Երեկ Շիրակի մարզի քննչական վարչություն է ուղարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն կատարելու և 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանություն կատարելու հատկանիշներով հարուցված քրեական գործը։
Բանն այն է, որ Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակիչներ՝ 56-ամյա Կ․ Մ․-ն և նրա մայրը՝ 84-ամյա Ց․ Մ․-ն « սուր էկզոգեն» թունավորմամբ, կոմատոզ վիճակով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։
Նրանց վիճակն այնքան վատ է եղել, որ չեն կարողացել ոստիկանությանը բացատություն տալ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն ու պարզվել է, որ նրանց մոտ թունավորում է։
Մայրը, հիվանդանոց տեղափոխվելուց մեկ շաբաթ անց գիտակցության չգալով, մահացել է։
Կարդացեք նաև
Իսկ դուստրը երեք օր առաջ բացատրություն է տվել ոստիկանությանը։ Նա պատմել է, որ ծեր մոր հետ տանը մենակ մնալով ու տեսնելով նրա ցավերը՝ մտածել է մեղմել դրանք, օգնել մորը կյանքին վերջ տալու ու խմեցրել է իրեն հատկացված հոգեմետ դեղեր՝ «Ցիկլոդոլ», «Դիազեպամ», «Հարոպերիդոլ», ընդհանուր թվով՝ 72 դեղահաբ։
Դուստրը՝ 56-ամյա Կ․ Մ․-ն գրանցված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։
Նա մորը հոգեմետ դեղեր տալուց հետո ինքը ևս կյանքին վերջ տալու նպատակով խմել է այդ նույն հոգեմետ դեղերից 102 դեղահաբ ու հայտնվել կոմատոզ վիճակում։
Շիրակի մարզի քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































