Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի որոշումն ապօրինի էր, ՄԻԵԴ ձևավորած դատական պրակտիկան Հայաստանում շարունակում է մնալ թղթի կտոր. Լուսինե Հակոբյան

Մայիս 05,2021 15:09

Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ Արամ Մանուկյանի երեկվա դատավարության տարբեր ասպեկտներ բավական լուսաբանվել են բացառությամբ մեկի, էստեղ կարճ կանդրադառնամ նաև դրան: Երեկ նախագահող դատավոր Լիլիթ Սարգսյանը, դատական նիստը բացելուց հետո, տեսնելով դահլիճում տեսախցիկներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոշեց ի ցույց դնել լիբերալ արժեքների նկատմամբ իր բարեհաճ վերաբերմունքը և շնորհավորեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին մամուլի ազատության օրվա առթիվ: Նիստը տեսաձայնագրելու ու հեռարձակելու դեմ որևէ մեկը չառարկեց ու նիստն սկսվեց:

Ամեն ինչ հանգիստ էր մինչև այն պահը, երբ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը հասկացավ, որ այն, ինչ իրենց թիմն ամեն կերպ թույլ չէր տվել, որ տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործով, այն է` հարցերի բովանդակային քննարկում, տեղի է ունենում այս դատավարության ընթացքում Արամ Մանուկյանի դիրքորոշման ներկայացման շրջանակներում:

Տեսնելով, որ որևէ կերպ չի կարողանում խոչընդոտել հարցերի բովանդակային քննարկմանը` նա հայտարարեց, որ հիմա ինքը գնում է նիստից, քանի որ այլևս չի պատրաստվում լսել Արամ Մանուկյանի ելույթը: Դատավորը նրան հորդորեց սպասել մինչև ընդմիջումը, սակայն նա այդպես էլ չանսաց դատավորի հորդորին ու հեռացավ: Քիչ անց դատավորը հայտարարեց ընդմիջում` որոշակիորեն հնարավորություն տալու Քոչարյանենց վերամշակելու իրենց մարտավարությունը:

Ընդմիջումից հետո Քոչարյանի ներկայացուցիչը վերադարձավ ու առարկեց նիստի տեսաձայնագրման դեմ` վկայակոչելով ՀՀ քաղ դատի 144-րդ հոդվածի 9-րդ մասը, ինչի հիման վրա դատավորը մամուլի ազատության օրը նիստին հերոսաբար դիմացած լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչին արգելեց տեսաձայնագրում իրականացնել:

Դատավորի այս որոշումն ակնհայտ ապօրինի էր, ինչպես փորձեցինք բացատրել նրան, քանի որ չէր բավարարում ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ-ով երաշխավորված արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակման համար նախատեսված բոլոր երեք պայմանները:

Մասնավորապես` որևէ հիմնավորում չհնչեց ոչ ներկայացուցչի և ոչ էլ դատարանի կողմից, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում նման սահմանափակումը և ինչպես է այն անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:

Այսպիսով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած դատական պրակտիկան, ինչպես ցույց են տալիս մեր դատարանները, շարունակում է Հայաստանում էֆեկտիվորեն մնալ թղթի մի կտոր…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31