձեր անունից դիմեմ ԿԸՀ-ին: Ոչ մի դեպքում չգրանցեք ոչ Նիկոլին, ոչ ուսապարկերին պատգամավորի թեկնածու՝ որեւէ ձեւով: Դա վիրավորում է մեզ, դա չի բխում մեր երկրի անվտանգությունից: Նրանք պետք է դատարաններում ցուցմունք տան, պատասխաններ տան եւ ոչ թե մասնակցեն ընտրություններին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31