Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Այս մարդիկ պատգամավոր լինելու և հանրային ծառայող լինելու իրավունք չունեն»

Մայիս 05,2021 16:39

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը չորեքշաբթի Ազգային ժողովի դիմաց էր, որ հանդիպի պատգամավորների հետ։

Նա զանգահարեց ԱԺ խմբակցությունների և ԱԺ նախագահի ու փոխնախագահների գրասենյակներ, հայտնեց, որ Ազգային ժողովի գլխավոր մուտքի մոտ սպասելու է նրանց՝ քննարկելու վարչապետի ընտրության գործընթացի հարցերը։

Սակայն, ոչ ոք այդպես էլ չներկայացավ հանդիպմանը։

Էդգար Ղազարյանը կարծում է, որ այս խորհրդարանը պետք է ցրվի․ «Այս մարդիկ պատգամավոր լինելու և հանրային ծառայող լինելու իրավունք չունեն»։

Նա հարցեր ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին․ «Ես քիչ բացառություններից եմ, որ համարում է, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունը եղել է ազատ, ժողովրդավարական, մարդկանց կամարտահայտության արդյունքում, նվազագույն ընտրախախտումներով, ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Ինձ մոտ հարց է առաջանում, եթե դուք մտածել եք կամ ձեզ հանձնարարել են, որ դուք չընտրեք վարչապետ և դրանով խորհրդարանը լուծարվի, այսինքն՝ դուք գիտակցված կերպով լուծարելու եք օրինական ճանապարհով ժողովրդից ստացված ձեր իշխանությունը և ժողովրդի օրինական իշխանությունը, որը ըստ մեր երկրի Սահմանադրության, պետք է պաշտոնավարեր մեկ գումարման ընթացքում՝ լիազորությունների 5 տարվա ժամկետում։ Եթե դուք կամովի և գիտակցված կերպով տապալում եք ժողովրդի իշխանությունը, ի՞նչ բացատրություն ունեք դրա համար հենց այն ժողովրդին, այն քաղաքացիներին, այն 880 հազար մարդկանց, որոնք ընդամենը 2.5 տարի առաջ մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ ընտրել են ձեզ, ձեր կուսակցական դաշինքը և լիազորել են ձեզ հանդես գալ իրենց անունից։ Ի՞նչ եք պատասխանելու այդ մարդկանց, եթե դուք տապալում եք նրանց օրինական իշխանությունը։ Միգուցե դուք ընդունո՞ւմ եք, որ մեծ հանցանքներ եք գործել ձեր պաշտոնավարման շրջանում, կոպտագույն կերպով խախտել եք Սահմանադրությունը, անօրինական կերպով փոփոխություն եք կատարել Սահմանադրության մեջ, Սահմանադրական դատարանի մի շարք դատավորների պաշտոնազրկել եք, որի իրավունքը դուք չունեիք, նախաձեռնել եք անմիտ, անտրամաբանական գործընթացներ, ընդունել եք անօրինական որոշումներ և զգացել եք, որ դուք այնքան վտանգավոր եք, այնքան մեծ սպառնալիք եք մեր հասարակության համար, որ ձեր՝ մեկ օր շուտ այստեղից գնալը կարող է միայն օգուտ բերել հասարակությանը»։

Էդգար Ղազարյանը հավելեց, որ վարչապետի թեկնածուն պարտադիր չէ, որ լինի «Իմ քայլը» խմբակցության անդամ, և կարող են առաջադրել յուրաքանչյուր քաղաքացու. «Եթե դուք դա չեք անում, լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, որ ձեր կարծիքով՝ մեր հասարակության մեջ գոյություն չունի թեկուզ մեկ պարկեշտ, առաքինի, ուսյալ, հայրենասեր, նվիրյալ մեկ գործիչ, որը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, որին դուք խնդրեք, համոզեք, հրավիրեք, առաջադրեք և ընտրեք վարչապետի պաշտոնին»։

Նա հարցեր ուղղեց նաև ԲՀԿ-ին․ «Եթե դուք Գագիկ Ծառուկյանին տեսնում եք վարչապետի պաշտոնում, անկեղծ ասած, ես չեմ տեսնում նրան վարչապետի պաշտոնում, և չեմ կարծում, որ բոլոր հնարավոր թեկնածուներից նա կլինի լավագույնը, բայց եթե դուք այդ կարծիքին եք՝ ապա հարց, ե՞րբ պետք է Գագիկ Ծառուկյանին առաջադրեք և ընտրեք վարչապետի պաշտոնում, եթե ոչ հիմա։ Հիմա է վարչապետի ընտրության ժամանակը, երբ որ վարչապետը հրաժարական է տվել և ձեր խմբակցությունը իրավունք ուներ առաջադրել նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում և դուք ընտրեիք»։

Էդգար Ղազարյանը դիմեց նաև Լուսավոր Հայաստանին․ «Եթե ձեր կուսակցության նախագահը կայացրել է նման որոշում՝ համագործակցության գնալով Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների հետ, ապա դուք ինչպե՞ս եք ձեզ ընդդիմադիր պատգամավորներ համարում։ Հիմա հարցս կոնկրետ Էդմոն Մարուքյանին՝ պարոն Մարուքյան, Դուք ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեցիք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, Դուք մինչև հիմա էլ հայտարարում եք, որ վատ, կործանարար իշխանություն է, մեր պետությանը վնաս տվող։ Հիմա Դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և ես եմ շատ լավ վարչապետի թեկնածու, և եթե ես առաջադրվեմ վարչապետի թեկնածու՝ ոչ միայն կընտրեին, ըստ Ձեր կարծիքի, Ձեր խմբակցության պատգամավորները, այլ նաև «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորներ և հավանական էիք համարում, որ կընտրվեիք վարչապետի պաշտոնին։ Դա Ձեր սկզբունքային քաղաքական դիրքորոշումն էր, հիմա Դուք հրաժարվել եք Ձեր սկզբունքային դիրքորոշումից, Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո չեք առաջադրվել վարչապետի թեկնածու, չեք առաջադրում վարչապետի թեկնածու և համաձայնել եք, որ գործընթացները գնան ճիշտ այն սցենարով, ինչպես նկարագրել է Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ի իր՝ հրաժարականի ուղերձով, այսինքն՝ ստացվում է Նիկոլ Փաշինյանը փաստացի ղեկավարում է Ձեզ անձամբ և Ձեր միջոցով նաև Ձեր պատգամավորական ամբողջ խմբակցությունը։ Այսքանից հետո ինչպե՞ս եք համարձակվում ինքներդ Ձեզ համարել քաղաքական գործիչ, մտնել այս շենք, ստանալ աշխատավարձ, արտոնություններ, պարգևավճարներ և ցանկացած այլ կարգավիճակ»։

Էդմոն Մարուքյանի պատասխան հարցադրումները՝ կարդացեք այստեղ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31