Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս Մարտակերտ այցի ժամանակ խոսելով այդ թվում պատերազմի ընթացքում դավաճանությունների մասին՝ ասել է․ «Միանշանակ ուզում եմ ասել. դավաճանություն չի եղել, դավաճաններ չեն եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ` ունենալով շատ սահմանափակ հնարավորություններ: Որևէ մեկի վրա հույս չդնեք, որ այդ մեկը գալով՝ կարող է մեր երկիրը կփրկի, փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողները»:
Նկատենք, որ 2020թ․-ի նոյեմբերի 11-ի իր հայտնի ուղիղ եթերի ժամանակ Արայիկ Հարությունյանն ինքն էր ասում․ «Դավաճան են այն տղամարդիկ, ովքեր թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, թաքնվել են Երեւանում, ու այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուս նկուղն էին փախչում, որպեսզի առաջնագիծ չգնային։ Բավական է, շատ փակագծեր կարող եմ բացել։ Բայց իմացեք, դավաճանել ենք մեր զինվորներին բոլորս՝ կողքին չլինելով։ Ուրիշ մեղավոր, դավաճան չկա»։
Այդ նույն ելույթում նա «դավաճան» բնորոշմամբ նաեւ ասել էր․ «Ես հիմա կասեմ դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են։ Առաջին անգամ ահազանգել եմ հոկտեմբերի երեքին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսն ու Թալիշը ու վտանգված էր ամբողջ հյուսիսային հատվածը․․․»։
Aravot.am-ն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեց՝ ձեր գնահատմամբ, ինչո՞ւ է ԱՀ նախագահն այժմ կարծում, թե դավաճաններ չեն եղել։ Տիկին Հակոբյանը նախ նշեց․ «Եթե Արայիկ Հարությունյանի գործունեության պատմությունը դիտարկեք, նա միշտ հակասում է ինքն իրեն։ Նախ, նա հայտնի սուտասան է բոլոր առումներով։ Իր ամենամեծ սուտը, որ «Արցախի օդը 100%-ով փակ է», դարձել է թեւավոր խոսք։ Նա իր այս պահվածքով ցույց է տալիս, որ ինքը որոշումներ կայացնելու հնարավորություն, թույլտվություն, իրավունք չունի։ Նա նախագահ է Արցախում՝ ուղղակի Հայաստանի վարչապետի թույլտվությամբ։ Նա ոչ թե ընտրյալ, այլ նշանակված նախագահ է Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ, բնականաբար, կատարում է այն բոլոր հրահանգները, որոնք իջեցվում են։ Նշյալ հայտարարությունը եւս դրա մասին է խոսում, որովհետեւ հայաստանյան ընտրություններից հետո իրենց օրակարգն է փոխվել։ Ավելի ինքնավստահ են դարձել, եւ, բնականաբար, օրակարգը փոխելով՝ խոսում են այլ կերպ»։
Կարդացեք նաև
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը պահում է այն օրակարգը, որն իրեն թելադրում է ՀՀ իշխանությունը։ Ըստ տիկին Հակոբյանի՝ վերջերս կայացած Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հանդիպման օրակարգում ոչ թե Արցախի հարցն ու անվտանգությունն էին, այլ շինարարությունը, տնտեսական հարցերը․ «Դա այն պարագայում, երբ այսօր Արցախում ամեն քայլափոխի հանդիպում ենք ադրբեջանցիների, նրանց դրոշների, նրանց լկտի, ցինիկ պահվածքին, իսկ կրակոցներն անդադար ենք լսում։ Արցախի անվտանգային հարցերը նրանք դրել են մի կողմ ու զբաղված են փող աշխատելով՝ ամենացածր, կեղտոտ մակարդակի փող աշխատելով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































