Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ադրբեջանցիներն իրավունք ունեն…

Սեպտեմբեր 17,2021 10:00

Ազգային ժողով -կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողները (մաքսավորները, սահմանապահները՝ կարեւոր չէ, թե ինչպես ենք նրանց կոչում) իրավունք ունեն կանգնեցնել Իրանից եկող մեքենաները, նրանցից «մաքսատուրք» վերցնել, ստուգել բեռները, ձերբակալել վարորդներին: Նման գործողությունների հիմքը, ըստ վարչապետի, այն է, որ ճանապարհի այդ հատվածները պատկանում էին Խորհրդային Ադրբեջանին:

Խորհրդային վերջին շրջանի քարտեզների համաձայն՝ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ իսկապես մտնում էին Ադրբեջանական ԽՍՀ, հետո շարունակվում էին Հայկական ԽՍՀ տարածքով: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք՝ ապա ժամանակակից Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մի քանի մաքսակետ կառուցեն այդ մայրուղու վրա, ինչը, բնականաբար, անհեթեթ է:

Դարձյալ փորձենք զերծ մնալ հուզական բնորոշումներից եւ խորանալ այն հարցի մեջ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր իշխանությունների այդ մոտեցումը: Նախ դիտարկենք Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները: Եթե Ադրբեջանի նման գործողությունները սկսեն կրել պարբերական բնույթ, ապա իրանական ընկերությունները կվարանեն բեռներ ուղարկել եւ ստանալ այդ ճանապարհով: Իսկ մնացած, շրջանցիկ ճանապարհներն այս պահին ծանր բեռնատարների համար դժվար անցանելի են (եթե չասենք՝ անցանելի չեն): Իհարկե, այլընտրանքային ճանապարհ պետք է կառուցվի: Սակայն մասնագետներն ասում են, որ դրա համար անհրաժեշտ են միլիոնավոր դոլարներ եւ առնվազն երեք տարի՝ եթե շինարարությունը սկսվի այսօր: Ինչպե՞ս են Իրանի հետ բեռնափոխադրումներ իրականացվելու այդ երեք (եւ ավելի) տարիների  ընթացքում: Իմ կարծիքով՝ սահմանագծման եւ սահմանազատման օրակարգից դուրս պետք է բանակցություններ սկսել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ՝ ապահովելու համար այդ մայրուղով հայկական եւ իրանական փոխադրամիջոցների անարգել երթեւեկությունը: Սահմանագծում եւ սահմանազատում նույնպես պետք է հետագայում անցկացվի, բայց դա երկարատեւ, տարիներ խլող գործընթաց է, եւ կողմերը, կարծես թե, հեռու են այդ աշխատանքը անգամ սկսելուց:

Բայց ավելի երկար հեռանկարի տեսանկյունից առայժմ գործող ճանապարհը շարունակում է վտանգ ներկայացնել, եւ գործելու են այլ հաղորդակցություններ: Դա էլ, իր հերթին, վախենամ, կունենա բացասական տնտեսական հետեւանքներ: Եթե մեր բնակավայրերը կտրված լինեն հիմնական մայրուղուց, դա, վստահաբար կարելի է ասել, բացասական հետեւանքներ կունենա տնտեսական աշխուժության առումով: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ էկոնոմիկայի նախարարությունը (գուցե՝ եվրոպական գործընկերների հետ) պետք է հատուկ ծրագրեր մշակի այդ բնակավայրերի համար:

Իրավիճակը, մի խոսքով, բարդ է: Տեսնես դա գիտակցո՞ւմ են մեր իշխանությունները, որոնց պատճառով այդ իրավիճակը ստեղծվել է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Փոքրիկ ուղղում՝ 3 տարի պետք է Մեղրի-Սիսիան մայրուղու կառուցման համար, իսկ Հալիձոր-Աղվանի ճանապարհը պլանավորված է շահագործել 2022-ին:

  2. Լավատես says:

    Ամեն մեկի հետ պետք է խոսել այն լեզվով, որը նա հասկանում է, սա նշանակում է, որ ինչքան շատ լեզու գիտես, այնքան շատ ազգերի ու ժողովուրդների հետ կարող ես լեզու գտնել: Մարդն ու կենդանիները մի քանի լեզու գիտեն՝ դա ուժն է, սնունդը, խելքն ու խիղճը: Բոլորի հետ էլ կարող ես լեզու գտնել, եթե տիրապետում ես այս չորս լեզուներին հավասարապես ու լավագույնս: Չի կարելի խելոք ու բարի լինել, բայց թիկունքում չունենալ հզոր ռազմական, նյութական ու ֆինանսական բանակներ: Երբ մենք ակնկալում ենք ռազմականապես հզոր խելոք ու բարի պետությունների աջակցությունը, նրանք առաջին հերթին նայում են՝ իսկ մենք մեզնից թույլերին կամ ուժեղներին ռազմականապես աջակցե՞լ ենք, որոնք մեզ նման խելոք ու բարի են: Խնդիրը թույլ կամ ուժեղի մասին չէ, այլ սկզբունքի, հանուն որի դու գնում ես գիտակցված զրկանքների. չգիտակացված զրկանքը՝ զրկանք է, գիտակցված զրկանքը հանուն սկզբունքի՝ հաճույք, հոգու փառավորություն: Մեր բոլոր ժամանակների հերոսները գիտակցաբար գնացել են զրկանքների հանուն գաղափարի, նրանց հոգիները անմահ են եւ փառավորված՝ սրանի՞ց էլ հաճելի ու բնական հոգու փառավորություն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930