Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՆԹ տվյալներն ունենում են, չեն տալիս ծնողներին, դեմքով ճանաչվող զոհված երեխային ԴՆԹ-ով են ճանաչում. գոնե այդտեղ մարդկային մոտեցում ցուցաբերեն». զոհված զինվորի հայր

Սեպտեմբեր 09,2021 23:13 Share

«ԴՆԹ տվյալներն ունենում են, չեն տալիս ծնողներին, դեմքով ճանաչվող զոհված երեխային ԴՆԹ-ով են ճանաչում: Դա էլ մարտական գործողություն չէ, գոնե այդտեղ մարդկային մոտեցում ցուցաբերեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ վրդովվեց զոհված զինվոր Արթուր Ասրյանի հայր, Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների միության նախագահ Արմեն Ասրյանը:

Նա ցավով հայտնեց՝ դեկտեմբերին դուրս բերած զոհված զինվորների  մարմինների ԴՆԹ վերջին նույնականացումը երկու օր առաջ էր: Լրագրողների հարցին՝ իսկ ի՞նչն է պատճառաբանությունը, Արմեն Ասրյանը պատասխանեց. «Այն պատճառաբանությունն են ներկայացնում, որ մարմինների ԴՆԹ-ն շատ է դժվար իրականացնել: Իմ որդու ԴՆԹ-ն, որ նույնականացվել էր, 15, 20 օր, համարյա մեկ ամիս չէին ասում: Ընկերներս իմացել էին, բայց ռիսկ չէին անում ինձ ասել, սպասում էին՝ պաշտոնատար անձինք ասեն: Լուր չկար, վերջիվերջո, զինվորների մորաքույրներից մեկը զանգեց, ասաց՝ Արմե՜ն ջան, իմացիր, որ ԴՆԹ նույնականացում կա: Դա ոչ միայն իմ դեպքն է, այլ այդպիսիք բազմաթիվ են: Դրա համար ծնողները շաբաթը երկու-երեք անգամ գնում են Հերացի, ցուցակները հանում, սկսում են ճշտել: ԴՆԹ-ով նույնականացում են իրականացնում, որ զոհված զինվորը ճանաչելի է դեմքով, պատկերացնո՞ւմ եք: Մեր տղաներից մեկը մի քանի ամիս առաջ էր հուղարկավորություն կատարել, այլայլված եկավ, ասում է՝ գնում եմ բոլորին կոտորեմ: Զանգել, ասել են ԴՆԹ-ն բռնում է, բացում ենք դիակը, ոնց որ երեխան քնած լինի, դեմքը լրիվ ճանաչելի, ու մարմինը հանվել է նոյեմբերի 8-9-ին»:

Արմեն Ասրյանն ասաց՝ բազմիցս խնդրել են, քննչականին ասել՝ լուսանկարեք, ուղարկեք ԱՀ քննչական, որ Արցախից մարդիկ չգան դիահերձարաններով սկսեն դիակ ման գալը: Արմեն Ասրյանը վրդովված ասաց. «Մարդիկ հոգեբանական ծանր վիճակում են հայտնվում: Ինքս մեկ օրվա ընթացքում 106 մարմին եմ ուսումնասիրել մինչև լուսաբաց: Դա ահավոր է. մարդ կարող է խելագարվել: Մենք արդեն անջատվել էինք: Գոնե ուշքի գային, նորմալ կազմակերպեին: Դեմքով ճանաչվող զոհված երեխային ԴՆԹ-ով են ճանաչում, չի կարելի՞ նկարել: Մենք գաղտնի լուսանկարներ ենք ձեռք բերել այստեղից- այնտեղից, տարել Արցախ ու ով փնտրտուքների մեջ էր, նրանց ցույց էինք տալիս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930