Լրահոս
Օրվա լրահոսը

Վարունգով ջուր խմելու 7 առավելությունները

Հունիս 23,2019 23:00

Ամառվա այս տապին զովանալու և թարմանալու տարբերակներ փնտրելիս ուշադրություն դարձրեք վարունգով ջրին, որը թեեւ պատրաստվում է շատ պարզ եղանակով, բայց բավականին լուրջ նպաստ կարող է բերել առողջությանը՝ զովացնելուց ու թարմացնելուց զատ։

Ի՞նչ ասել է վարունգով ջուր

Ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ անունն արդեն հուշում է՝ ջուր, որին ավելացված են վարունգի կտորներ, ու թեեւ դա կարող է շատ հասարակ թվալ՝ օգտակար լինելու համար, բայց փաստ է, որ վարունգը ջրին է փոխանցում իր ակտիվ բաղադրամասերի մեծ մասը՝ հարստացնելով ջուրը սննդարար նյութերով։ Բացի դա, վարունգը  95 %-ով կազմված է ջրից, ահա թե ինչու է այն այդքան լայնորեն կիրառվում օրգանիզմի դետոքսիկացիայի՝ մաքրման ժամանակ։

Վարունգով ջուրը նախևառաջ հաճելի է որպես ըմպելիք, այն ունի թարմացնող բույր և համ և օգտակար է, քանի որ հարստացված է վարունգի սննդարար նյութերով, ինչպիսիք են B խմբի վիտամինները, վիտամին C-ն, հանքանյութերը՝ հատկապես մանգանն ու մոլիբդենը։ Նշենք, որ վարունգը պարունակում է նաև բետա կարոտին, ֆլավոնոլներ (ֆիզետին), հակաօքսիդանտներ։ Վարունգի կեղևը սիլիցիում է պարունակում, որը նույնպես շատ կարևոր է օրգանիզմի համար։

Վարունգով ջուր խմելու առավելությունները

Հիդրատացիա

Օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ հեղուկ է հարկավոր կենսականորեն կարևոր գործընթացների իրականացման համար։ Թեև սովորական ջուրը նույնպես հիանալիորեն ծառայում է այդ նպատակին, բայց վարունգով ջուրն ավելի հաճելի է ըմպելու տեսանկյունից, և որ ամենակարևորն է՝ օգնում է կանխել փորկապությունն ու երիկամներում քարերի առաջացումը։

Քաշի նվազեցում

Վարունգով ջուրը, ի տարբերություն զովացուցիչ այլ ըմպելիքների, գրեթե զերծ է կալորիաներից և օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ։

Արժե նշել, որ թեթեւ բույրի շնորհիվ վարունգով ջուրն ավելի շատ է օգտագործվում, քան սովորական անհամ ջուրը, ինչի շնորհիվ ընկրկում է նաև քաղցի զգացումը։

Ճարպակալում ունեցող միջին տարիքի կանանց ու տղամարդկանց շրջանում անցկացված 12-շաբաթյա հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, որոնք հիմնական սնունդն ընդունելուց առաջ 500 մլ ջուր են ըմպել, քաշի նվազեցման ավելի լավ արդյունք են գրանցել, քան նրանք, որոնք ջրին առանձնապես մեծ կարևորություն չեն տվել։

Վարունգով ջուրը համեղ պատառիկներին փոխարինող հիանալի տարբերակ կարող է լինել, որը նաև կարագացնի նյութափոխանակության գործընթացները։

Մաշկի խնամք

Վարունգը հարուստ է մի շարք հակաօքսիդանտներով և այլ միացություններով, որոնք հոգում են մաշկի առողջության համար՝ օգնելով պայքարել մաշկային տարբեր խնդիրների դեմ։ Վարունգը հարուստ է ֆլավոնոիդներով ու դաբաղող նյութերով, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալները։ Դա օգնում է նվազեցնել օքսիդացման սթրեսը, որի հետևանքով էլ առաջանում են վաղաժամ կնճիռները, պիգմենտային բծերն ու մաշկային այլ խնդիրները։

Վարունգի հիմքով պատրաստված միջոցները լայն կիրառություն ունեն կոսմետոլոգիայում․ դրանք օգտագործվում են կորյակների բուժման ժամանակ, իսկ վարունգով  լոսյոնը (որը, ի դեպ, կարելի է պատրաստել տնային պայմաններում) մաշկը թարմացնող, տոնուսավորող լավ տարբերակ է։

Դետոքսիկացիա

Ինչպես արդեն նշվեց, սովորաբար վարունգով ջուրն ավելի շատ է օգտագործվում, քան սովորական ջուրը, ինչի հաշվին էլ ավելանում է միզարտադրությունը, որն էլ իր հերթին օգնում է օրգանիզմից արագ դուրս բերել տոքսինները՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը մետաբոլիկ համակարգի վրա։

Մկանների ուժը

Վարունգով ջրի կարևոր առանձնահատկություններից մեկը սիլիցիումի պարունակությունն է․ սիլիցիումը օրգանիզմի շարակցական հյուսվածքների կարևոր բաղադրամասերից է, ուստի սիլիցիումով հարուստ մթերքների օգտագործումը թույլ է տալիս պաշտպանել մկանների ամրությունը։

Զարկերակային ճնշում, սրտի և արյունատար անոթների առողջություն

Վարունգի բնական միացությունները, որոնք ներթափանցում են ջրի մեջ, նվազեցնում են բորբոքային գործընթացներն ու օքսիդացման սթրեսը։ Կալիումը ներգործում է որպես անոթները լայնացնող միջոց՝ թուլացնելով սիրտ-անոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։

Կան նաև հետազոտություններ, որոնց համաձայն վարունգով ջուրն օգնում է պահպանել արյան մեջ ճարպերի և խոլեսթերինի առողջ մակարդակը, ինչպես նաև կարգավորել արյունատար անոթներում բորբոքային գործընթացների լավացումը։

Ոսկրային հյուսվածքի ամրությունը

Վարունգով ջուրը հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը, սիլիցիումն ու մանգանը, որոնք պատասխանատու են ոսկորների ամրության ու առողջության համար։

Վերջում ավելացնենք, որ վարունգով ջուրը շատ հեշտ է պատրաստվում․ պարզապես սառը ջրին պետք է ավելացնել լավ մաքրված ու կտրատված վարունգի կտորներ ու սպասել մի քանի ժամ։ Այնուհետև ըմպել, որքան ցանկանում եք։ Ի դեպ, բացառված չէ, որ ձեզ այնքան դուր կգա վարունգով ջուրը, որ դուք կսկսեք ստեղծագործաբար մոտենալ այդ գործընթացին՝ ջրին ավելացնելով կիտրոնի կամ այլ մրգերի կտորներ, թարմ նանա, ռեհան կամ ուրց և իհարկե՝ սառույց, այլապես էլ ինչպե՞ս դիմանալ ամառվա այս տապին։

 

Ծանուցում․ նյութն ունի ընդհանուր տեղեկատվական բնույթ և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930