Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրեք Առուշի վրա, հակառակ դեպքում ձեզ կդատենք». Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ ահազանգում է ռեպրեսիաների մասին

Հուլիս 07,2021 13:23

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կեղծիք եւ բանսարկություն է որակում Քարահունջի վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալությունը եւ նրա դեմ հարուցված քրեական գործը:

Այս պահին Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Քարահունջի վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ-ի որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը: Դատարանի բակում են Լուսինե Ավետյանի հարազատները, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Հիշեցնենք, Լուսինե Ավետյանին ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու եւ մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով:

Լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո իրենց համակիրներին անընդհատ կանչում են ոստիկանություն, հարցաքննություններ են իրականացնում, առաջարկում են՝ «մի բան գրեցեք»: Ըստ իր տեղեկությունների, Երեւանից, քննչական մարմիններից էլ մարդիկ են գործուղվել Սյունիք եւ ամեն օր մի քանի հարյուր մարդ են կանչում հարցաքննության:

«Այս դեպքում էլ մարդկանց մի քանի անգամ, գիշերը ուշ ժամի տարել են ոստիկանություն, որ եթե չգրեք՝ ձեզ կդատենք եւ այլն, բայց որեւիցե քայլ չկա: Մենք սկզբունքորեն էլ մեզ երբեք թույլ չենք տա՝ որեւիցե քաղաքացու կամ մեր թիմին ասենք՝ կաշառքով մեր օգտին քվեարկիր: Դա կոնկրետ իմ դեպքում, մեր թիմի դեպքում, մեր սկզբունքներին դեմ է, նման բան գոյություն չունի: Մեր քաղաքացիներին ասում են՝ գրեք Առուշի վրա, հակառակ դեպքում ձեզ կդատենք: Կան մարդիկ, ովքեր վախի մթնոլորտում գուցե որոշակի քայլերի գնան»,- ասաց Առուշանյանը՝ հավելելով, որ մարտ ամսին համայնքներին բյուջեի 5 տոկոսի չափով սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն է հատկացվել, ինչը օրենքով է սահմանված եւ ինչն իրենք արել են միշտ՝ մարդկանց դիմումների հիման վրա, քանի որ նաեւ դա է իրենց աշխատանքը: Իսկ նախընտրական կամ ընտրական շրջանում, ըստ նրա, անգամ նման ծրագրեր չեն իրականացվել: Ի դեպ, Գորիսի քաղաքապետարանի աշխատանքը ստուգվել է 2017-ից ի վեր ու ոչ մի խախտում չի արձանագրվել, ըստ նրա՝ որոշել են ինչ-որ մի բան հնարել:

Առուշ Առուշանյանը կարծում է, որ այս ամենի թիրախում ինքն է, քանի որ շուտով, հավանաբար, Մեղրիի միջանցքի շինարարությունն է սկսվելու, ուստի իր եւ իր թիմակիցների չեզոքացումը բխում է իշխանության շահերից. «Խնդիրը ինձ դատելն է: Ես պատրաստ եմ այսօր էլ դատվել, միայն թե ամեն օր մարդկանց, այդ թվում նաեւ տարեցներին, ամեն օր թող չտանեն: Եթե քաղաքական է խնդիրը, քաղաքական հետապնդում է՝ իմ սկզբունքները երբեք էլ չեն փոխվելու: Գիտեն, որ խոչընդոտելու ենք միջանցքի շինարարությանը, դրա համար էլ ուզում են չեզոքացնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031