Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան․ «Հադրութից մեր 1500 հոգին փախչում էր ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտից»

Նոյեմբեր 11,2020 20:50 Share

«Այն քաղաքական գործիչները, որոնք փորձում են դավաճաններ փնտրել՝ հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների եւ իրենց մասնակցությունը։ Նկարվելը չեմ ասում։ Որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեինք»,-այսօր ուղիղ եթերում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով այն հայտարարություններին, թե իշխանությունները դավաճան են եւ հող հանձնող։ Արայիկ Հարությունյանը դավաճանության դեպքեր պատմեց։

«Ում հարցնում ենք, ասում են՝ եղել ենք Օմարում։ Այո, Օմարում մի քանի օր շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել՝ շնորհիվ զինվորականների եւ որեւէ մեկը թող չվերագրի իրեն։ Կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել մեր դիրքերը։ Սելֆի անելով ազգին խաբել եք, իսկ մենք զինվորի կարիք ունեինք»,-ասաց պարոն Հարությունյանը։

Նա հայտարարեց՝ պատերազմում հակառակորդի ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր կար․ «Բայց հիմնական պատճառը, դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»։

Նա վստահեցրեց՝ զինադարար են կնքել, որովհետեւ մեր զինվորներն շրջափակման վտանգի տակ էին․«Երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չունեինք, զինվորականները հիմնական առաջնագծում էին, ո՞ւր էին կամավորականները, ո՞ւր էր աշխարհազորը, ո՞ւր էին ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ։ Չկային։ Կային մի քանի տասնյակ կամ ընդամենը 2 հարյուր հոգի։ 6 հազարից ավելի զորքին դրանո՞վ պիտի դիմակայեինք։ Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո շրջափակելու էին մեր ամբողջ զորքը, 18-20 տարեկաններին, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում եւ այդպես գալիս էին։ Հարցրեք զինվորականներին՝ ո՞վ է իրենց դավաճանել։ Ազգովի ենք դավաճանել։ Օգնություն ցուցաբերվել է, գոհ եմ բոլորից։ Բայց դավաճանել ենք, որովհետեւ 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել 6,7,8 պետության դեմ։ Խոնարհվում եմ մեր զոհվածների առջեւ, 18-20 տարեկանների առջեւ, որոնք մինչեւ այսօր պաշտպանում են մեր սահմանները»։

Երկրի նախագահի տեղն, ինչպես ասած պարոն Հարությունյանը, առաջնագիծը չէ։ Նա վստահեցրեց, որ Հադրութից ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտից փախչում էին 1500 հոգի․ «Երբ աղաչել եմ, որ պետք է գնանք ու ամբողջությամբ ոչնչացնենք խմբավորումը, որպեսզի հեշտ լինի․․․Ես ստիպված եմ այսքանն ասում, որովհետեւ արդեն պառակտվում ենք, մեղավորներ ենք փնտրում։ Զորքը Պաշտպանության բանակին թողել է մենակ, նյութական մատակարարումը բավարար չէ, պատերազմի կանոններ են՝ որքան զոհ, վիրավոր ունենաս, այդքանով պետք է համալրես։ Յուրաքանչյուր օր հարյուրավոր վիրավորներ էինք տալիս։ Ինչքանո՞վ էինք համալրում։ Հրաժարվում էին գնալ օգնության մեր տղաներին։ Ինչքան տղաների դիակներ ունենք այսօր առաջնագծում, մեր երեխաների, տղաների, բալիկներ, որովհետեւ ժամանակին չենք կարողացել հասնել օգնության։ Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, մի մասը ցույց եմ տվել, գնացել եմ որովհետեւ կարիքը կար, որովհետեւ զգում էի, որ զորքն աջակցության կարիք ունի։ Իսկ վերջին օրը, երբ մենք ստիպված էինք, Ստեփանակերտի մատույցներում մեկ, երկու, առավելագույնը երեք հարյուր պաշտպանող ունեինք, իսկ սահմանը շատ մեծ էր՝ հարավ, արեւելք, արեւմուտք։ Միայն թիկունքի հյուսիսային մասն էր պաշտպանված, այն էլ մեծ հնարավորություն ունեին թիկունքով մտնել Ստեփանակերտ եւ գերեին կամ ոչնչացնեին մի քանի հարյուր հոգուն»։

Պարոն Հարությունյանն անդրադարձավ Ստեփանակերտից բնակչության տարհանմանը, նշելով՝ այդպես վարվեցին, որպեսզի քաղաքացիական հազարավոր զոհեր չունենայինք։

«Ասում են՝ խուճապահար ենք անում զորքին։ Ոչ մի կռվող տղա խուճապի չի ենթարկվել, երբ իմացել է քաղաքացիական բնակչությանը վտանգավոր գոտուց հանում ենք։ Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճաննե՞ր է փնտրում։ Դավաճան են այն տղամարդիկ, ովքեր թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, թաքնվել են Երեւանում, ու այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուս նկուղն էին փախչում, որպեսզի առաջնագիծ չգնային։ Բավական է, շատ փակագծեր կարող եմ բացել։ Բայց իմացեք, դավաճանել ենք մեր զինվորներին բոլորս՝ կողքին չլինելով։ Ուրիշ մեղավոր, դավաճան չկա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30