Լրահոս
Օրվա լրահոսը

Հադրութցիները եկել էին ԱԳՆ, որ Սերգեյ Լավրովին ասեն՝ Արցախը Ադրբեջան չէ եւ չի էլ լինելու

Մայիս 05,2021 15:55 Share

«Ռուսները հայտարարում են, որ Արցախն Ադրբեջան է, Ֆրանսիան եւ Ամերիկան հույս են տալիս, որ կարող է բանակցային գործընթացը սկսվել, բոլորը հետաքրքրվում են Ղարաբաղով, բացի Հայաստանի եւ Արցախի իշխանություններից: Քաղաքական գործիչներից մեկը չկա, որ վեր կենա ու ասի՝ Արցախը Ադրբեջան չէ, չի եղել եւ չի լինելու»,-այսօր այսպես էին ասում Հադրութից տեղահանված բնակիչները, որոնք ՀՀ արտգործնախարարության մոտ բողոքի ցույց էին անում՝ հրավիրելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուշադրությունը: Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանում է Երեւան:

Հադրութցիների խոսքով՝ ուրիշ տեղ չեն ուզում ապրել ո՛չ Երեւանում ո՛չ էլ Արցախի որեւէ այլ բնակավայրում՝ բացի Հադրութից:

«Մեզ առաջարկում են Ղարաբաղի տարբեր շրջաններում բնակություն, մենք չենք ուզում, որովհետեւ, եթե մեզ տանեն ինչ-որ մի տեղ տեղավորեն, դա պատճառ է լինելու, որ Հադրութը մոռացության տրվի, մենք չենք ուզում Հադրութը մոռանալ: Եթե դուք նպատակ ունենք Հադրութը վերադարձնելու, բայց մեզ համար Ասկերանի շրջանում ուրիշ գյուղ եք կառուցում, այդ գյուղի ճակատագիրն ի՞նչ պետք է լինի, երբ Հադրութը վերադարձնեն»,-ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ, Հադրութից տեղահանված Լեւոն Հայրյանը:

Նրա համոզմամբ, իշխանությունները դեռեւս Կարեն Դեմիրճյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ չեն մտածել պետություն կառուցելու մասին, այլ աշխատել են իրենց լծակներն օգտագործել իրենց իշխանությունն ամրապնդելու համար. «Արցախի իշխանություններն էլ 30 տարի եղել են Հայաստանի իշխանությունների կամակատարը, հիմա էլ էդպես են: Մենք Արցախի եւ Հայաստանի իշխանություններից պահանջում ենք՝ ծառայեն հայ ժողովրդին եւ հայ ժողովրդի շահերին: Արցախի նախագահն էլ է երդում տվել, Նիկոլ Փաշինյանն էլ: Իրենց երդման հետեւից գնան, ուրիշ բան պետք չէ»:

Հադրութցիների համոզմամբ, Հադրութը, Քաշաթաղը, Քարվաճառը պետք է վերականգնվեն, որպեսզի հայության անվտանգությունն ապահովվի. «Առանց Ղարաբաղի՝ Հայաստանի անվտանգություն չկա: Եթե Հադրութը չվերականգնեն ո՛չ Մարտունիում ո՛չ Ստեփանակերտում մարդ չի մնալու»:

Հադրութցիների խոսքով, առաջինը պետք է մտածել Արցախի կարգավիճակի մասին, եթե այդ հարցը չլուծվեց, հայաթափվելու է. «30 տարի վիճում ենք՝ Ռոբերտն է լավը, Սերժն է լավը, որեւէ մեկը չգտնվեց, որ ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ուրեմն՝ ո՛չ Լեւոնն է լավը, ո՛չ՝ Ռոբերտը, ո՛չ Սերժն էր լավը, ո՛չ էլ, առավել եւս, Նիկոլն է լավը»:

Հադրութցիները նամակ էին պատրաստել, որ պետք է հանձնեին ՀՀ արտգործնախարարին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31