Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ հայկական մշակույթի հետ ինձ շատ բան է կապում. Յուրի Մեդյանիկ

Հոկտեմբեր 27,2021 18:18 Share

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին եւ բանդոնեոնահար Յուրի Մեդյանիկը։

Դմիտրի Յաբլոնսկին նաեւ ղեկավարում էր երեկոն։ Ծրագրում հնչեցին Յոզեֆ Հայդնի Թավջութակի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Յաբլոնսկի), Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը եւ Ալեքսեյ Շորի Carpe Diem-ը՝ գրված բայանի և սիմֆոնիկ նվագախմբի համար (մենակատար՝ Յուրի Մեդյանիկ)։

Յուրի Մեդյանիկը նշում է, որ Երեւանում եղել է ավելի քան 20 տարի առաջ եւ ուրախ էր ստանալ «Արմենիա» փառատոնին մասնակցության հրավեր։ «20 տարի անց բոլորովին այլ քաղաք եմ տեսնում։ Հայաստանի եւ հայկական մշակույթի հետ ինձ շատ բան է կապում։ Ես ավարտել եմ Մոսկվայի պետական կոնսերվատորիան, ասպիրանտուրան պրոֆեսոր Արա Բաղդանյանի մոտ։ Իմ կյանքի ընթացքում ինձ միշտ շրջապատում են մտավորական հայեր»,- ասում է երաժիշտը` ավելացնելով, որ մեծ հարգանք է տածում հայկական մշակույթի նկատմամբ եւ այն մարդկանց, որոնք այդ մշակույթի կրողներն են։

Յուրի Մեդյանիկը, խոսելով համերգային ծրագրի մասին, նշեց, որ երբ որոշվեց, որ պետք է կատարի Ալեքսեյ Շորի կոնցերտը, բանդոնեոնի համար գրված հատվածները փոխադրեց բայանի համար. «Եվ ես այդ կոնցերտը կատարելու եմ բայանով։ Իրականում երաժշտությունը դրանից չի տուժել, նույնիսկ նոր փոխադրմամբ կոնցերտը նոր երանգներ է ստացել։ Կարծում եմ՝ մոտ ապագայում բայանահարները կբացահայտեն այս կոնցերտն իրենց համար»։

Այսօր երեկոյան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է գալու աշխարհում մեծ համբավ վայելող թավջութակահար Սթիվեն Իսերլիսը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կազմակերպած փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը։

Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական 5-րդ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 29-ին՝ ներկայացնելով 12 սիմֆոնիկ և 5 կամերային համերգ՝ միջազգային ճանաչում վայելող 17 մենակատարների և 11 դիրիժորների մասնակցությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031