Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության տեսուչի կալանավորումը փոխվեց հինգ միլիոն գրավով

Դեկտեմբեր 04,2021 13:30

Ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Արտակ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ, սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու, կաշառքի դիմաց ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գրիգորյանը հանձն է առել քաղաքացիների հավաքագրումը:

Արտակ Գրիգորյանը Ս. Գրիգորյանի հետ համաձայնության գալուց հետո, 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, վերջինիս օժանդակությամբ, վեց դրվագով ստացել է կաշառք, վեց դրվագով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաեւ վեց դրվագով կատարել է պաշտոնական կեղծիք:

Ըստ դատարան ուղարկված գործի նյութերի, Ս. Գրիգորյանը կաշառատուներից անձամբ կամ միջնորդների միջոցով ստացել է ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամ, ապա այդ գումարներից տարբեր օրերի ընթացքում Արտակ Գրիգորյանին է փոխանցել ընդհանուր 1.020.000 ՀՀ դրամ կաշառք, որից 400.000 ՀՀ դրամը վերջինիս է փոխանցել 2020 թվականի մայիսի 20-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքում:

Նախաքննության մարմինը 2020 թ. օգոստոսի 27-ին որոշում է կայացրել թիվ 58213320 քրեական գործից անջատել մեղադրյալներ Արտակ Գրիգորյանի եւ Հակոբ Ղայթանջյանի նկատմամբ գործը եւ քրեական գործին շնորհել թիվ 62222520 համարը:

2020 թ. սեպտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը դատարան է մուտքագրվել սեպտեմբերի 9-ին:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Հարությունյանի 2020 թ. սեպտեմբերի 10-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:

2020 թվականի հուլիսի 24-ի որոշումով դատարանն անդրադարձել է կալանավորման հիմքերին:

Ամբաստանյալի պաշտպանությունն իրականացրել են Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը (լուսանկարում): Վերջինս «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմել էին Վճռաբեկ դատարան՝ նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 21.07.2021թ. թիվ ԼԴ/0124/01/20 քր. գործով կայացված որոշման դեմ: Նրանք խնդրել էին՝ բեկանել թիվ ԼԴ/0124/01/20 քրեական գործով 21.07.2021թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը եւ գործն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը կամ բեկանել թիվ ԼԴ/0124/01/20 քրեական գործով 21.07.2021թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ օրինական ուժ տալով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.06.2021թ. որոշմանը։

Ըստ Զ. Վարդանյանի՝ 21.07.2021թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թիվ ԼԴ/0124/01/20 որոշման հիմքում դրել է անհիմն պատճառաբանություններ, որեւէ ապացույցով չհաստատված ենթադրական դատողություններ։ Մասնավորապես, ըստ վերաքննիչ դատարանի որոշման. «Անդրադառնալով գործի քննությանը խոչընդոտելու վտանգին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արտակ Գրիգորյանը ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել գործի քննությանը»:

Ըստ պաշտպան Զ. Վարդանյանի, վերաքննիչ դատարանի հիմնավորումները պայմանավորված են հետեւյալ հանգամանքով. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՇԴ/0143/01/20 քրեական գործով ոչ բոլոր անձանց վերաբերյալ է կայացրել դատավճիռ, մասնավորապես՝ թիվ ՇԴ/0143/01/20 քրեական գործից ամբաստանյալ Սետ Ժորժիկի Գրիգորյանի վերաբերյալ մասն անջատվել է որպես առանձին վարույթ, իսկ գործի դատաքննությունը շարունակվել է ամբաստանյալներ Դ.Դարբինյանի, Մ.Բաղդասարյանի, Հ. Սեդրակյանի, Գ.Հակոբյանի, Ա.Հակոբյանի, Ա. Սարգսյանի, Ա.Ներսիսյանի, Հ. Թորոսյանի, Հ. Բարսեղյանի, Ա. Ծատուրյանի, Կ.Դավթյանի եւ Ա.Ղազարյանի մասով, այնուհետեւ, 2021թ. մայիսի 3-ին դատարանի դատավճռով Դ. Դարբինյանը, Մ. Բաղդասարյանը, Հ. Սեդրակյանը, Գ. Հակոբյանը, Ա. Հակոբյանը, Ա. Սարգսյանը, Ա. Ներսիսյանը, Հովհ. Թորոսյանը, Հ. Բարսեղյանը, Ա. Ծատուրյանը, Կ. Դավթյանը եւ Ա. Ղազարյանը դատապարտվել են տարբեր չափերի տուգանքով, իսկ Սետ Գրիգորյանի վերաբերյալ, ով նույնպես հանդիսանում է ամբաստանյալ եւ ըստ գործում առկա փաստական տվյալների՝ վեց դրվագով օժանդակել է Արտակ Գրիգորյանի կողմից ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալուն, մեկ դրվագով Արտակ Գրիգորյանին դրդել է չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները եւ կատարել պաշտոնեական կեղծիք, մեկ դրվագով կատարել է կաշառք ստանալու օժանդակության փորձ, մեկ դրվագով կատարել է կաշառք ստանալու պատրվակով խարդախություն՝ դեռեւս վերջնական դատական ակտ առկա չէ:

«Առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելով՝ վերաքննիչ դատարանը իր որոշման հիմքում դրել է սին ենթադրություն այն մասին, որ մնալով ազատության մեջ, Ա. Գրիգորյանը կարող է Սետ Գրիգորյանի նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրել։ Ընդ որում, վերաքննիչ դատարանն իր մտավախությունը որեւէ ապացույցով չի հիմնավորել», վճռաբեկ բողոքում նշել էր պաշտպանական կողմը:

Պաշտպանական կողմը նշել էր նաեւ, որ վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Արտակ Գրիգորյանը չի խոչընդոտել նախաքննության ժամանակ, ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է, ունի մշտական բնակության վայր, տվել է ցուցմունքներ, իրեն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական. օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով, օժանդակել է քննությանը: Նա տառապում է «Զարկերակային հիպերտենզիա III0» հիվանդությամբ: Առհասարակ, զարկերակային գերճնշումը՝ հիպերտենզիան, սրտանոթային հիվանդություններից ամենավտանգավորն է: Զարկերակային գերճնշումը պայմանավորված է լինում սրտանոթային համակարգի բնականոն գործունեության խախտմամբ: Մինչդեռ, ինչպես գիտենք, սրտանոթային հիվանդություններով տառապող անձինք գտնվում են կորոնավիրուսի ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում (ներկայացվել են փաստաթղթերը):

Բացի այդ, այս քրեական գործից առանձնացված եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ՇԴ/0143/01/20 քրեական գործով 2021թ. մայիսի 3-ին, արագացված դատական քննության կարգի կիրառմամբ կայացվել է դատական ակտ, որով սույն գործով որպես մեկ այլ քրեական գործով անցնող մեղադրյալներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել, որով ինչպես դատարանն է նշել. «չեզոքացել է այն մտահոգությունը, որ Ա. Գրիգորյանը մնալով ազատության մեջ կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա»։ Պաշտպանները վճռաբեկ դատարանի ուշադրւթյունն էին հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ Արտակ Գրիգորյանը մեկ ամիս գտնվել է ազատության մեջ եւ չի խոչընդոտել գործի քննությանը: Նա մեկ տարի գտնվել է անազատության մեջ, իսկ քառահատոր գործի քննությունը հարցաքննությունների փուլում է:

Վճռաբեկ դատարանը օրերս Արտակին ազատ արձակեց, հինգ միլիոն դրամ գրավի դիմաց Արտակ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031