Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրատեղամասերի առջեւ եւ ներսում մեծ կուտակումներ են առաջանում

Հունիս 20,2021 19:14

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների մեծ թվաքանակը, քվեարկության անցկացման նոր կարգը եւ ընտրությունների կազմակերպական բացթողումները ընտրատեղամասերում որոշակի անհարմարություններ են առաջացնում ընտրողների համար:

Նախ, ընտրատեղամասերի մի զգալի մասում մուտքի առջեւ մարդկային կուտակումներ են: Հերթերի պակաս չկա նաեւ տեղամասերի ներսում, երբ քաղաքացիները ստիպված են կիպ կանգնել մատնահետքը ճանաչող սարքի առջեւ, ապա սպասել մինչեւ հանձնաժողովի անդամը կհասցնի հատիկ-հատիկ հավաքել երկու տասնյակից ավելի քվեաթերթիկները եւ ծրարի հետ միասին  փոխանցել ընտրողին: Այս իրավիճակը երբեմն խառնաշփոթի պատճառ է դառնում. քվեախցիկում միաժամանակ հայտնվում են մեկից ավելի անձինք, կամ մի խցիկից մյուսը ընտրողները զրույցի են բռնվում, միմյանց տարբեր խորհուրդներ տալիս:

Հերթերի գոյացումը եւ այլ թերություններ ֆիքսել եւ լրագրողներին իրենց դժգոհությունն արտահայտել են շատերը, այդ թվում նաեւ ընտրացուցակներում տեղ գտած քաղաքական ուժերի ղեկավարները, ինչպես նաեւ դիտորդներն ու վստահված անձինք: Մասնավորապես, թիվ 9/60 ընտրատեղամասում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ դիտորդ Արա Սահակյանը մեր հետ զրույցում ասաց, որ որոշ փորձեր են արվում ընտանիքներով քվեարկելու եւ հենց այդ պահին նկատեց, որ մի քվեախցիկում երկու անձ կա կանգնած: Բարձրաձայն հնչեցրած դիտողությունը նրա,  հանձնաժողովի անդամներից մեկի եւ հանձնաժողովի նախագահի միջեւ թեթեւ բանավեճի պատճառ դարձավ, ինչը, սակայն, արագ ավարտվեց:

Արա Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ առավոտյան, մինչեւ ընտրատեղամասի բացվելը, տեխնիկական բնույթի, բայց օրենքով չկարգավորվող խնդիր էր առաջացել: «Մետաղյա չհրկիզվող պահարանը, որտեղ գտնվում են բոլոր փաստաթղթերը, չէր բացվում: Սակայն մեծ դժվարությամբ էլեկտրական սղոցի գործադրմամբ խնդիրը լուծվեց եւ քվեարկությունը սկսվեց 12 րոպե ուշացումով»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Արամ Բաբայանը վստահեցրեց, որ ընտրություններն իրենց մոտ անցնում են շատ լավ, նորմալ, հանգիստ եւ ակտիվ: Նաեւ ասաց, որ  մետաղյա պահարանի հետ առաջացած խնդիրն արձանագրվել է գրանցամատյանում եւ  որ գործընթացը տեսանկարահանվել է:

«Իսկ ինչ վերաբերում է դիտորդի հետ միջադեպին, դա աշխատանքային պրոցես է: Պատահում է, որ քաղաքացին  տեսողական խնդիր է ունենում կամ օգնելու կարիք է զգում, որեւէ մեկի խնդրում ենք, մոտենում գրանցվում է եւ օգնում»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Մեր դիտարկմանը, թե մենք այդ միջադեպով ականատես եղանք, որ տեսողության հետ կապված ոչ մի խնդիր չկար, պարոն Բաբայանը հակադարձեց. «Մարդիկ կան, որ ընտրության  կարգին տեղյակ չեն: Մենք նման դեպքերում բացատրում ենք, միմյանցից առանձնացնում: Դիտորդը ընտրողին դիտողություն անելու իրավունք չունի: Դրա համար կա հանձնաժողովի նախագահ, կա ոստիկան: Եթե խնդիր է, կհրավիրենք ոստիկանին: Այնպես որ, հրահանգներ տալ քաղաքացուն, դիտորդը իրավունք չունի»,-ասաց Արամ Բաբայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930