Լրահոս
Օրվա լրահոսը

Ես երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել․ Դավիթ Գալստյան

Հունիս 19,2021 10:35

Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր նախ ադրբեջանական, այնուհետև նաև հայաստանյան մամուլով տարածվեցին տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանի Հանրապետության դատախազությունը իմ նկատմամբ հարուցել է քրեական գործ՝ մաքսանենգ օդային ճանապարհով ապօրինի զենք-զինամթերք մատակարարելու դեպքի առթիվ. այդ գործով ինձ ներգրավվել են որպես մեղադրյալ և հայտարարել միջազգային հետախուզում։

​Կարծում եմ՝ բոլորի համար պարզ են նշված քրեկան գործի շինծու հիմքերը և դրա նպատակները։

Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ ես երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել: Բոլոր մատակարարումները կատարվել են զենքի առևտրային հարաբերություններում գործող միջազգային պահանջների և չափորոշիչների խստիվ պահպանմամբ։

Ցավում եմ, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում բարոյականությունից զուրկ և ոլորտից բացարձակ գիտելիքներ չունեցող Ազգային ժողովի պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախկին և ներկա այլ պաշտոնյաներ հրապարակայնորեն սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել իմ և իմ գործունեության մասին, որից հետո իմ նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում:

Այդ անձանց ազդեցությամբ իրավապահ և դատական համակարգի համատեղ ջանքերով ես շուրջ 4 ամիս գտնվում էի անազատության մեջ։ Ակնհայտ դիտավորությամբ և մանիպուլյացիաների միջոցով կեղծ տեղեկություններ սկսվեցին տարածվել նաև տարբեր լրատվական հարթակներում և պետական մարմինների պաշտոնական կայքերում։

Հենց այդ տեղեկություններից օգտվելով, դրանց հղումեր անելով էլ Ադրբեջանի Հանրապետությունն այժմ կեղծ և շինծու քրեական գործերի միջոցով փորձ է անում ամեն գնով խոչընդոտել Հայաստան զենքի մատակարարումը։ Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, իրավապահ համակարգը շարունակում է իրականացնել քրեական հետապնդում՝ սահմանափակելով իմ ազատ տեղաշարժման իրավունքը։ Այս ամենից իհարկե չէր կարող չօգտվել Ադրբերջանը, որը փորձ է անում նաև իր կեղտոտ խաղերի և ծուղակների մեջ ներքաշել հայ խոշոր գործարարներին՝ թիրախավորելով հայկական բիզնեսը արտերկրում։

​Անկախ իմ նկատմամբ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում իրականացվող ապօրինի քրեական հետապնդումներից և ճնշումներից՝ ես հրապարակային հայտարարում եմ, որ շարունակելու եմ անմնացորդ նվիրումով ծառայել իմ հայրենիքին, իմ հնարավորությունների ամբողջ ներուժով նպաստել հայրենիքիս հզորացմանը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930