Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Քաշաթաղի գրեթե բոլոր համայնքներից քաջորդիներ զոհվեցին, ընդհանուր՝ մոտ 80 հոգի։
Լեռնահովիտ գյուղը՝ պատմական Եզնագոմերը, գտնվում է շրջանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Աղավնո և Հոչանց գետերի ջրբաժանում՝ ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա։ Ազատագրվեց 1993-ին, և մեկ տարի անց վերահայացավ։ ՀՀ տարբեր վայրերից եկան շենացնելու պատմական հայրենիքի՝ ժամանակին հայաշատ ու ծաղկուն այս գյուղը, որը հայաթափ էր եղել 18-րդ դարակեսին։
Այստեղ իր ընտանիքով՝ կնոջ ու երկու զավակների հետ, Ասկերանի շրջանի պատմական Վարանդայի Ավետարանոց մելիքանիստից բնակվելու եկավ նաև Արամ Մելսիկի Բաբայանը։ Համեստ բնավորությամբ Արամը շուտով դարձավ Լեռնահովիտի շենացնողներից։
Կարդացեք նաև
Աշխատանքի բերումով հաճախ էի լինում Լեռնահովիտում։ Համայնքի ղեկավարի հաշվետվության կամ այլ համայնքային խնդիրների հետ կապված ժողովներին անպայման մասնակից էր։ Ծանոթացա նաև Արամի հետ։
Ավետարանոց գյուղը դարեր շարունակ եղել է հերոսների բնակավայր։ Արցախյան գոյամարտի տարիներին գյուղի բոլոր տղամարդիկ, ովքեր ընդունակ էին զենք վերցնելու, մարտական ջոկատի կազմում էին։ Մոտ 20 քաջորդի ընկան ռազմական գործողությունների ընթացքում։ Նույն քաջորդիների մասին նաև գիրք եմ գրել՝ «Արծիվներն ամպերի մեջ» վերնագրով։ Ու պատահական չէ, որ նույն քաջորդիների ոգով էին հասակ առնում գյուղի պատանիները։
Արամը ծնվել է 1989 թ. սեպտեմբերի 10-ին։ Ավարտել է գյուղի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցը, որը ողջ Արցախում հայտնի կրթօջախներից էր։ Իսկ Իվան Աթայանը, որը երկար տարիներ տնօրինում էր այս դպրոցը, Խորհրդային Միության վաստակավոր մանկավարժ էր։ 1992 թ. առաջին անգամ եղա Ավետարանոցում, և չնայած ընթացող պատերազմին՝ Ի. Աթայանի շնորհիվ դպրոցը գործում էր։ Երկրորդ անգամ արդեն Ավետարանոց այցելեցի 1994-ի դեկտեմբերին։ Դպրոցում ավելացել էր մարտիրոս տղաների անկյունը, որտեղ նահատակների լուսանկարներն էին՝ ոգեշնչելու մատաղ սերնդին։ Նույն տղաների ոգով դաստիարակվեց նաև Արամը։
2007-2009 թվականներին ծառայել է Արցախի ՊԲ Հադրութի զորամասում։ Իրեն դրսևորել է զինվորին վայել՝ նվիրված հայրենի եզերքի պաշտպանությանը։ Զորացրվելուց հետո ամուսնացել է Համեստ Մանուկյանի հետ և տեղափոխվել Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի գյուղական համայնքի համանուն գյուղ (համայնքի կազմում էին նաև Շրվական և Սպիտակաջուր բնակավայրերը)։ Տարածքը հարմար է հատկապես անասնապահության համար, և Արամը հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ։ Նաև իր տունն էր կառուցում։
Սակայն Արցախի սահմանում օրեցօր ահագնացող լարվածությունը վերածվեց ադրբեջանա-թուրքական և հայության այլ թշնամիների կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի։ Շատերի նման՝ առաջնագիծ մեկնեց նաև Արամը։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Բերձորում՝ Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատում էր, և շուտով՝ «Արա լեռ» հրետանային զորամասում։ Օրեր շարունակ՝ մինչև հերոսական նահատակվելը՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ը, հերոսաբար մարտնչել է մարտական ընկերների հետ։ Նրանք պաշտպանում էին Հադրութ-Մարտունիի հատվածները, նաև իր ծննդավայր Ավետարանոցը։ Ամարասի պաշտպանության մարտերում էլ անմահացավ։ Մեր շատ քաջորդիներ նահատակվեցին թշնամու անօդաչու սարքերի հարվածներից, և նույն ճակատագիրը բաժին հասավ նաև Արամին։
Հերոսին հուղարկավորեցին Ստեփանակերտի զինվորական պանթեոնում՝ «Եղբայրական գերեզմանոց»-ում։ Այդ օրերին եղբոր մասին պատմել է քույրը՝ Թամարան։ Իսկ կինը՝ Համեստը, կարոտով ու ցավով է ներկայացրել ամուսնուն՝ որպես հոգատար հայր, հայրենիքի պաշտպան, որը առաջնագիծ գնաց նաև իր տունը պաշտպանելու համար։ Արամ Բաբայանն Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Լեռնահովիտից անմահության ճամփան բռնեց նաև Կարեն Գեղամի Սահակյանը՝ ծնված 2001 թ. հոկտեմբերի 28-ին նույն գյուղում։ Ավարտել է ծննդավայրի Ազնիվ և Միսաք Տատրեանների անվան միջնակարգ դպրոցը, որի վերակառուցման գործում ինքն էլ է մասնակցել։ 2020 թ. հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։ Այդ օրը զինկոմիսարիատում զրուցեցի Կարենի հետ։ Ցանկանում էր արդեն բանակում գտնվող եղբոր՝ Կառլենի հետ նույն զորամասում ծառայել։ Եվ միասին ծառայում էին «Մարտունի-2» զորամասում․ գնդացրորդ էր։
Եղբայրներն անմասն չմնացին 44-օրյա պատերազմից, ընդհակառակը՝ հերոսաբար էին պաշտպանում հայրենիքը։ 2020 թ. նոյեմբերի 8-ին եղբոր աչքի առաջ նահատակվեց Կարենը։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (Կարենի մասին առանձին կգրեմ)։
Այսօր հայաթափ է Ավետարանոցը, թշնամու գերության տակ մնաց նաև Լեռնահովիտ-Եզնագոմերը, ամբողջ Արցախը։ Տղերքը չտեսան այս արհավիրքը, բայց նրանց հոգիներն անհանգիստ են ու պահանջող…
Զոհրաբ Ըռքոյան




















































