«Այն իրավիճակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը, չափազանց պայթյունավտանգ է եւ այս պարագայում ընտրությունների իրականացումը բավականին մեծ ռիսկերով է ուղեկցվում, հատկապես, եթե հաշվի առնենք այն պահվածքը, որն այսօր դրսեւորում են իշխանությունները: Նրանք որեւէ սադրանքից չեն խուսափում: Ճիշտ հակառակը, սադրանքներ են իրականացնում եւ, ես համոզված եմ, որ նախընտրական շրջանում այդ սադրանքները կլինեն չափազանց շատ ու նեգատիվ զարգացումներից շատ դժվար կլինի խուսափել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն`անդրադառնալով առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Բանախոսը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն ի սկզբանե դեմ էր ընտրություններին. «Մենք գտնում էինք, որ ոչ թե ընտրություններ պետք է տեղի ունենային, այլ պետք է լինեին վարչապետի ընտրություններ, որը շուրջ մեկ տարի կպաշտոնավարեր ու այդ ընթացքում հասարակական լարվածությունն էապես կնվազեր, երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը կկայունանար ու հնարավորություն կլիներ ընտրություններ իրականացնել»:
ՀՀԿ ԳՄ անդամն ասում է`իրենք համոզված են, կայանալիք ընտրություններում իշխանություններն ամեն գնով պետք է փորձեն վերարտադրվել, այդ թվում նաեւ կեղծիքների գնով. «Այս իշխանությունն ապացուցել է, թե ինչպիսի կեղծիքների է ինքը դիմում`իր նպատակներին հասնելու համար. հիշենք 44-օրյա պատերազմը, տնտեսության գահավիժումների հետ կապված հայտարարությունները… բոլոր բնագավառներում կեղծիքն ուղեկցում է այս իշխանություններին եւ մենք ենթադրում ենք, որ կեղծիքը կուղեկցի նաեւ այս արտահերթ ընտրություններում»:
Ամեն դեպքում ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցության որոշում կայացրեց, որը Գագիկ Մինասյանն այսպես է բացատրում. «Մենք բավականին երկար քննարկեցինք այդ խնդիրը, քանի որ պետք է պատասխան տային, թե մասնակցելու որոշում կայացնելով ինչո՞ւ ենք ետ կանգնում մեր հայտարարած սկզբունքից: 3,5 տարի կրելով այս դավաճան իշխանության դեմ պայքարի բեռը մեր ուսերին`ժողովրդին բացատրելով նրա դավաճանական բնույթը, երբ մնացյալ բոլոր ուժերը համագործակցում էին այս դավաճան իշխանության հետ, ու եթե վերջին փուլում այդ բեռը մեր ուսերից մի կողմ դնեինք, ապա կծանրացնեինք այն մեր գործընկերների համար, որոնք տարբեր փուլերում հասկացան իշխանության դավաճանական բնույթը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































