Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Սահմանադրություն, նոր դատարաններ, վեթինգ․ քաղաքական ուժերի ծրագրերի քննարկում արդարադատության ոլորտի վերաբերյալ

Հունիս 17,2021 18:50

Հայաստանում քաղաքական ճգնաժամն իր բնույթով նախեւառաջ սահմանադրական ճգնաժամ է, սահմանադրական հանրաքվեն այս կամ այն չափով միշտ կեղծվել է։ Այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական ցուցակում ընդգրկված, պատգամավորի թեկնածու Արտաշես Խալաթյանը։

Այս դաշինքի նախընտրական ծրագրում նախատեսված է ընդունել նոր Սահմանադրություն՝ ազատ եւ արդար հանրաքվեով։ Արտաշես Խալաթյանն ասաց՝ գործող խորհրդարանական կառավարման մոդելը լուրջ բարեփոխման կարիք ունի, նախագահի լիազորությունները պետք է ավելացվեն, քանի որ փորձը ցույց տվեց, որ ճգնաժամային իրավիճակում նախագահի ինստիտուտը խնդիրը չի կարողանում լուծել։

Դաշինքի ծրագրով, ինչպես ներկայացրեց պարոն Խալաթյանը, նախատեսվում է իրականացնել դատավորների, դատախազների, քննիչների վեթինգ, բարեվարքության համալիր ստուգում՝ հաշվի առնելով նրանց տնտեսական, քաղաքական կապերը, հնարավոր կոռուպցիոն գործարքներում   ներգրավվածությունը, ՄԻԵԴ-ի համապատասխան  դատական ակտերի հետ կապված կոնվենցիայի խախտումները, եւ համապատասխան չափորոշիչներին չհամապատասխանող դատավորները պետք է հրաժեշտ տան պաշտոնին։

Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միաձուլում եւ  նոր գերագույն դատարանի ստեղծում։ Սա դաշինքի դատաիրավական համակարգում իրականացվող մեկ այլ դրույթ է։

«Մենք առանձնացնում ենք նախորդ ավելի քան քսան տարվա ավտորիտար քաղաքական ռեժիմին իրավաքաղաքական գնահատական տալը։ Մենք գտնում ենք, որ 2018 թվականի հեղափոխական իրադարձություններն ու հեղափոխական օրակարգը մնացին կիսատ նաեւ այն պատճառով, որ դրան չհաջորդեց այդ իրավաքաղաքական գնահատականը։  Դա թույլ կտար գիծ քաշել անցյալի եւ ներկայի միջեւ, այդ գիծը կլիներ ինստիտուցիոնալ, այսինքն, մենք առաջարկում ենք ԱԺ-ում օրենքի կամ հայտարարության միջոցով հստակ սահմանել, թե ինչն է մերժվել, ով է մերժվել եւ հստակ սահմանվեն համապատասխան  այդ գնահատականին արաժանացած քաղաքական ուժերի, դերակատարների կողմից իրականացված արարքները՝ քաղաքական հետապնդումները, քաղաքական սպանությունները, սեփականության իրավունքի խախտումներն եւ այլն։ Սա թույլ կտա արմատական դատաիրավական բարեփոխումներ իրականացնել»։

Քննարկմանը ներկա «Պատիվ ունեմ» դաշինքի  ընտրական ցուցակի անդամ Արսեն Բաբայանը պարոն Խալաթյանից հետաքրքրվեց՝ արդյոք 2018-2021 թվականների համար եւս նախատեսում  եք իրավաքաղաքական գնահատական։

Ի պատասխան պարոն Խալաթյանն ասաց․«Բնականաբար, այդ շրջանը դիտարկում ենք որպես Հայաստանի ժողովրդավարության վերականգնման ժամանակաշրջան, խոսքը վերաբերում է ավելի քան քսան տարիների ավտորիտար կառավարմանը գնահատական տալուն։ 2018-2021 թվականներին քաղաքական գնահատական կտրվի գալիք ընտրություններով, քանի որ այստեղ ժողովրդավարության խնդիր չկա, այստեղ քաղաքական ճգնաժամի խնդիր է»։

Քննարկմանը ներկա Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակի անդամ Հասմիկ Պետրոսյանն էլ նախընտրական ծրագրի դատաիրավական դրույթները ներկայացրեց։ ՀԱԿ-ը գտնում է, որ  Հայաստանը պետք է վերադառնա կիսանախագահական մոդելին, սակայն դրա համար ժամանակ է պետք, ուստի այս ուժը նախատեսում է երկու տարվա ընթացքում սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որից հետո տեղի կունենան նախագահի ընտրություններ։ ՀԱԿ-ը նախատեսում է ներդնել մեղքի ընդունման գործարքի ինստիտուտը, որը շատ երկրներում է գործում, եւ ինչպես տիկին Պետրոսյանը ներկայացրեց, անձը խոստովանում է արարքը, բացահայտում խոստովանությամբ  ավելի ծանր հանցագործություն եւ արդյունքում ստանում է մեղմ պատիժ կամ այլ որակում կամ պատժի համակցություն։ Կոնգրեսի մյուս դրույթը՝ երկօղակ դատարանների ներդրում, առաջին օղակը կքննի փոքր ու միջին ծանրության հանցագործությունները, երկրորդ օղակը՝ ծանր եւ առանձնապես ծանր  հանցագործությունները։

Արսեն Բաբայանը երկօղակ դատարանների մասին դիտարկում արեց՝ նախկինում ունեցել ենք երկօղակ դատական համակարգ,  այն իրեն չի արդարացրել․Մեզ մոտ փորձը ցույց տվեց, որ դրա կարիքը չկա»։

Ի պատասխան Հասմիկ Պետրոսյանն ասաց․«Կարծում եմ այն հիմնական խնդիրները, որոնք  բարձրաձայնված են դատական համակարգի  խնդիրների հետ կապված, մեր առաջարկած տարբերակով կարող են լուծվել եւ ավելի  կոնկրետ այն մեխանիզմները, որոնցով տեսնում ենք երկօղակ համակարգի ներդրումն ու արդյունավետ գործարկումը, կարող են արդյունավետորեն հասցեավորել եւ լուծել այդ հիմնական խնդիրները, որոնք վերջին քսան տարում դատական համակարգում եղել են։ Օրինակ՝ դրանց արդյունավետ գործունեությունը,  ողջամիտ ժամկետում գործերի քննությունը, եւ այլն»։

Հասմիկ Պետրոսյանն արձագանքեց նաեւ  սահմանադրական բոլոր հանրաքվեների կեղծմանը․«Պնդումը, թե 1995  թվականից սկսած սահմանադրական հանրաքվեները կեղծվել են եւ այդ պատճառով վստահություն չկա Սահմանադրության նկատմամբ, հիմնավոր չեն։ 1995 թվականի կեղծիքի վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստ չի ներկայացվել։ Նշվում է, որ վստահություն չկա Սահմանադրության նկատմամբ կամ  Սահմանադրության արժեքի  ընկալում չկա։  Մեր երկրում պարբերաբար սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել կամ փորձ է արվել, ու Սահմանադրությունը ոտնահարվել է տարբեր ուժերի կողմից եւ այն չի  վերականգնվել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930