Լրահոս
Օրվա լրահոսը

Վարունգն այնքան էլ «ջրիկ» չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից

Հունիս 19,2021 23:00

Վարունգը, ինչպես և դդմիկը, դդումն ու ձմերուկը, պատկանում է դդմազգիների (Cucurbitaceae) մեծ ընտանիքին և իր «արյունակից», այս դեպքում «ջրկից» ձմերուկի նման մոտ 95 տոկոսով կազմված է ջրից:

Ահա թե ինչու է վարունգն այդքան անհրաժեշտ ամառային շոգ օրերին․ այն օգնում է օրգանիզմին զերծ մնալ ջրազրկման վտանգից ու պահպանել հեղուկի անհրաժեշտ քանակությունը։ Սակայն վարունգի միակ առավելությունն ամենևին էլ դա չէ։

Այս բանջարեղենը, լինելով հարուստ К, В, С վիտամիններով, պղնձով, կալիումով ու մանգանով, կարող է կլոր տարին օգտակար լինել՝ օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով ապահովելու տեսանկյունից։

Դրանից բացի վարունգի տեսակները հարուստ են պոլիֆենոլներով ու այլ միացություններով, որոնք նպաստում են քրոնիկ հիվանդությունների և առողջական այլ խնդիրների կանխարգելմանը։

 

Վարունգ ուտելու 9 պարզ պատճառ

1․Գլխուղեղի առողջության պաշտպանություն

Վարունգը ֆիզետին է պարունակում, որը հակաբորբոքային ֆլավոնոլ է և ենթադրվում է, որ այն կարևոր դեր է խաղում գլխուղեղի առողջության համար։ Հետազոտությունները փաստում են, որ այն բարելավում է հիշողությունն ու դանդաղեցնում նյարդային բջիջների տարիքային փոփոխությունները։

2.Քաղցկեղի զարգացման վտանգի նվազեցում

Վարունգը հարուստ է պոլիֆենոլներով, որոնք լիգնաններ են անվանվում (պինորեզինոլ, լարիցիրեզինոլ և այլն)։ Դրանք նպաստում են կրծքագեղձի, արգանդի, ձվարանների, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելմանը։ Վարունգը նաև հարուստ է cucurbitacin սննդանյութով, որը նույնպես օժտված է հակաքաղցկեղային ազդեցությամբ։

3․ Բորբոքման նվազեցում

Վարունգի տեսակները կարող են նվազեցնել օրգանիզմի բորբոքային արձագանքները։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վարունգի հակաբորբոքային ազդեցությունը պայմանավորված է բանջարեղենի կազմում առկա հակաբորբոքային ֆերմենտների ակտիվությամբ։

4.Հակաօքսիդանտային ազդեցություն

Վարունգը հարուստ է հակաօքսիդանտներով, ներառյալ բետա-կարոտինով ու վիտամին C-ով։ Վարունգի տեսակները պարունակում են նաև հակաօքսիդանտային ֆլավոնոիդներ, ինչպիսիք են կվերցետինը, ապիգենինը, լյուտեոլինը և այլն։ Վերջիններս առողջությանը նպաստող կարևորագույն հատկանիշներով են օժտված, օրինակ, որոշ մասնագետների կարծիքով, կվերցետինը կանխում է հիստամինի արտադրությունը, դրա շնորհիվ էլ կվերցետինով հարուստ մթերքները համարվում են բնական հակահիստամիններ։

5.Թարմ շնչառություն

Վարունգն օգնում է թարմացնել շնչառությունը՝ վերացնելով բերանի՝ բակտերիաների պատճառով առաջացած տհաճ հոտը։

6.Սթրեսի կառավարում

Վարունգը պարունակում է B խմբի վիտամիններ, ներառյալ՝ B1, B5 և B7։ Ինչպես հայտնի է, այս խմբի վիտամիններն օգնում են նվազեցնել տագնապի զգացողությունն ու չեզոքացնել սթրեսի հետևանքները։

7.Մարսողական համակարգի առողջություն

Վարունգը հարուստ է 2 հիմնական նյութերով, որոնք անհրաժեշտ են առողջ մարսողության համար․ դրանք են բջջանյութն ու ջուրը։
Վարունգի կեղևը չլուծվող մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են բարելավել աղիների աշխատանքը։

8.Քաշի կարգավորում

Թեև վարունգը շատ քիչ կալորիաներ է պարունակում, այն կարող է քաղցը հագեցնող լավ պատառիկ լինել։ Վարունգի մեջ պարունակվող լուծվող մանրաթելերը աղիներում դոնդողանման զանգված են դառնում՝ դանդաղեցնելով մարսողության գործընթացն ու հագեցածության զգացումը երկարաձգելով։

9.Սրտի առողջություն

Վարունգը հարուստ է կալիումով․ այս հանքանյութը բարերար ազդեցություն ունի սրտի առողջության, զարկերակային ճնշման կարգավորման վրա։

Թե՛ թարմ, թե՛ թթու դրած վիճակում վարունգը շատ օգտակար է, սակայն եթե ցանկանում եք մի փոքր ավելի բազմազան դարձնել ձեր սննդակարգը, ապա փորձեք այս բանջարեղենով նաև հյութեր պատրաստել։ Ամենապարզ, բայց և շատ առողջարար տարբերակ է վարունգի ու նեխուրի համադրությունը, որին ըստ ցանկության կարող եք սպանախ կամ բազուկի տերևներ ավելացնել։ Թարմ քամած կանաչ հյութն օրգանիզմը վիտամիններով ու հանքանյութերով հարստացնելու հիանալի տարբերակ է, իսկ եթե հյութ պատրաստելու ժամանակ էլ չկա, ապա ամռանը կարող եք նախապատվությունը տալ վարունգով ջրին, որի մասին անհրաժեշտ տեղեկությունները կգտնեք այստեղ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ բժիշկ-սննդաբան Ջոզեֆ ՄԱՐԿՈԼԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930