«Արվեստագետների ճակատագրեր» արտահայտությունը սովորաբար վերաբերում է հայտնի արվեստագետների (երաժիշտներ, գրողներ, նկարիչներ) դրամատիկ, երբեմն ողբերգական, բայց միևնույն ժամանակ ներշնչող կյանքի պատմություններին։ Այս թեման հաճախ հանդիպում է գրականության, վավերագրական ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձևաչափով։
Aravot.am-ը ոչ հաճախ, երբեմն առիթի դեպքում, նույնիսկ անառիթ, անդրադառնում է մեր մշակույթի գործիչների ճակատագրերին՝ հոդվածի ձևաչափով։
Այսօրվա մեր զրուցակից-արվեստագետը, որն արդեն շուրջ երեք տասնամյակ է, ինչ ապրում և ստեղծագործում է արտերկրում, միևնույն ժամանակ ծանոթ և անծանոթ է մեզ։ Ծանոթ, քանի որ եղել են ժամանակներ, երբ նրա անունը նույնացվում էր մշակույթի, այս դեպքում՝ դասական երաժշտության հետ, հանդես էր գալիս և՛ որպես ջութակահար, և՛ որպես դիրիժոր, իսկ անծանոթ, քանի որ երաժիշտն արտերկրում ձեռք է բերել նոր մասնագիտություն։ Այդ նորը նույնպես մշակութային է։ Մեր զրուցակիցը Հակոբ Լոգյանն է։
Հիշեցման կարգով որոշ առանցքային դրվագներ ներկայացնենք նրա հայաստանյան շրջանից։ Այսպես. մասնագիտական կրթությունը սկսել է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, շարունակել՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, հետո՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դասախոսների առումով, միանշանակ, բախտը բերել է՝ ջութակահար, պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյան, դիրիժոր, պրոֆեսոր Ռաֆայել Մանգասարյան, այնուհետև՝ աշխարհահռչակ Վալերի Գերգիև։
Կարդացեք նաև
Մասնագիտական գործունեությունը՝ որպես մենակատար, համատեղել է մանկավարժական աշխատանքի հետ՝ ելույթներով տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ (նրա ուսանողներից շատերն այսօր էլ փայլում են համաշխարհային բեմերում)։ 1986 թվականից երաժշտի մոտ սկսվում և իրար հաջորդում են պաշտոնները երևանյան տարբեր նվագախմբերում. սկզբում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես երկրորդ դիրիժոր։
1988-ը Հակոբ Լոգյանի մեծ ձեռքբերումներից էր՝ նա հիմնադրեց Ազգային մանկական սիմֆոնիկ նվագախումբը՝ միևնույն ժամանակ հանդիսանալով վերջինիս գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Ի դեպ, նվագախումբը համերգներ է ունեցել ՄԱԿ-ում և Avery Fisher Hall-ում (ԱՄՆ)։
1980-ականների վերջին ստանձնում է Հայաստանի պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ևս։ 1993 թվականից Հակոբ Լոգյան անունն այլևս չի երևում և ոչ մի հայտագրում, երաժիշտը հայտնվում է Նյու Յորքում։
Այս կապակցությամբ նա հավաստիացրեց հետևյալը. «Առողջ ապրելակերպի համար մարդիկ, ի թիվս այլ բաների, պետք է ունենան լավ հիշողություն և կենտրոնացում։ Իմ հարազատներից մեկի մոտ, հիվանդության պատճառով, այս գործառույթները խախտվել էին։ Ես սկսեցի հետևել և փորձել օգնել նրան՝ հույս ունենալով բարելավել նրա հիշողությունը։ Շուտով, տարիքի հետ մեծանալով, սկսեցի նկատել, որ նմանատիպ բան է կատարվում նաև ինձ հետ։ Տխուր և ողբերգական էր, բայց միևնույն ժամանակ զվարճալի, երբ սկսեցի նկատել, որ մոռացել եմ կարևոր և ոչ այնքան կարևոր բաներ անելու մասին։ Ահա թե ինչպես ինձ մոտ ծագեց միտքը՝ գրել երաժշտություն ու փորձել նկարագրել, թե ի՞նչ է կատարվում դեմենցիայով, Ալցհայմերով, շիզոֆրենիայով, պարզապես միայնակ մարդկանց ուղեղում։ Ի՞նչ է կատարվում ծերացող հիշողության և մտքի հետ»։
Մեր զրուցակիցը կարծում է, որ, օրինակ, իր «Թափառող» սյուիտը սիմֆոնիկ նվագախմբի համար լավ օրինակ է ցույց տալու, թե ինչ է կատարվում ծերացող մտքի հետ, և նշում, թե այդ երկի յուրաքանչյուր վերնագրից՝ «Տխուր, բայց սիրված…», «Երբեք չի մարում…», «Ժամանակը չի ջնջվում…», «Շիլա…», «Հարգանքի տուրք…» հետո դրված երեք կետերը ունկնդրին հնարավորություն կընձեռեն յուրաքանչյուր մասի սեփական ընկալման, երևակայության ու մեկնաբանության համար։
Հավելելով՝ էլ ասաց, թե ԱՄՆ-ում հայտնվելու պատճառը «մինոր լադում» է, և չէր ցանկանա ընթերցողին նման լիցքերով ծանրաբեռնել, պարզապես ստիպված էր ընտանեկան հանգամանքների բերումով հեռանալ հայրենիքից։ «Արտագաղթի տարիներին սկսեցի զբաղվել ստեղծագործական գործունեությամբ, մի քանիսը, այդ թվում՝ «1915», «1988», կատարվել են, իսկ որոշ գործիքային ստեղծագործություններ ընդգրկվել մի շարք մասնագիտական հաստատությունների ուսումնական ծրագրերում»,- նշեց երաժիշտը։
Հետաքրքրությանը՝ ի՞նչ ոճում է հիմնականում ստեղծագործում և մեծ հաշվով՝ ի՞նչ է արտացոլում իր երաժշտությունը, արվեստագետը պատասխանեց. «Երաժշտությունս մելոդիկ է, կարծում եմ՝ հետագայում հնչեցնելուց հետո հանդիսատեսը կհաստատի դա։ Ինչ վերաբերում է, թե ինչ է արտահայտում կամ արտացոլում, վստահաբար կարող եմ բարձրաձայնել, որ արտացոլում է մեր կյանքի տարբեր կողմերն այն իրական աշխարհում, որտեղ ապրում ենք՝ երջանկություն և դժբախտություն, մարդիկ և բարոյականություն, անհատ ու հասարակություն, հեղափոխություն, ողբերգություն, քրիստոնեություն, քաղաքականություն, իշխանության ձգտում, պատերազմ և խաղաղություն, կարեկցանք, բարին ու չարը… չմոռանամ՝ իհարկե սեր, տարբեր հոգեվիճակներով։ Երաժշտությունս հարուստ է ներդաշնակումներով, ռիթմով և համատեղում է տոնալ ու ատոնալ, դասական, ռոմանտիկ և ժամանակակից ոճերը»։
Դիտարկմանը՝ Ձեր նշած ստեղծագործությունների միայն վերնագրերը՝ «1915», «1988», հայերիս համար խոսուն են, պարզից էլ պարզ, բայց կխնդրենք ինչ-ինչ ճանապարհով մեզ հայտնի դարձած «Խաղաղություն ամենեցուն» մեծակտավ ստեղծագործությունը հակիրճ ներկայացնեք։ «Այս Կանտատը բաղկացած է չորս մասից՝ Ծննդոց, Կործանում, Ռեքվիեմ, Վերածնունդ։ Այն մարդկության պատմության նկարագրությունն է՝ հակադրելով պատերազմի սարսափը և Երկրի վրա խաղաղ կյանքի գեղեցկությունը։ Օգտագործելով տեքստեր Աստվածաշնչից, տարբեր հեղինակների գրվածքներից՝ Դիտրիխ Բոնհոֆեր, Վալտեր Սքոտ և այլն, երաժշտության և խոսքի միջոցով՝ երկու հզոր զենքերով, փորձել եմ արտահայտել իմ մտքերը, զգացմունքներս։ Կարճ ասած՝ սա խաղաղության կոչ է»,- ծանոթացրեց մեր զրուցակիցը։
Զրույցի ընթացքում Հակոբ Լոգյանը շնորհակալական խոսք ուղղեց մաեստրո Կարեն Դուրգարյանին՝ չթաքցնելով հուզմունքը, որ 33 տարի ընդմիջումից հետո, իր խոսքերով՝ մաեստրոն առաջինն էր, որն ընդամենը ծանոթանալով ստեղծագործություններիս պարտիտուրներին, իր դրական, հեղինակավոր կարծիքը հայտնեց, որն իսկական մոտիվացիա է ամենամոտ ժամանակներս դրանք հանդիսատեսին ներկայացնելու համար։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ



















































