Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ու կորոնավիրուսի օրերին հայկական ավիաընկերությունը 536 էվակուացիոն չվերթներ է իրականացրել, 172 տոննա հումանիտար օգնություն բերել Հայաստան

Սեպտեմբեր 09,2021 16:38

«Արմենիա» ավիաընկերությունն անցած տարվա մայիս-դեկտեմբեր ամիսներին, օդային սահմանների փակ լինելու պատճառով, իրականացրել է 536 էվակուացիոն չվերթներ, ինչի արդյունքում 38 հազար Հայաստանի քաղաքացիներ տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան։ Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը:

«2020 թվականի մարտի 15-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով փակվեց ՀՀ օդային տարածքը։ Մոտ 2-3 ամիս «Արմենիա»-ն, ինչպես նաեւ աշխարհում շատ այլ ավիաընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը եւ թռիչքներ չէին կատարում։ Նույն թվականի մայիս ամսից սկսած «Արմենիա» ավիաընկերությունն աստիճանաբար սկսեց վերականգնել իր չվերթները։ Մենք այդ պահին օգտագործում էինք մեր ամբողջական ռեսուրսի գրեթե 10 տոկոսը»,-ասաց պարոն Խաչատրյանը։

Էվակուացիոն չվերթների հիմնական ուղղություններն, ըստ նրա, եղել են Ռուսաստանի քաղաքները, Ֆրանսիայի Լիոն քաղաքն ու Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայը։

44-օրյա պատերազմի ընթացքում էլ, Գեւորգ Խաչատրյանի խոսքով, երբ օտարերկրյա ավիաընկերությունները հրաժարվել են դեպի ՀՀ չվերթներ կատարել, իրենց ավիաընկերությունը տեղափոխել է 172 տոննայից ավել հումանիտար օգնություն դեպի Հայաստան. «Բոլոր օգնությունները եղել են Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ֆրանսիայի Մարսել եւ Լիոն քաղաքներից։ Հատուկ չվերթներ ենք իրականացրել նաեւ Բեյրութ, նաեւ այնտեղից ենք հումանիտար օգնություն տեղափոխել։ Հատկանշական էր, որ պատերազմի ընթացքում նկատվեց նաեւ տարբեր երկրներից չվերթների կրճատում: Ի պատիվ մեր հայ օդաչուների, թռիչքային անձնակազմի, «Արմենիա» ավիաընկերությունը ոչ միայն չկրճատեց իր չվերթները, այլեւ դրանք ավելացրեց ըստ անհրաժեշտության»:

Անդրադառնալով 2021 թվականի փետրվար ամսից մինչ օրս կատարած բոլոր չվերթներին, Գեւորգ Խաչատրյանն ասաց, որ այդ չվերթներով տեղափոխել են շուրջ 155 հազար ուղեւոր: Ավիաընկերությունը մինչեւ այս տարվա վերջ 280-300 հազար ուղեւոր էլ կտեղափոխի՝ պայմանավորված ամանորյա տոներով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930