Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա հարաբերություններն անկախությունից ի վեր` Ժիրայր Լիպարիտյանի աշխատությունում

Սեպտեմբեր 09,2021 11:46 Share

Պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան – Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատությունը վերջապես կդրվի ընթերցողի սեղանին։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Հանրությանը կներկայացվի մեծածավալ աշխատության դեռևս առաջին հատորը. շարքի մյուս հատորները լույս կտեսնեն առաջիկա երկու տարիների ընթացքում: Հատորը ներառում է պատմաբանի՝ տարբեր տարիներին հրապարակված հոդվածներ և հարցազրույցներ, առաջին անգամ հայերեն ներկայացվող  վերլուծություններ, մեծ թվով անտիպ նյութեր:

Այս հատորով Ժիրայր Լիպարիտյանը ներկայանում է նաև իբրև պատմաբան. մինչ այս Հայաստանում նրան ավելի շատ ճանաչում էին որպես դիվանագետի:

«Աշխատության մեջ ներկայացված են մի շարք հարցեր: Մասնավորապես, Թուրքիայի հետ հայ ժողովրդի և Հայաստանի հարաբերությունները՝ իրենց անցյալով ու ներկայով, որը կազմում է վերջին  50 կամ ավելի տարիների հայ քաղաքական մտքի առանցքը։ Ինչպես նաև Ցեղասպանությունը՝ որպես անկախության նկատմամբ քաղաքական մտքի առանցք. Հայաստանը կարո՞ղ է անկախ լինել, արդյո՞ք Թուրքիան մեզ նորից պիտի ջարդի, եթե անկախանանք: Արդյո՞ք Ցեղասպանության չճանաչումը Հայաստանի ժողովրդի ու պետության համար վտանգ  է ներկայացնում, Հայաստանը պե՞տք է Թուրքիայի հետ հարաբերություններ զարգացնի, թե՞ ոչ»,- նշում է Ժիրայր Լիպարիտյանը:

Նրա խոսքով՝ գրքում ներկայացված է Ցեղասպանության պատճառների նոր ուսումնասիրություն, որում ցուցադրվում է հայերից ձերբազատվելու երիտթուրքերի որոշման քաղաքական երեսը։

Գրքում զետեղված են Ցեղասպանության ժխտողականության պատճառներն ու բնույթը մերկացնող հոդվածներ. մասնավորապես՝ Թուրքիայի ղեկավարներ, ներկայիս նախագահ Էրդողանի և նախկին վարչապետ Դավութօղլուի՝ Ցեղասպանության չճանաչման ու մեկնաբանության վերաբերյալ մոտեցումներին առնչվող քննադատական հոդվածներ:

Հատորն արժեքավոր է նաև նրանով, որ մեկնաբանում է Հայաստան-Թուրքիա բարդ հարաբերություններն անկախությունից ի վեր: Անկախության առաջին տարիներին հեղինակը եղել է ՀՀ  կողմից Թուրքիայի հետ գլխավոր բանակցողը և կարևոր ճշտումներ է կատարում այդ բանակցությունների վերաբերյալ: Հատորը հիմնավորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների  մոտեցումները ներկայացված են պատմական, քաղաքական և հոգեբանական դիտանկյուններից:

Գրքի վերջում զետեղված են նյութեր՝  2020 թ. Ղարաբաղյան պատերազմին նախորդած և անմիջապես հաջորդած քաղաքական գործընթացների  վերաբերյալ:

Այս հատորի տպագրության մեկենասն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930